Ռոզա Հակոբյան. «Մինչև Ազգային  ժողով  դեռ ճանապարհ ունեմ  անցնելու»

Ռոզա Հակոբյանն առաջին անգամ Շիրակի  մարզի Անուշավան  համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2015 թվականին, առաջիկա  ՏԻՄ  ընտրություններում կրկին է առաջադրվել, քանի որ գյուղի զարգացման  հետ  կապված անավարտ  ծրագրեր ունի: Նա համայնքի  մյուս երիտասարդների  նման ցանկանում է Անուշավանը  տեսնել  ծաղկուն ու զարգացած, որպեսզի  աշխատատեղեր  լինեն, տղամարդիկ  հարկադրված  չմեկնեն արտագնա աշխատանքի,  տնտեսության  հոգսը թողնելով  կանանց ուսերին, որպեսզի  երիտասարդների երազանքներն  իրականանան  հայրենի  գյուղում, որպեսզի  գյուղը  բազմանա…

 

Ռոզան ծնվել  և  դաստիարակվել է մանկավարժի  ընտանիքում, դպրոցն ավարտելուց  հետո նախընտրել է  գնալ  մանկավարժ  ծնողների  ճանապարհով և ավարտելով Երևանի Խ.Աբոնյանի անվան  պետական  մանկավարժական  համալսարանը,աշխատանքի է անցել  Անուշավանի  դպրոցում, որպես  պատմության  ուսուցչուհի:

 

Ռոզայի   խոսքով  գյուղում  տարբեր  մասնագիտությունների տեր 100-ից ավելի երիտասարդներ  կան: Թեև  նրանց համար ժամանցային  վայրեր չկան, սակայն երիտասարդները կարողանում են  օրը դարձնել հետաքրքիր: Տարբեր ՀԿ-ների  հետ   համագործակցության  շնորհիվ գյուղի երեխաների  համար  կազմակերպվում են  շախմատի  մրցույթներ,  հեծանվաարշավ,  շաբաթօրյակներ: Երիտասարդական ակտիվ խմբի նախաձեռնությամբ տեղի են ունենում հանդիպումներ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների  հետ, որոնց ընթացքում  քննարկվում են  երիտասարդներին հուզող հարցեր:

 

Ռոզա Հակոբյանի  խոսքով համայնքի  չլուծված  խնդիրը ոռոգման  ջրի  հարցն է: Պատճառը  հարևան  գյուղից եկող ոռոգման ցանցի  բաց  համակարգն է, որի  ճանապարհը  ձգվում է տների  կողքով,  վնասելով առանձնատների  հիմքերը, ջրերը ողողում են նկուղները: Համայանքապետարանի բյուջեից  հատկացված  գումարով հաջորդ  տարի  կսկսվի ոռոգման փակ  համակարգի  կառուցումը:

 

Գյուղի  բնակչության  մի ստվար  հատված ապրում է սոցիալապես անապահով  պայմաններում: Ավագանու անդամ աշխատած  տարիներին Ռոզա Հակոբյանին  հաջողվել է համայանքապետարանի  շնորհիվ  լուծել աշակերտներին  տրամադրվող  դասագրքերի վարձավճարների հարցը,  սոցիալապես անապահով  ընտանիքներին տրամադրվել է   ֆինանսական  աջակցություն:

 

Վերանորոգված  և  բարեկարգված արվեստի  դպրոցն  իսկական  նվեր է  գյուղի երեխաների  համար, ուր  գործում են մի  շարք  խմբակներ:

 

Ռոզան մշտապես  մասնակցել է ավագանու  նիստերին,  հանդես եկել  կրթամշակութային  առաջարկություններով,  որոնք  ներառվել են  համայնքի զարգացման  ծրագրում: Անցած  չորս տարիներին  ավագանու  կազմում Ռոզան  մենակ  չէր, սակայն ավագանու  մյուս կին անդամն այլ  երկիր  տեղափոխվելու նպատակով դուրս եկավ  ավագանու  կազմից: Ու թեև Ռոզան նիստերում  միակ  կին  ավագանին է, սակայն  նա  չի  կաշկանդվում:

 

-Ինձ  համար  ավագանու  աշխատանքը  բարդ չէ,  այդ  աշխատանքի և առհասարակ ավագանու  ինստիտուտի գործունեության  մասին  ծանոթացել եմ  համացանցի  միջոցով, ու  տեղեկանալուց  հետո որոշել եմ առաջադրվել: Ծնողներս  ընդառաջել են  ինձ,  նրանք  հավատացած էին, որ  կկարողանամ աշխատել: Անցած  չորս  տարիների  ընթացքում  ապացուցեցի, որ  կարող եմ, ու ցանկություն ունեմ  առաջադրվել  երկրորդ  անգամ: Կանայք երբեմն  ինձ  դիմում եմ  իրենց  խնդիրներով,  փորձում եմ առաջարկել  լուծման  տարբերակներ: Սակայն պետք է ասեմ, որ  մեր  համայնքի  կանայք ակտիվ չեն քաղաքականության  մեջ  մտնելու առումով, խոսում-զրուցում են ու  վերջ: Որոշել եմ  մտածել ու  գտնել հետաքրքիր զբաղմունք, որպեսզի  կանայք  տանից  դուրս  գալու  հնարավորություն ունենան,-ասում է Ռոզան:

 

Նրա  համոզմամբ գյուղում  իրեն բոլորն են  ճանաչում, ուստի  ընտրվելու  հավանականությունը  մեծ է: Իսկ  ընտրվելու դեպքում  բարձրաձայնելու է Անուշավան-Արթիկ ճանապարհի վերանորոգման  հարցը, որն անբարեկարգ  վիճակում է:   «Գյուղում  տրանսպորտ  չի աշխատում, թեև անկեղծ ասած դրա  կարիքը  չկա, քանի որ գյուղի  հեռավորությունը Գյումրուց  ու Արթիկից մեծ  չէ  և անուշավանցիներն անհրաժեշտության դեպքում  օգտվում են գյուղի  կողքով անցնող ավտոբուսից, սակայն Անուշավան-Արթիկ ճանապարհի  վերանորոգումն օրախնդիր է »,- ասում է Ռոզան:

 

Ռոզա Հայոբյանը դրական է  համարում այն, որ Ազգային  ժողովում կանանց  թիվն  ավելացել է,  որ երիտասարդները  շատ են, ու  իրենց  համարձակ ու  գրագետ առաջարկներով ցանկացած քննարկում  դարձնում են  հետաքրքիր: Բնականաբար,  նա  նույնպես  կցանկանար  լինել  նրանց  շարքերում, թեև  հասկանում է, որ  դեռ  ճանապարհ ունի անցնելու, որ  պետք է շատ աշխատի  իր վրա,  լիովին  տիրապետի  ընտրական  օրենսգրքին ու այլ օրենքներին, հաղթահարի կաշկանդվածությունը, որպեսզի կարողանա բարձր ամբիոնից խոսել իր ծրագրերի  մասին:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 2831

Գլխավոր էջ