«Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն

 

«Որպես սոցիում մենք հակված ենք պահպանել ընտանիքը և հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ անգամ բռնություն կա»,  – այսպիսի եզրակացության են հանգել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կատարված որակական հետազոտության հեղինակները, որն օրերս  ներկայացվել է հանրությանը: Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում և իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում` Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

 

Հետազոտությունը  բացահայտել է    Հայաստանում հիմնական ինստիտուցիոնալ դերակատարների և քաղաքացիների ընկալումները, վերաբերմունքը և գործելակերպերը ընտանեկան բռնության վերաբերյալ: Հետազոտությունն անցկացվել է   13 ֆոկուս խմբերում, որոնցում  ընդգրկված են եղել  135 տղամարդ և կին Երևանից, Շիրակի երկու և Գեղարքունիքի չորս համայնքներից: Բացի այդ, կազմակերպվել են նաև  30 փորձագիտական հարցազրույցներ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ: 

 

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն իր խոսքում նշեց, որ տվյալ հետազոտության նպատակը  բռնության դեպքերի ուսումնասիրությանը չէր , այլ  հանրության շրջանում ընտանեկան  բռնության երևույթի ու դրա պատճառների  վերաբերյալ  ընկալումների բացահայտումն էր:   «Այս հետազոտությունը կարևոր գործիք կդառնա Հայաստանում ընտանեկան  բռնությանը բազմակողմանի արձագանքի արդյունավետությունը  բարձրացնելու համար»,-  ասաց նա:

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Լեյն Ուրբանի խոսքով` ԵՄ-ն աջակցում է նման ծրագրերին ու հետազոտություններին, որովհետև ցանկություն ունեն բռնության դեմ պայքարի գործընթացին իրենց աջակցության հիմքում դնել ապացույցները: Նրա խոսքով, ուսումնասիրությունը գալիս է լրացնելու մի շարք  մինչ այդ կատարված քանակական հետազոտություններ, և սա առաջին որակակական հետազոտությունն է այս մասշտաբների: Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ կանանց դեմ բռնության հարցը շարունակաբար բարձրաձայնվում է Հայաստանում և եթե ունենք համապատասխան ապացույցներ, ապա ավելի հեշտ կլինի գործիքներ գտնել դրա դեմ պայքարելու համար: «Ես հույս ունեմ, որ այս հետազոտությունը կունենա իր կիրառական գործածությունը»,- հավելեց նա:

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը անցնող տարին բեկումնային գնահատեց. «Այս տարին որակական նոր փուլ էր ընտանեկան բռնության երևույթի դեմ պայքարում և նոր փուլ էր նաև այդ երևույթին որակական լուծումներ տալու առումով: Ներկայումս ԱԺ-ում է օրենքի նախագիծը: Այս ուղղությամբ, օրենքները կյանքի կոչելու համար կառավարությունը քայլեր է ձեռնարկում, ծրագրեր իրականացնում, և արդեն իսկ դրական միտումները կարելի է տեսնել»,- նշեց նա: Տիկին Թանաշյանը ընդգծեց, որ բավականին լուրջ փոխվել են հասարակության ընկալումները երևույթի հանդեպ և այսօր մենք չենք խոսում այն մասին` կա ընտանեկան բռնության կա, թե չկա, այլ քննարկում ենք, թե ինչ քայլերով կարելի է այն կանխել. «Այս հետազոտությունը շատ տեղին է իրականացված, որովհետև սրանից կարող ենք քաղել հասարակության կարծիքներն ու կարիքները, որոնց համար անհրաժեշտ են տարատեսակ ծառայություններ: Այսօր արդեն կառավարությունը ներառել է ստանդարտ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը, դրանց շրջանակը, որոնք և’ նախազգուշական բնույթի են, և’ կանխարգելիչ»,- ընդգծեց նա:

 

 

Ի՞նչ է ցույց տվել հետազոտությունը

 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ավագ հետազոտող Քրիստինա Սարգսյանը ներկայացրեց աշխատությունը` նշելով, որ այն, ինչ ասված է հետազոտության մեջ, մասնագետների և ֆոկուս խմբերի մասնակիցների կարծիքներն են, բայց այդուհանդերձ դրանք կարող են թույլ տալ գնահատել իրավիճակը,  թե տարբեր սոցիալական խմբեր ինչպիսի վերաբերմունք ունեն երևույթի նկատմամբ:  Նրա խոսքով,  երևույթի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, ու  եթե մի քանի տարի առաջ այն դիտարկվում էր որպես ներընտանեկան խնդիր, ապա այսօր այն շատերի կողմից դիտարկվում է որպես սոցիալական խնդիր: Իսկ ընտանեկան բռնության դեմ պայքարում  փորձագետները և ոչ փորձագետները կարևորոլ են  զբաղվածության, դաստիրակության, կրթության և իրազեկման դերը:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ բռնության հիմնական զոհ են հանդիսանում կանայք և երեխաները: Եվ միայն տնտեսական բռնության պարագայում որպես զոհ են մատնանշվել նաև տղամարդիկ: Ի դեպ, փորձագետը նշեց, որ թերևս առաջին անգամ հստակ բարձրաձայնվել է հոգեբանական բռնության մասին, ինչը իսկապես նորություն է: Հարցման մասնակիցները հակված են խոսելու հոգեբանական բռնության մասին, ընդ որում` անկախ տարիքից, սոցիալական խմբից կամ բնակության վայրից: Սա նոր երևույթ է և ըստ հարցումների` հոգեբանական բռնությունը որակվել է ավելի ծանր ու ավելի տարածված, քան ֆիզիկական բռնությունը: Անգամ բռնություն վերապրած կանանց ֆոկուս-խմբերում հոգեբանական բռնությունը ավելի ծանր է որակվել, քան ֆիզիկականը:

 

Հատկանշանակ է, որ եթե բռնություն վերապրած կանայք շեշտում են պաշտպանության խնդիրը, ապա անձնական փորձառություն չունեցողները շեշտում են զոհերի զգացմունքները ու զգացմունքային ապրումների մասին: Ընկալումների տարբերությունը նաև այս իմաստով է ակնհայտ: Բռնության ենթարկված կանանց մեծամասնությունը հավատացած է, որ բռնությունն ընտանիքում հնարավոր է կանխել միայն բռնարարին ավելի խիստ ու հետևողական պատասխանատվության ենթարկելով ու այդպիսով փոխելով այն տարածված պատկերացումը, թե բռնությունն ընտանիքում օրենքով պատժելի չէ, քանի որ այն ներընտանեկան խնդիր է:

 

Բոլոր մասնակիցները , առանց բացառության, համոզված են, որ ընտանեկան բռնությունը կանխելու հիմնական խոչընդոտը իրավապահ մարմինների հանդեպ վստահության խնդիրն է. վստահությունը չափազանց ցածր է: Մարզային խմբերում ընտանեկան բռնությունը կանխելու համար առանցքային է համարվում զբաղվածության և հատկապես` տղամարդու զբաղվածության խնդրի լուծումը:

 

Ինչ վերաբերում է միջամտությանը, ապա այս հարցում կարծիքները հակասական են: Բացասական կարծիքի հիմնական պատճառը ընտանիքի արժեքի կարևորումն է` ի հակակշիռ բռնության դեմ անհանդուրժողականության: Երկրորդ պատճառը ֆորմալ ինստիտուտների հանդեպ վստահության ցածր մակարդակն է: Այս հարցում մոտեցումները տարբերվում են նաև ըստ բնակության վայրի. օրինակ, գյուղական համայնքներում հարցվածները նշում են, որ գյուղապետը կարող է մեծ ազդեցություն ունենալ ընտանեկան բռնության դեմ պայքարում: Սակայն թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ միակարծիք են, որ եթե բռնարարը ունի բռնություն գործադրելու վարքագիծ, ապա նրան փոխել գրեթե անհնար է, եթե ինքը դա չցանկանա:

 

Իրազեկվածությունը միակ ոլորտն է, որտեղ հետազոտությունը որոշակի դրական միտումներ ու զարգացումներ է արձանագրել, քանի որ երևույթը այլևս դիտարկվում է որպես սոցիալական խնդիր: Բայց այստեղ կա մի վերապահում՝ միևնույն ժամանակ անհատական մոտեցումը դեռ առկա է: Անբավարար է նաև արձագանքի մեխանիզմների մասին իրազեկվածության մակարդակը, հասանելի ծառայությունների և դրանց մասին տեղեկատվության մատչելիության խնդիր էլ գոյություն ունի: Ըստ այդմ էլ, ունենք իրավիճակ, երբ ոստիկանություն դիմում են միայն ծայրահեղ ծանր դեպքերում: Բռնություն վերապրած կանայք հատկապես կարևորում եմ ոստիկանության կողմից կիրառվող պատժամիջոցների  արդյունավետության խնդիրը: Շեշտվում է, որ ոստիկանությունը չպետք է բռնությունը դադարեցնելու խոստման համար, անգամ եթե դա ուղեկցվում է լացով, բռնարարին ձերբակալելուց անմիջապես հետո նրան ազատ արձակի. «Ամուսինս լացում էր, համոզում, որ էլ էդպիսի բան  չի անի, նրան բաց էին թողնում»,- պատմել է հարցման մասնակիցներից մեկը: Շատ դեպքերում այդ խոստումները ու արցունքները ուղղակի միջոց են ազատվելու և շարունակելու նույն վարքագիծը:

 

Ի դեպ, հեղինակները կարևորում են ոչ միայն ընտանեկան հոգեբանի ինստիտուտի ստեղծումը և պատշաճ միջամտությունը, այլև բռնություն գործադրած անձի հետ ևս հոգեբանական աջակցության աշխատանքներ տանելը, քանի որ ընտանիքից դուրս բերելուց զատ նրա հետ կարևոր է հոգեբանական լուրջ աշխատանք տանել:  

 

Ամփոփելով իր խոսքը, Քրիստինա Սարգսյանը որոշ արդյունքներ առանձնացրեց.

 

«Թեև ընտանեկան բռնության օրենքի նախագծի քննարկումը առաջ քաշեց մեր հասարակության հստակ բևեռացումը, հետազոտության ընթացքում ինձ համար ակնհայտ էր, որ որպես սոցիում մենք հակված ենք պահպանել ընտանիքը և հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ անգամ բռնություն կա: Թեև հոգեբանական բռնությունը մենք համարում ենք ավելի ծանր, սակայն հակված ենք միջամտություն ընկալել միայն ծայրահեղ դեպքերում: Ընտանեկան բռնության արձագանքը շարունակում է մնալ հայեցողական անգամ ֆորմալ ինստիտուտներում և դեռևս չի փոխարինվել ինստիտուցիոնալ մոտեցումով»,- հավելեց ավագ մասնագետը:

 

Նշենք, որ հետազոտության արդյունքները ուղարկվել են նաև Ազգային Ժողովի պատգամավորներին, որպեսզի համապատասխան օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները որակական տվյալներին ևս տիրապետեն:

 

Լիա Խոջոյան

 

Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ

Դիտումների քանակը` 2388

Գլխավոր էջ