Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչ այսօր համաշխարհային տեղահանումների թիվը մնում է ամենաբարձր մակարդակի վրա` տալով աշխարհում տիրող իրավիճակի մասին մի տագնապալի պատկեր և մատնացույց անելով հակամարտությունների լուծմանը և կանխարգելմանը, մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանն ուղղված ջանքերի ձախողումները: Ներկայումս աշխարհում ավելի քան 60 միլիոն բռնի կերպով տեղահանված անձ կա: Աշխարհում առկա մի շարք համաշխարհային թեժ կետերից միայն մեկը` Սիրիայում տիրող հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայաստանի վրա:
Արդեն հինգ տարի է ինչ շարունակվում է այս հակամարտությունը, և չնայած միջազգային հանրության վերսկսած և ընդլայնված ջանքերին, դեռևս չկա խաղաղության տեսլական: Փոխարենը վերջերս Հալեպում տեղի ունեցած մարտական գործողությունները հանգեցրին նոր տառապանքների և զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Սիրիական հակամարտության գոտիներից մարդկանց փախուստը շարունակվում է չնայած անվտանգ գոտի և ավելի խիստ պաշտպանական միջավայր մուտք գործելու մարտահրավերների հետ առերեսմանը: ՀԿ գործընկերները զեկուցել են մոտ 550 կարիքավոր սիրիահայերի մասին, ովքեր աջակցություն են փնտրում Հայաստան հասնելու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները, նրանց ժամանելուն պես, պատրաստ են առաջարկելու նախնական մարդասիրական օգնություն` տրամադրելով բնակարանների վարձի մասնակի փոխհատուցման գումար:
2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը նույնպես պատճառ դարձավ նոր ավերվածությունների, մարդկային տառապանքների և տեղահանության` ներառյալ դեպի Հայաստան: Տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և ծերեր են, որոնցից շատերը շփման գծին հարակից` Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերից են: Նրանցից շատերն ունեն հատուկ կարիքներ, կան հղի կանայք և կերակրող մայրեր, հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդիկ: Տեղահանված ընտանիքների մեծամասնությանը հյուրընկալել են իրենց հարազատները կամ ընկերները, որոնք նույնպես ունեն սոցիալական խնդիրներ: ՄԱԿ ՓԳՀ-ն տպավորված էր համայնքների կողմից ցուցաբերված հյուրընակության բարձր մակարդակով և տեղահանված անձանց նկատմամբ ցուցաբերված աջակցությունից, և այդ առիթով ցանկանում է իր խորին երախտիքը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերել և դեռևս շարունակում են օգնել:
ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ համագործակցելով Միգրացիոն պետական ծառայության և Սոցիալական պաշտպանության միությունների հետ աշխատեցին տեղահանված անձանց ինքնության հաստատման և գրանցման ուղղությամբ: Տեղական իշխանությունների, ՀԿ-ների և կամավորներին օգնությամբ մշակեցին աջակցության ծրագիր, որի շրջանակներում փոքրիկ դրամական աջակցություն տրամադրվեց ԼՂ-ից տեղահանված 400 ընտանիքի (1429 անձ) հրատապ կարիքները հոգալու համար: Հարկ է նշել, որ մեծ թվով տեղահանված անձինք վերադարձել են կամ պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայրեր, և այս առիթով ՄԱԿ ՓԳՀ-ն անհրաժեշտ է համարում շեշտել, որ պետք է հարգել կամավոր վերադարձելիությունը: ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ կապ է պահպանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, որպեսզի ԼՂ վերադառնալուց հետո նրանց աջակցություն տրամադրվի:
ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է նշում, որ 2015թ. Փախստականի համաշխարհային օրվանից հետո էական առաջընթաց է գրանցվել Փախստականների մասին ՀՀ օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ: Փախստականների և ապաստանի մասին օրենքի մեջ կարևոր փոփոխությունները ուժի մեջ են մտել 2016թ. հունվարին: Այժմ կարևոր է համարվում սահուն կերպով անցնել անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը: ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է հայտնում, որ Միգրացիոն պետական ծառայությունը ներգրավվել է ինտեգրման ռազմավարության մշակման գործում: Հատկանշական է, որ ռազմավարության նախագիծը կքննարկվի և կամփոփվի համապատասխան պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի կողմից` նպատակ ունենալով ընդգծել վերջիններիս դերը որպես ռազմավարության համահեղինակ, ներդաշնակեցնելու մոտեցումները, օգտագործելու համագործակցությունը և ձեռք բերել դոնորների աջակցությունը: ՄԱԿ ՓԳՀ-ն ի սկզբանե աջակցել է նախաձեռնությանը և պատրաստ է աջակցելու խորհրդատվական և ամփոփման գործընթացին: ՄԱԿ ՓԳՀ-ն մտահոգված է, որ երկրի անվտանգության նկատմամբ ցուցաբերվող հասկանալի ուշադրությունը հանգեցրել է ապաստան հայցող ոչ քրիստոնյա անձանց երկարաժամկետ կալանավորմանը: ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում իշխանություններին օրինական անվտանգության խնդիրները լուծելիս այն համաձայնեցնել փախստականների մասին միջազգային օրենքի, ինչպես նաև մարդու իրավունքների մասին տեղական և միջազգային օրենքների հետ:
Փխստականի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիրվիրթը ընդգծեց – «Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փախստականներն իրենց կարգավիճակի նկատմամբ փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն»: Նա մասնավորապես նշեց ինտեգրման մարտահրավերների մասին, որոնց բախվում են ազգությամբ ոչ հայ փախստականները, հատկապես աֆրիկյան ծագմամբ: Այս առումով շատ դիպուկ է հնչում Փախստականի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսը՝ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին»: Նա ավելացրեց, որ «Աջակցելու, համերաշխությունն արտահայտելու, փախստականների կողքին կանգնելու ուղիները բազմաթիվ են և իրենց շարքերում են ներառում այն ընտանիքներին ովքեր հյուրընկալում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրենց բարեկամներին, այն հարևանին է, ով հարևանությամբ բնակվող Սիրիայից կամ մեկ այլ երկրից տեղահանված փախստական ընտանիքին օգնության ձեռք է մեկնում, այն բարերարին, ով անվճար կամ ցածր վարձակալության վճարով տրամադրում է իր բնակարանը, այն ուսանողին է, ով ուղղորդում է իր սիրիահայ համակուրսեցուն հայաստանյան կրթական հաստատությունների «լաբիրինթով», ՀԿ-ների այն ակտիվիստներին, դպրոցների ուսուցիչներին ու տնօրեններին, ովքեր դյուրացնում են տեղահանված երեխաների մուտքը դպրոց, նրանց ոքվեր մեծ և փոքր նվիրատվություններ են կատարում փախստականների կարիքները հոգացող ՀԿ-ներին»: Պրն. Բիրվիրթն իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր ներգրավվածներին և կոչ արեց, որ «Յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով և միջոցներով» շարունակի մարդասիրական ներգրավվածությունը չսահմանափակելով ստեղծարարությունը:
ԶԼՄ-ների կարևորությունը փոխըմբռնման միջավայրի ստեղծման և ինտեգրման նպաստման գործում չի կարող թերագնահատվել: Չնայած, օրենքները, ընթացակարգերը և աջակցության մեխանիզմները կարևոր են, սակայն հյուրընկալ հասարակության ընկալման ունակությունն է, որ ստիպում է փախստականին ջերմորեն ընդունված զգալ և գտնել իր նոր տունը:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչություն
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»
« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր
«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»
Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները
Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 3200