«Մեզ համար ռազմավարական խնդիր է կանանց ներուժի ամբողջական ներգրավումը»
Այսօր՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։ Ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետը հատուկ շեշտադրել է երկրի զարգացման գործընթացներում կանանց ներուժի լիարժեք ներգրավման անհրաժեշտությունը:
«Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է՝ հասկանալու համար՝ ուր ենք գնում, ինչ ենք ուզում և ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանն 2050-ին», – ասել է վարչապետը՝ նշելով, որ այս պահից սկսած՝ Կառավարության ցանկացած որոշում պետք է միտված լինի այդ տեսլականի իրագործմանը:
«Մենք ձևակերպում և բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը եթե մի քիչ ավելի ոչ պաշտոնական ձևով ասելու լինենք, գուցե կարելի է ձևակերպել նաև որպես երազանք», – ասել է նա, նշելով, որ ռազմավարությունն ենթադրում է ոչ միայն կանոնակարգերի, օրենքների փոփոխություն, այլև խորքային առումով փոփոխություն հանրության շրջանում:
Ն. Փաշինյան.
«Կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում»
Ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետը առանձնացրեց 4 առաջնորդող արժեքներ՝ հայոց պետականություն, կրթություն, անհատ, աշխատանք։
Վարչապետի ներկայացմամբ, ռազմավարության հիմքում դրված են ազգային նպատակները, այդ թվում հայկական պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության արժևորումը, հայ ժողովրդի ազգային, պետական ինքնության, պահպանումն ու զարգացումը և համահայկական ներուժի համախմբումը։
Համահայկական ներուժի համախմբման համատեքստում, վարչապետն անդրադարձել է նաև ազգային, պետական խնդիրների լուծման գործում կանանց և տղամարդկանց ներուժի հավասար ներգրավման խնդրին.
«Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, բայց բազմաթիվ հանգամանքների բերումով այսօր ՀՀ-ում կանանց ներուժը բոլոր ոլորտներում ամբողջական ներառված չէ և դրված չէ հանրության և պետության զարգացման հիմքում՝ սկսած Զինված ուժերից, շարունակած տնտեսությամբ և պետական կառավարման համակարգով։ Համահայկական ներուժի համախմբման ներքո պետք է հասկանանք ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլև հայության այն սեգմենտներին, մասնավորապես, կանանց, որոնց ներուժն ամբողջապես ներառելու հնարավորություն կա, բայց ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային համաձայնություն չկան։ Բոլոր ոլորտներում մենք կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում, և մեզ համար ռազմավարական խնդիր է այդ ներուժի ամբողջական ներգրավումը»։
Եզրափակելով, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան2050 կայք կունենանք, որը կդառնա նաև ռազմավարության շուրջ աշխատանքային հարթակ քննարկումների, առաջարկների, քննադատությունների համար։ Նա նաև նշել է, որ այսուհետ որևէ պետական մարմնի որևէ որոշում պետք է տրամաբանական և գործնական կապ ունենա ներկայացված ռազմավարության հետ:
Ա.Հակոբյան.
«Ազատ և անկախ Հայաստանի ուժը ոչ միայն նրա ազատ ու անկախ, քաջ և խիզախ որդիներն են այլև, դուստրերը»
Երկրի զարգացման գործընթացներում կանանց մասնակցությանն է անդրադարձ կատարել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր Անկախության տոնի առթիվ շնորհավորական խոսքում:
«Այսօր մեր հասարակության մեծամասնությունը կազմում են կանայք, և, ցավոք, նրանցից շատերն ամեն օր անհաղթահարելի թվացող կարծրատիպեր են կոտրում իրենք նախընտրած մասնագիտությամբ աշխատելու, արժանապատիվ կյանքով ապրելու, տարբեր իրավիճակներում իրենց ու իրենց երեխաների իրավունքները պաշտպանելու, քաղաքացիական գիտակցություն դրսևորելու կամ պետության ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու համար: Ազատ և անկախ Հայաստանի ուժը ոչ միայն նրա ազատ ու անկախ, քաջ և խիզախ որդիներն են այլև, դուստրերը, որոնք կարող են լինել նույնքան քաջ և խիզախ, միևնույն ժամանակ արժանապատիվ և խոնարհ մայր, քույր, կին ընտանիքներում և քաղաքացի՝ իրենց երկրում», – ասված է Աննա Հակոբյանի ուղերձում:
Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը
Դիտումների քանակը` 1197