Քաղաքական կուրությունն ինչպես որ կա…
Վերջերս «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն ֆեյսբուքյան տիրույթում անցկացրել է առցանց հարցում՝ «Կանանց ներգրավվածությունը կառավարությունում» թեմայով: Արդյունքները ներկայացվեցին երեկ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Կանայք նոր կառավարությունում և քաղաքական գործընթացներում» թեմայով քննարկման ընթացքում:
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ անդամ Դերենիկ Մալխասյանի խոսքով, նման հարցում անցկացնելու առիթ էր հանդիսացել գործադիր մարմնում կանանց ակնհայտ ցածր ներկայացվածության փաստը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 21 անդամներից՝ վարչապետ, 3 փոխվարչապետ, 17 նախարար միայն երկուսն են կանայք՝ նախարարի պաշտոնում»: Չնայած դրան հարցման մասնակիցների 53 տոկոսը` բավարար կամ ավելի քան բավարար է համարել գործադիրում կանանց ընդգրկվածության ցուցանիշը:
Հարցվածների 53 %-ը համարում է, որ 2 կին կառավարության կազմում բավարար է
Հարցը հետևյալն է՝ «Ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության կազմում կանանց ներգրավվածության աստիճանը»: Հնարավոր պատասխաններն են եղել՝ անբավարար, բավարար, ավելի քան բավարար: Հարցման արդյունքում բավականին հետաքրքիր պատկեր է արձանագրվել:
Դերենիկ Մալխասյանի ներկայացմամբ, ֆեյսբուքյան 2560 օգտատեր այցելել է հարցման հարթակ, սակայն հարցերին պատասխանել է նրանց 34 տոկոսը կամ 870 օգտատեր: Նրանց 47%-ը կամ 408 մասնակից ասել է՝ անբավարար է, այսինքն ավելի շատ պետք է լինի, իսկ 53 %-ը գնահատել են բավարար ու ավելի քան բավարար: Մասնավորապես, 31%-ը համարել է բավարար, 22%-ը ՝ ավելի քան բավարար: Այսինքն, հարցման մասնակիցների մեծամասնությունը նորմալ են համարում կանանց նման ցածր ներգրավվածությունը գերծադիր մարմնում:
Նշենք, որ արդյունքներն իրականում մտահոգիչ են, քանի որ մինչ այդ հանրապետությունում կատարված գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումները փաստում էին, որ հասարակական կարծիքը որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության վերաբերյալ ավելի առաջադեմ է, քան իրականությունը կամ քաղաքական ուժերի դիրքորոշումները:
Ավելին, քաղաքական գործընթացներում կանանց նկատմամբ խտրականությունը ոչ միայն տեսանելի էր հարցվածների մեծամասնության համար, այլ նրանց գերակշռող մասն անհրաժեշտ էր համարում շտկել իրավիճակը քվոտավորման միջոցով:
Հերթ կանգնելու մշակույթն ավելի կարևո՞ր է քան գենդերային հավասարության խնդիրը
Ֆեյբուքյան հարցումները սոցիոլոգիական պահանջներին անշուշտ չեն բավարարում և այս առումով վերընշված հարցումը ներկայացուցչական համարվել չի կարող, սակայն հատկապես հեղափոխության ալիքի վրա սպասելի էր , որ հենց ֆեյբուքյան լսարանը պետք է որ ավելի առաջադեմ գտնվեր քան ողջ հասարակությունը: Ինչու այդ սպասելիքները չարդարացան դժվար է ասել, սակայն երևի թե պետք է հաշվի առնել, որ ֆեյսբուքյան հանրությունն այս պահին յուրահատուկ վերաբերմունք ունի նոր իշխանության նկատմամբ և պատրաստ չէ քննադատաբար մոտենալ նրան՝ տեղավորվելով Փաշինյանի ու նրա ձևավորած կառավարության հասցեին «ոչ մի թթու խոսք» տրամաբանության մեջ: Ցանկացած քննադատություն «հակահարված» է ստանում «թողեք աշխատեն» հիմնավորմամբ, ինչը սակայն արդարացնող փաստարկ չի կարող հանդիսանալ թերացումներն ու խնդիրները ի սկզբանե մատնանշելու անհրաժեշտության տեսակետից: Դա վերաբերվում է նաև նոր կառավարության կողմից ներկայացված ծրագրին, որում խոսք անգամ չկա կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության մասին: Ստացվում է, որ օրենքի առջև հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ավելի կարևոր է հիշատակել կառավարության ծրագրում հերթ կանգնելու մշակույթի ձևավորման քան գենդերային հավասարության խնդիրը: Նման մոտեցման արդյունքում ռեալ վտանգ կա անտեսելու կանանց մասնակցությունն ու առաջընթացն ապահովող հատուկ քաղաքականության անհրաժեշտությունը:
«Կապ չունի կին է, թե տղամարդ» միշտ աշխատում է միայն տղամարդկանց օգտին
Վերադառնանք սակայն հարցման արդյունքների շուրջ տեղի ունեցած քննարկմանը: Մասնավորապես, արդյունքները ներկայացնելիս Դ. Մալխասյանը նշեց, որ հարցման ներքո եղած գրառումների հիմնական մասը մեկ հիմնավորման շրջանակում էին. «կապ չունի կին է, թե տղամարդը, կարևորը, որ պրոֆեսիոնալ լինի»: Նկատենք սակայն, որ զարմանալի կերպով «կապ չունի կին է, թե տղամարդ» հիմնավորումը միշտ աշխատում է միայն տղամարդկանց օգտին՝ անկախ կանանց կրթական ցենզից և մասնագիտական ունակություններից: Արդյունքում 1991 թվականից երկրի բարձրագույն ղեկավարության կազմում՝ նախագահի, վարչապետի պաշտոնում կանայք չեն եղել, իսկ նախարարի պաշտոն են զբաղեցրել ընդամենը յոթ կին գործիչներ: Ինչ վերաբերում է խորհրդարանում կանանց ներկայացվածությանը, ապա այստեղ կին պատգամավորների թիվը սկսել է աճել միայն 2007 թվականից, այն էլ քվոտաների շնորհիվ, ընդ որում ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 6-րդ գումարման Ազգային ժողովում՝ հասնելով 17 տոկոսի:
«Այն ուղերձը, որը պետք է փոխեր հանրային գիտակցությունը, այդպես էլ չհնչեց»
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցման արդյունքներին, կարծիք հայտնեց, որ իներցիոն վիճակը շարունակվում է, քանի որ շատ հստակ ուղերձ այդպես էլ չհնչեց, իսկ այն պատուհանը, որ կարծես թե բացվեց հեղափոխության ակցիաներին կանանց ակտիվ մասնակցության շնորհիվ և վարչապետի՝ խորհրդարանում հայտարարությունից հետո, այդպես էլ մնաց կիսաբաց. կանանց դերի մասին պատկերացումներում հեղափոխություն անելու պատրաստակամություն չեղավ: «Այն պատկերացումները, որ կինը չպետք է լինի հանրային կյանքում, շարունակվում է նաև հեղափոխությունից հետո: Այդ տեսանկյունից, կարծում եմ, որ շատ մեծ գործ ուներ անելու նոր ձևավորած կառավարությունը, այն ուղերձը, որը պետք է փոխեր հանրային գիտակցությունը, այդպես էլ չհնչեց»»,- քննարկման ժամանակ ասաց Զ. Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ու դրանից հետո բալանսը կպահպանվի:
Քաղաքագետ Իրինա Ղափլանյանին հարցման արդյունքները չեն զարմացրել, քանի որ գործող կարծրատիպերի պարագայում դա միայն հետևանք է: Նա համարում է՝ հեղափոխությունը նոր է սկսել: «Քաղաքական հեղափոխությունը դուռ է բացել հետագա մշակութային հեղափոխության համար: Այս կառավարությունը ժամանակավոր է, ու նման ազդակներ եղել են կառավարությունից: Հույսեր եմ փայփայում, որ նոր ԱԺ-ում, հետագա գործադիրում կանայք ներգրաված կլինեն արժանի կերպով, »,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցման նման արդյունքների պատճառներին, ապա քաղաքագետը նշեց, առաջին հերթին հայրիշխանության հետ կապված բարդույթը, ապա կոռուպցիան: «Քաղաքական ոլորտը դիտարկվում է որպես կոռուպցիոն, կեղտոտ ոլորտ: Հենց հայրիշախանական և պահպանողական կարծրատիպերից ելնելով՝ կինը չպետք է մտնի այդ ոլորտում: Ես զարմացած չեմ հարցման արձագանքից»,- ասաց նա՝ նշելով, որ փաստորեն հասարակական պահանջ չկա կանանց ներգրավվածությունը տեսնելու քաղաքական ոլորտում: Դա բխում է կարծրատիպից, որ որոշում կայացողը տղամարդիկ են, կատարողը կանայք, մինչդեռ բոլոր նախադրյալները կան իրավիճակը փոխելու համար: Դրան պետք է նպաստեն նաև օրենսդրական փոփոխությունները:
«Խնդիրը քաղաքական ուժերի մեջ է»
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը փոքրիկ հարցման մեջ խոսուն թվեր է տեսնում: Ինչպես ցույց են տվել կենտրոնի կողմից նախկինում անցկացված հարցումների արդյունքները՝ խնդիրը քաղաքական ուժերի մեջ է: «Այս մոտեցումն առկա է նաև կուսակցություններում: Նախորդ տարի անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որևէ կուսակցություն չունի գենդերային հարցերին վերաբերող ռազմավարություն, թե ինչպես են պլանավորում ներգրավել կանանց»,- նկատեց նա: Կանանց քաղաքական մասնակցության հանդեպ նրանց դիրքորոշումները Շահնազարյանը մի քանի տիպերի է բաժանում՝ ծայրահեղացված, երբ ուղղակի ասում են՝ կանանց հարգում ենք, սիրում ենք , մարտի 8-ն ենք շնորհավորում, միջին մի տարբերակ, երբ կանայք իրենք են պասիվ, չեն ուզում մասնակցեն գործընթացներին, իներտ են, և վերջապես՝ երբ ընդունում են, որ կուսակցությունները պետք է պրոակտիվ լինեն, գտնեն այդ կանանց: «Բայց ասում են՝ ցուցակ տվեք: Սա վիրավորական է, երբ կանանց անունների ցուցակ վերցնեն, սկսեն ընտրել նրանց մեջից»,-ասաց նա, նշելով, որ քաղաքական ուժերի դիրքորոշումների վերափոխումը լուրջ ու երկրատև աշխատանք է պահանջում:
Քննարկման մեկ այլ մասնակից «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս հարցում իշխանությունը պետք է առաջամարտիկի դեր ստանձնի՝ հաշվի առնելով միջազգային փորձը: «Սա այն հարցը չէ, որտեղ պետք է առաջնորդվել կոնսերվատիվ մեծամասնության կարծիքով, կա համաշխարհային փորձ և այդ փորձը պետք է կիրառել Հայաստանում»,-ասաց նա՝ մատնանշելով զարգացած սկանդինավյան երկրների փորձը, որտեղ քաղաքականության ու այլ ոլորտներում գենդերային հավասարության ձգտում և հասնում են տարբեր միջոցներով, այդ թվում քվոտավորման միջոցով:
«Եթե կուսակցությունը չի ստեղծում այնպիսի նախադրյալներ, որպեսզի կանայք պաշտոններ զբաղեցնեն հենց կուսակցության ներսում, ապա գալով իշխանության բախվելու են մի խնդրի, երբ ապագա պաշտոնյաներին փնտրելով յուրայինների մեջ՝ այնտեղ չեն գտնի կանանց, որովհետև ժամանակին կանանց տեղ չեն հատկացրել: Բացարձակ անհիմն է այն միտքը, որ կանայք ակտիվ չեն ու պատրաստ չեն ստանձնել պատասխանատվություն՝ օրինակը հասարակական ու լրագրության ոլորտներն են, որտեղ բազմաթիվ են համարձակ, նախաձեռնող կանայք: Քաղաքական կուրություն է ասել, որ նման կանայք չկան»,-ասաց Ա. Ղարիբյանը:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2140