Աղքատության դեմքը Հայաստանում
Լուսանակարը՝ Լիլիան Գալստյանի
Աղքատ է յուրաքանչյուր երրորդը
Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության վերջին տվյալների 2016թ.-ին Հայաստանում աղքատ է 880 հազար մարդ, նրանցից 241 հազարը շատ աղքատ են, 54 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Տոկոսային հարաբերությամբ ՝ 29.4% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.8 %-ը ծայրահեղ աղքատ է, 8.0%-ը` շատ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է:
Ովքեր են աղքատ համարվում
2016թ.-ին աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին`ընդհանուր գծից՝ 40 867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար):
Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին` ընդհանուր գծից՝ 33 418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար):
Ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, որը 2016-ին կազմել է 23 313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար):
Կանայք ավելի աղքատ են
Հայաստանի աղքատ բնակչության 56.6 տոկոսը կանայք են, 43.4 տոկոսը՝ տղամարդիկ: Կանանցից աղքատ են 30.2 տոկոսը, տղամարդկանցից՝ 28.5 տոկոսը: Կանանց 2 տոկոսը ծայրահեղ աղքատ են, տղամարդկանց՝ 1.6 տոկոսը:
Ծայրահեղ աղքատների մեծ մասն ապրում է քաղաքներում
2016թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունը ըստ քաղաքային (28.8%) և գյուղական բնակավայրերի (30.4%) փոքր է: Սակայն, աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (24.9%) և երկրի այլ քաղաքներում (33.2%) մեծ է: Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է և այն 1.3 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Ծայրահեղ աղքատ բնակչության մեծամասնությունը (70.6%) ՝ քաղաքաբնակներ են:
Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը կամ մարզի բնակչության մոտ կեսը: Ծայրահեղ աղքատության մակարդակն առավել բարձր է Շիրակի (3.7%), Լոռու (2.7%), ինչպես նաև Տավուշի մարզում և քաղաք Երևանում (1.9%):
Մանկական աղքատություն
2016թ-ին մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ: 2016թ.-ի տվյալները ցույց են տալիս մանկական աղքատության տարբերություններն ըստ սեռի. աղքատ է աղջիկների 36.1 և տղաների՝ 32.4%-ը:
Մինչև 5 տարեկան երեխաների 1.7 %-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 33.7 %-ը` աղքատության մեջ: 15-17 տարեկան երեխաների շրջանում, աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:
Քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.1%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 1.9%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը, համապատասխանաբար 33.1%՝ 36.0%-ի համեմատ:
Անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 56% և ծայրահեղ աղքատ երեխաների 48%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 44%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 36 և ծայրահեղ աղքատ երեխաների 42%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 31%-ի համեմատ:
Աղքատության ռիսկը մեծանում է, եթե…
Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է: Աղքատության հարաբերական ռիսկն աճում է տնային տնտեսության չափին զուգահեռ: Բազմանդամ ընտանիքներում կախվածության գործակիցը հանդիսանում է աղքատությունը բացատրող կարևորագույն գործոն: Բազմանդամ տնային տնտեսություններն ունեն ավելի շատ երեխաներ, ուստի և փոքր տնային տնտեսությունների համեմատ` եկամուտ ստացողների ավելի ցածր մասնաբաժին, որն էլ հանգեցնում է նրանց սպառման ցածր մակարդակի:
Այսպես, 7 և ավելի անդամ ունեցող ընտանիքիների 3.8 տոկոսը ծայրահեղ աղքատ են, 43.3 տոկոսը՝ աղքատ: Համեմատության համար նշենք, որ երեք անդամից բաղկացած ընտանիքների 1.2 տոկոսն են ծայրահեղ աղքատ, 21.6 տոկոսը՝ աղքատ են:
Միայն տարեցներից բաղկացած տնային տնտեսության աղքատության մակարդակը 28%-ով ցածր է միջին հանրապետական մակարդակից: Այն տնային տնտեսությունը, որը բաղկացած է երկու չափահաս անդամից և երկու մինչև 6 տարեկան երեխայից, աղքատության ռիսկը բարձր է, քան հանրապետական միջին ռիսկն է:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններ
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների (դրանք հանրապետությունում 33% -են կազմում )աղքատության մակարդակը ավելի բարձր է (33,4%) տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների համեմատ (28%):
Միջին հանրապետական մակարդակի համեմատ` մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ (1.4 անգամ) ռիսկ ունեն:
Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է, նրանց 35.4%-ն է աղքատ, իսկ 11.0%-ը`ծայրահեղ աղքատ:
Բարձրագույն կրթությամբ աղքատները
Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է, թեպետ , ընդհանուր առմամբ, նրանց աղքատության փաստը նոնսենս է: Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է` այն մոտ 1.7 անգամ ցածր է 16-ից բարձր տարիքի բնակչության միջին հանրապետական աղքատության մակարդակից:
Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում այլ կրթության մակարդակ ունեցողների համեմատ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2008թ.-ին: Սակայն 2016թ.-ին աղքատության մակարդակը բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում ավելի բարձր է, քան 2008թ.-ին: Միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (51%): 16-ից բարձր տարիքի բնակչության կազմում, այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս:
Չաշխատող աղքատները
Աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը 2016թ.-ին կազմել է 35.8: Նույն ժամանակահատվածում աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 3.7%:
Աղքատները աղքատանում, հարուստները՝ հարստանում
2008-2016 թվականների ընթացքում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի և ըստ սպառման ցուցանիշի, ավելացել է:
Աղքատների միայն կեսն է օգտվում նպաստներից
ԱՎԾ տվյալներով, 2016թ.-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 24.0%-ը ստացել է ընտանեկան նպաստ, այդ թվում` ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 34.7%-ը, ծայրահեղ աղքատների` 50.3%-ը և ոչ աղքատների` 18.5%-ը:
Աղքատության հաղթահարման համար պետք է 63.2 մլրդ դրամ
Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին:
Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.03 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն:
Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 5941