Աղքատության մանկական դեմքը/ տեսահոլովակ
Հայաստանում 2015 թ.–ին մինչև 18 տարեկան երեխաների 33.7%-ն ապրում է աղքատության, իսկ 2.5%-ն ` ծայրահեղ աղքատության մեջ, այն դեպքում երբ աղքատ և ծայրահեղ աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 29.8 և 2 %-ը, փաստում է ԱՎԾ–ի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը:
Զեկույցը փաստում է , որ երեխաները շատ ավելի խոցելի են և´ ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը: Այն երեխաների շրջանում, որոնց ընտանիքներում գլխավորն աշխատում է, աղքատությունը կազմում է 29.3%` չաշխատողների 39.7%-ի համեմատ: Հարկ է նշել, որ, ըստ հետազոտության, բոլոր երեխաների 42%-ն ապրում է տնային տնտեսություններում, որի գլխավորը չի աշխատում:
Զեկույցի մեջ, մասնավորապես, մատնանշված են հետևյալ փաստերը.
- 2015թ.-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 23.4%-ը ստացել է ընտանեկան նպաստ, այդ թվում` ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 22.0%-ը, ծայրահեղ աղքատների` 35.8%-ը և ոչ աղքատների` 16.6%-ը:
- Մանկական աղքատության տարբերվում է ըստ սեռի. աղքատ է աղջիկների 35.6 և տղաների՝ 32.2%-ը (բոլոր երեխաների 33.7%-ը): Քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.8%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2.2%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը քաղաքում 32.2% է , գյուղում ՝ 36.0%:
- Մանկական աղքատության ցուցանիշ ներն էապես տատանվում են` կախված ընտանիքում երեխաների թվից: Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46.7%-ը (բոլոր երեխաների մեջ 33.7%-ի համեմատ), իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.9%-ը (բոլոր երեխաների 2.5 %-ի համեմատ):
- Տարիքով ավելի փոքր երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր: Նշված ընտանիքներում աղքատ է երեխաների 37.4 %-ը, մինչդեռ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 6-14 տարեկան է, աղքատ է երեխաների 30.3%-ը:
- Մեկ կամ ավելի հաշմանդամությամբ երեխա ունեցող տնային տնտեսություններում աղքատության և ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Չնայած որ երեխաների ընդամենը 1,3 %-ն ունի հաշմանդամություն, նրանց 46.2%-ն աղքատ է, իսկ 11.1%-ը՝ ծայրահեղ աղքատ: Այդպիսի երեխաներն աղքատ երեխաների թվում կազմել են 1,8% , ընդ որում` աղքատության գծից նրանց միջին շեղումը (խորությունը) կազմել է 12%:
- Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (25.3%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 40.2%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.5%:
- Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (38.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (31.8%):
- Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակն ավելի բարձր է: Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն (65.3%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (50.2%), միջնակարգ կրթություն (37.4%), միջին մասնագիտական կրթություն (27.6%), համեմատ այն երեխաների, որոնք բնակվում են այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ գլխավորն ունի բարձրագույն կրթություն (17.7%):
- Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնք բնակվում են կրթություն չունեցողի կամ միայն տարրական կրթություն ունեցողի գլխավորությամբ տնային տնտեսություններում:
- Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր `0.0%-ից (Արագածոտնի մարզ) մինչև ամենաբարձր` 5.8% (Շիրակի մարզ): Նմանատիպ միտում է նկատվում նաև երեխաների աղքատության ընդհանուր մակարդակի առումով: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է` 14.0%, իսկ ամենաբարձրը Շիրակի մարզում է՝ 55.8%:
- Աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների կացարանային ավելի վատ պայմաններում ապրելու հավանականությունը բարձր է, նրանք ավելի հաճախ են զրկված են այնպիսի կացարանային հարմարություններից,ինչպիսիք են` խոհանոցը, լոգարանը կամ ցնցուղը, հոսող տաք ջուրը, կենտրոնացված գազամատակարարումը: Օրինակ, անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 52% և ծայրահեղ աղքատ երեխաների 76%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 42%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 34% և ծայրահեղ աղքատ երեխաների 45%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 27%-ի համեմատ:
Զեկույցի շրջանակում ներկայացված են նաև 2015-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ անցկացված «Երեխաների կարիքները» հետազոտության արդյունքները: Երեխաների կարիքների դիտարկումը մանկական աղքատության չափման մեկ այլ եղանակ է: Այն դիտարկում է աղքատությունը սոցիալական և մշակութային տեսանկյունից, որը կարող է ավելի շատ ազդել երեխաների զարգացման վրա, քան նյութական կարիքները: Այս դեպքում էլ աղքատ եւ ծայրահեղ աղքատ երեխաները շատ ավելի խոցելի են, քան ոչ աղքատները:
Կարիքավորության մեջ է ապրում երեխաների ընդհանուր թվաքանակի 44 տոկոսը: Աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների թվում նյութական կարիքավորությունն ավելի բարձր է և կազմում է համապատասխանաբար` 69.6 և 93.5 տոկոսը: Ոչ նյութական կարիքավորության ցուցանիշներն աղքատ երեխաների շրջանում առավել քան մտահոգիչ են, քանի որ այդ երեխաները զրկված զարգացման համար անհրաժեշտ տարրական պայմաններից:
Հիշեցնենք, որ մանկական աղքատության և կարիքավորության մասին տվյալներն առավել մանրամասն ներկայացված են եղել վերջերս հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԱՎԾ-ի զեկույցում Հայաստանում մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ , ըստ որի եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա կարիքավոր է յուրաքանչյուր երկրորդը: Կարիքների թվում հաշվի են առնվել ՝ սնուցումը, վաղ մանկական կրթությունն ու խնամքը, կրթությունը, ժամանցը, սոցիալական փոխհարաբերությունները, հագուստի առկայությունը, տեղեկատվությունը, կոմունալ և տնային պայմանները: Ըստ արդյունքների, գյուղական բնակավայրերում երեխաների բազմամչափ խոցելիությունը հասնում է 82 տոկոսի, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53 տոկոս: Ազգային մակարդակում երեխաների միայն 12 տոկոսն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը:
Դիտեք CivilNet TV –ի հոլովակը այդ զեկույցի շուրջ .
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աղքատությունը թվերով. կանայք ավելի աղքատ են քան տղամարդիկ
Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ
«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
Տատս, աղքատությունը, սովն ու պատերազմը
Դպրոց չհաճախող երեխաներ. Աշխարհում և Հայաստանում
Հայաստանում ծանր աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի
ՅՈՒՆԻՍԵՖ. Անհավասարության պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են մահանալ մինչև 5 տարին լրանալը
Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ
Ծայրահեղ աղքատների կեսից ավելին նպաստ չեն ստանում
Աղքատության դեմքը. երբ աշխատում են, բայց աղքատ են…
Դիտումների քանակը` 3117