Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության խորհուրդները

Հանգստյան օրերին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում թեժ քննարկումներ էին սկսվել ՀՀ ոստիկանության պաշտոնական էջում հրապարակված «կանացի  անվտանգությանը»  վերաբերող խորհուրդների շուրջ :  Այդ խորհուրդները քաղաքացիներից շատերին դուր չեն եկել, ոմանք էլ փորձել են  բացահայտել, թե  ինչ է «թաքնված» այդ խորհուրդների հետեւում:  «WomenNet.am»-ը ներկայացնում է քաղաքացիների կարծիքները: Ի դեպ, մեր զրուցակիցները զարմանք են հայտնել «կանացի անվտանգություն» բառակապակցության առիթով , նշելով, որ  խոսքը  այնուամենայնիվ «կանանց անվտանգության» մասին է… 

 

 

Անուշ Խաչատրյան. «Ոստիկանության նմանօրինակ տեքստերը, փոխանակ մեկ անգամ ևս նշելու, որ բռնությունը քրեորեն պատժելի է ու արդարացում չունի, ամրապնդում են առկա կարծրատիպերը առ այն, որ կանայք իրենք են հրահրում բռնությունը՝ հագուկապով, վարսահարդարմամբ կամ վարքագծով: Ցավոք ոչ պրոֆեսոնիալ մոտեցում է ՀՀ ոստիկանության կողմից՝ առավել ևս հասարակության կողմից առանց այդ էլ ոչ միանշանակ ընկալվող էնպիսի թեմայի շուրջ, ինչպիսին սեռական բռնությունն է»:

 

 

Վահե Գեւորգյան. «Բացասական կարծիք ունեմ խորհուրդների ձեւակերպումների վերաբերյալ: Դուրս ա գալիս, որ եթե կնոջը բռնաբարում են, ուրեմն ինքն ա մեղավոր, որովհետև կարճ շրջազգեստ ա հագել: Ոստիկանության գործառույթի մեջ հաստատ չի մտնում, խորհուրդ տալ կնոջը ինչ հագնի, ամբողջ մեղքը բարդում են կնոջ վրա»:

 

 

Դավիթ Ասատրյան. «Իմ կարծիքով` վատ խորհուրդներ չէին իրականում, մենակ մի տող կար, որ աբսուրդ էր, «ագրեսորին» սուրճի հրավիրելու խորհուրդն էր: Մնացածն օգտակար էին, չնայած մյուս կողմից էլ դժվար է ասել` ինչքանով են կիրառելի պրակտիկայում»:

 

 

Գայանե Մելքումյան. «Դրանք հանցագործությունը կանխելու խորհուրդներ են: Այո՛, որոշները հիմարություն են, բայց ոչ ամբողջովին:  Առանց կարգին հետազոտության են գրել, արդյունքում՝ սխալ բաներ կան մեջը: Վստահաբար կարելի ա ավելի լավ ուղեցույց սարքել»:

 

 

Վահե Բուդումյան. «Վերջին օրերին շրջանառվող ոստիկանության «կանանց անվտանգության վերաբերյալ խորհուրդներն» իրականացնում են հանցագործությունների կանխարգելման գործառույթ: Այդ առումով ոստիկանության խնդիրը պարզ է, ավելին` կանանց անվտանգությանն անդրադառնալը գովելի է (եթե մի կողմ դնենք տեքստի մասնագիտական որակները): Սակայն մեկ այլ խնդիր կա, որն էլ, կարծում եմ, տեղիք է տվել հեգնական արձագանքների համար: Ոստիկանությունը որդեգրել է իրավական խնդիրները բարոյականությամբ շղարշելու քաղաքականություն` փորձելով ինքն իրեն ներկայացնել իբրև բարոյականության պաշտպանությանության հիմնարկ: Մի կողմից դա իրենց թույլ է տալիս բարձրացնել կառույցի վարկանիշը (ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ոստիկանությունը վարկաբեկված հիմնարկ է, կարելի է հիշել ոստիկանության աշխատակցի ակտիվիստի պարանոցը համբուրելու շուրջ աղմուկը, որ բարձրացավ մի տեսանյութի առիթով), մյուս կողմից ոստիկանությունը պահպանողական արժեքների խրախուսմամբ հաստատում է ներկա հասարակական, քաղաքական իրադրությունը: Վերջին, բայց ոչ նվազ կարևոր խնդիրը գենդերայինն է: Տեքստը ամփոփում է այն սեռադերային մոդելները, որոնք հատուկ են հայրիշխանական հասարակություններին: Այս քննադատությունը ենթադրում է, որ տեքստը կանանց խոցելի ու անպաշտպան ներկայացնելով, դարձնում է նրանց այդպիսին»:

 

 

Կարծիքները գրառեց

Արման Ղարիբյանը

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Ոստիկանության խորհուրդներն ու իրավապաշտպանների արձագանքը

Դիտումների քանակը` 3442

Գլխավոր էջ