«Կուսակցությունները պարտադրված  են հավասար հնարավորություններ ստեղծել և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար»

 

Խորհրդարանական լսումներ «Կուսակցությունների մասին» օրենքի շուրջ

 

Հոկտեմբերի  18-ին  Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Շահագրգիռ կողմերը՝ պատգամավորները, հասարակական հատվածի, կառավարության ներկայացուցիչները, ընտրական ոլորտի փորձագետները ներկայացրեցին իրենց տեսակետները քաղաքական կյանքի կարևորագույն օրենքներից մեկի փոփոխությունների շուրջ:

 

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը  ձևակերպեց  «Կուսակցությունների մասին» օրենքի օր առաջ փոխելու  նպատակը    կուսակցությունների գործունեությունն առավել թափանցիկ ու վստահելի դարձնելը և քաղաքական դաշտի առողջացումը՝ հաջորդ ընտրություններին առավել մրցակցային, գաղափարական դարձնելու համար: Այս համատեքստում են հնչեցվել  նաև  մի շարք ելույթներում  կուսակցություններում կանանց դերի  բարձրացմանն վերաբերող տեսակետները…   

 

 

Յուլիա Գեբհարդ ,ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 

 

«Կուսակցությունների մասին» գործող օրենքի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը ներկայացրեց Յուլիա Գեբհարդը՝ նշելով, որ գործող օրենքը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, սակայն առկա են մի շարք թերություններ: Դրանց թվում անդրադարձ արվեց նաև կուսակցություններում  կանանց դերին ու մասնակցությանը:

 

Մասնավորապես, եվրոպական կառույցի փորձագետները նշում են, որ Հայաստանում ֆինանսավորման խնդիրը  մնում է կանանց համար քաղաքականություն մտնելու մեծագույն արգելապատնեշներից մեկը: Այդ պատճառով օրենսդիրը կարող է դիտարկել կուսակցությունների ներսում հատուկ կանանց թևեր նախատեսելու հնարավորություն:

 

-Բացի այդ, պետք է դիտարկել ժամանակավոր հատուկ միջոցառումների սահմանման հնարավորությունը, որոնք կկապեն որոշակի պետական միջոցների տրամադրումը կանանց ներկայացվածության հետ: Որոշակի պետական միջոցներ կարող են նաև հատկացվել գենդերային հավասարության նախաձեռնություններին, ինչպես օրինակ կին քաղաքական գործիչների վերապատրաստումներին, կանանց կարողությունների հզորացման ծրագրերին և ուղղվել կանանց թևի գործունեության աջակցմանը: Այդ նախաձեռնությունները համահունչ են զարգացող գործելակերպի և միջազգային ստանդարտների հետ, ինչպիսիք են օրինակ CEDAW-ն, Պեկինի հռչակագիրն ու Գործողությունների ծրագիրը , ԵԽ նախարարների կոմիտեի Rec(2003)3 հանձնարարականը, ինչպես նաև նախարարների խորհրդի թիվ 7/09 որոշումը,- նշեց նա:    

 

 

Լենա Նազարյան, ԱԺ փոխնախագահ

 

-Ես չեմ հավատում, որ այն կուսակցությունները, որոնք չեն դրսևորում կանանց և տղամարդկանց հանդեպ հավասար անխտրական խոսք և վարքագիծ, ստանձնելով  երկրի կառավարումը կարող են գրեթե հավասարաչափ կանանցից և տղամարդկանցից բաղկացած երկրի քաղաքացիների համար ապահովել իրապես հավասար իրավունքներ: Այս մասին իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

 

-Կուսակցությունները, անկախ իրենց գաղափարների տարբերությունից, անկախ իրենց ղեկավարների պատկերացումներից ու նախապատվություններից պետք է պարտադրված լինեն լինել ժողովրդավար ու հավասար, անխտրական հնարավորություններ ստեղծել և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: Եվ այս հարցը չպիտի լինի առանձին ղեկավարների  քմահաճույքների դաշտում, որովհետև խտրական, կոռումպացված, ոչ ժողովրդավար կուսակցությունները չպետք է շանս ունենան քաղաքական գործընթացներ զարգացնել Հայաստանում»,-հայտարարեց նա:

 

Այնուհետ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց իր երկու հիմնական առաջարկները, որոնցից առաջինը վերաբերում է քաղաքական կյանքում կանանց ակտիվության խթանմանն ուղղված մեխանիզմներին: Նազարյանը, մասնավորապես, առաջարկում է, որ կուսակցությունների ղեկավար կազմերի ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը:

 

-Դա կարող է լինել երկու տարբեր եղանակով՝ կա՛մ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում կամ կոլեգիալ խորհրդում լինի սեռերի ներկայացվածություն առնվազն 30 տոկոս, կա՛մ այլընտրանքային մոտեցում՝ օրենքով պարտադրել, որ սեռերի ներկայացվածության սկզբունքnվ ամրագրվի կուսակցությունների կանոնադրության և ծրագրի մեջ,-ներկայացրեց նա:

 

ԱԺ փոխնախագահը նաև ասաց, որ սեռերի ներկայացվածության սկզբունքն այսօր հրամայական է, և ինքը ստիպված է ներկայացնել դա, որովհետև քննարկումների ժամանակ հնչել է այդ հարցը՝ իսկ ինչո՞ւ պետք է համամասնության հարցը ընդհանրապես ամրագրվի:

 

-Որովհետև կանայք պետք է որոշումներ կայացնող օղակներում ներկայացված լինեն, քանի որ նրանք կազմում են ՀՀ բնակչության կեսը: Եվ այսպես է արդար, իսկ հակառակն անարդար է: Կանայք ունեն կենսաբանական և սոցիալական գործոններով պայմանավորված տարբերվող փորձ, որը նույնպես պետք է ներկայացված լինի և՛ կուսակցություններում, և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում: Որպեսզի կանանց բարձրաձայնված հարցերը լուծում ստանան, կանանց ներկայացվածությունը պետք է հասնի որոշակի կրիտիկական մակարդակի և եթե դա այդպես չէ, ապա այն ձևական է,- հայտարարեց Նազարյանը:

 

 

Արմեն Մազմանյան,  Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող փորձագետ

 

-Անզեն աչքով էլ երևում է, որ Հայաստանի կուսակցություններում գերակշիռում են որոշակի խմբի ներկայացուցիչներ՝ դա հատկապես վերաբերում է սեռերի ոչ բալանսավորված ներկայացվածությանը, – իր ելույթում նշեց ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող փորձագետ Արմեն Մազմանյանը: Ըստ այդմ, ասաց նա, կարևոր է ապահովել կուսակցությունների ներառականությունը:

 

 

-Այս հարցը պետք է կարգավորվի: Բացի այս, դա պետք է վերաբերվի նաև ազգային փոքրամասնությունների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խմբերի ներկայացուցիչների քաղաքական մասնակցությանը, որոնք այսօր քիչ են,- ասաց նա:

 

 

 

Վարդինե Գրիգորյան , ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը առաջարկների մի մեծ փաթեթ ներկայացրեց, որենց թվում անդրադարձ կար նաև կանանց մասնակցության խթանմանը:

 

Գրիգորյանի խոսքով՝ կարևոր առաջարկներից մեկը վերաբերում է կուսակցություններում ներառականության ապահովմանը, մասնավորապես՝ կուսակցության հիմնադիր անդամների շրջանում մեկ սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի 30 տոկոսից:

 

-Այս պահանջը չի կարող կուսակցությունը գրանցելու մերժելու հիմք հանդիսանալ, սակայն կուսակցությունը կիրազեկվի, որ չի կարող հավակնել մասնակցելու համամասնական ընտրակարգով ընտրություններին,-ներկայացրեց նա: Այսինքն, պարզաբանեց Վարդինե Գրիգորյանը, տվյալ կուսակցությունը կարող է միայն առաջադրել համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուներ:

 

-Եթե կուսակցությունը հավակնում է առաջադրվել համամասնական ընտրակարգով, որտեղ Ընտրական օրենսգիրքն արդեն իսկ սահմանում է 30 տոկոս քվոտա և իրատեսական է փոփոխությունների արդյունքում սահմանել 40 տոկոս, ապա լիովին արդարացված է կուսակցությունների կողմից ի սկզբանե խաղի կանոնների ըմբռնումն ու ընդունումը,- ասաց նա:

 

Նա նաև առաջարկեց պետական աջակցություն տրամադրել ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրություններին մասնակցած կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև լրացուցիչ տրամադրված ֆինանսներ ուղղել կուսակցությունների կողմից ներառական ծրագրերի իրագործմանը:

 

Արմինե Կյուրեղյան, ՀՅԴ կուսակցություն

 

-«Կուսակցությունների մասին» օրենքում ներառականությունն ապահովելու համար շատ կարևոր է կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամների ներգրավվածությունը, –  ասաց ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով , որ պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ կուսակցությունները ձևավորվում են ոչ թե կոնկրետ անձի, այլ գաղափարների և գաղափարախոսությունների շուրջ:

 

Հատուկ ուշադրություն հատկացնելով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության խնդրին, Կյուրեղյանն ասաց, որ ոչ ոք չի խոսում կուսակցությունների մարզային կառույցների ղեկավար կազմում կանանց պարտադիր ներգրավման մասին:

 

 -Կանանց մասնակցությունը պետք է ապահովվի համամասնական հիմքով,- ընդգծեց ՀՅԴ անդամը: Այդ խնդիրը, նրա կարծիքով, պետք է լուծվի խթանման համակարգի ներդրման կամ, հակառակը, պատժամիջոցների միջոցով:    

 

***

 

Ամփոփելով խորհրդարանական լսումները` Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը, անդրադառնալով կուսակցությունների ֆինանսավորման հարցին նշեց, որ անցած տասը տարիների ընթացքում իշխող կուսակցությունները ստացել են 900 միլիոն դրամի չափով ֆինանասկան միջոցներ: Այս համատեքստում նա կարևորեց հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: «Խնդիրները շատ են, բայց դրանք լուծելու թե՛ պատրաստակամություն, թե՛ ժամանակ ու թե՛ ռեսուրս կա»,- եզրափակեց Համազասպ Դանիելյանը:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 1474

Գլխավոր էջ