«Մենք ձեր պաշտպաններն ենք». կանանց հիմնախնդիրների շուրջ  քննարկման դրվագները

WomenNet.am-ը ներկայացնում է  Մարտի 8-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում  տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման ուշագրավ դրվագները:

 

Միջոցառման նպատակն էր ազդարարել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության հարթակի մեկնարկը, որի համար հիմք կհանդիսանա միջոցառման շրջանակում ստորագրված Ազգային ժողովի և շահագրգիռ ՔՀԿ-ների միջև փոխըմբռնման հուշագիրը: Հարթակը միտված է  խթանելու երկկողմ շարունակական երկխոսություն և արդյունավետ աշխատանք, հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների:

 

Մարգարիտա Հակոբյան,

ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն.

«Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության հարթակի ստեղծումը ազդարարվեց այսօր համատեղ հուշագրի ստորագրումով։ Ակնկալում ենք, որ այդ հարթակի շրջանակում համագործակցությունը կլինի կառուցողական և մենք կկարողանանք համատեղ  ուժերով լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք այսօր ծառացած են մեր երկրում կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների դաշտում»…

 

 

Լոթթա Յոնսոն Ֆորնարվեյ,

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի փոխխոսնակ .

«2018 թվականին Հայաստանը կարողացավ աշխարհին հզոր ուղերձ հղել՝ ևս մեկ անգամ ամրապնդելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը, կարողացավ ցույց տալ, որ դրական փոփոխությունն առանց կորուստների հնարավոր է» …

 

 

Լենա Նազարյան,

ԱԺ փոխնախագահ.  

 «Իրենց գործով կամ օրինակով պայքարած բազմաթիվ կանանց պատմությունները մեզ չեն պատմվել, նրանց մասին դպրոցներում և նույնիսկ համալսարաններում չեն ուսուցանել, բայց մենք այսօր վայելում ենք այն ազատությունները և իրավունքները, որոնք նվաճվել և իրացվել են այդ կանանց կողմից: Հետևաբար, մարտի 8-ը նախ և առաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզանից առաջ եռանդ, ջանք ու կյանք են դրել կանանց ազատագրման և կանանց խնդիրների լուծման պայքարում… Ու եթե  մարտի 8-ի ծաղիկներ, ապա միմիայն որպես համերաշխության նշան կանանց իրավունքների լիարժեք հաստատման պայքարի»…

 

 

Ջուդիթ Ֆարնուորթ,

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան .

«Մենք խրախուսում ենք, ամրապնդում ենք, ստեղծում ենք հարթակներ և ես լավատես եմ, որ այս հարթակը ևս լրացուցիչ հնարավորություն է կանանց ներուժը, տաղանդը լիարժեք օգտագործելու համար: Վստահ եմ, որ դա հնարավոր է անել, եթե կանանց տրվի լիարժեք հնարավորություն նրանց պոտենցիալն օգտագործելու համար»…

 

 

Նաիրա Զոհրաբյան,

ԲՀԿ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ .

 

«Դեռեւս մեր մեջ չենք կարողացել հաղթահարել բազմաթիվ բարդույթներ, հաղթահարել 3 «չ»-ն՝ չվախենալ, չափսոսալ եւ չնախանձել: Չվախենալ կարծրատիպեր կոտրելուց, չվախենալ առաջինը լինել: Չնախանձել… Չափսոսալ եւ անընդհատ չքչփորել անցյալը… Մենք պետք է կարողանանք խնդիրները նաև մեր մեջ տեսնել, ամեն մեկս այն լիդերները դառնանք, որ կարող են մթնոլորտ փոխել, կարող են իրենց շրջապատում ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի, մեջքդ ուղղի, ժպտա, գլուխդ բարձր գնա առաջ, որովհետև դու արժանի ես»…

 

 

Մանե Թանդիլյան,

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր.

«Զգայուն գենդերային քաղաքականություն վարելն էժան չէ,  բայց անհրաժեշտ է, և դրա երկարաժամկետ հատուցումը՝ երաշխավորված: Այն պետությունները, որտեղ կանանց ներգրավվածությունը բարձր է, ունեն զարգացման բարձր մակարդակ»….

 

 

Թամարա Հովնաթանյան,

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ

 

«Որպես համագործակցության հիմք  դիտարկում ենք նաև միջազգային երեք  կարևոր փաստաթղթերը, որոնց շրջանակում Հայաստանը ստանձնել է  պարտավորություններ: Դրանք են՝   «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, Պեկինի գործողությունների ծրագիրը և «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, որոնց թվում նաև   նպատակը՝  ապահովել  մինչև 2030 թվականը   կանանց և տղամարդկանց  հավասար ` 50/50  մասնակցությունը բոլոր բնագավառներում»…

 

 

Մարիա Կարապետյան,

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր.

 

«Մենք՝ կանայքս,  ընդհանուր շատ կարիքներ, երազանքներ և դրանց իրագործելու համար ընդհանուր տեսիլք, օրակարգ և պայքար ունենք»…

 

 

Գայանե Աբրահամյան,

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  .

«Կանանց ոչ պատշաճ ներգրավումը հասարակական կյանքին ծանր բեռ է նաև պետության համար, կանանց անտեսումը պետության վրա բավական թանկ է արժենում։ Գենդերային անհավասարության պատճառով մեծ կորուստներ ենք ունենում»… 

 

 

 Լարա Ահարոնյան.

 «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար

 

«Երբ ասում ենք ավելի շատ կանայք պետք է լինեն ԱԺ-ում, կառավարությունում, դա արդեն իրավունքի մաս է կազմում և ոչ մեկը չասի, նաև վարչապետը չասի, որ ես ուզում եմ, բայց կանայք չկան։ Հարցը պետք է լինի ոչ թե ես ուզում եմ, բայց  չկան, այլ ինչու չկան և ես  ինչ պետք է անեմ և մենք բոլորս ինչ պետք է անենք, որ կանայք անպայման լինեն»…

 

 

Նաիրա Առաքելյան,

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության  տնօրեն.

 

 «Մենք Հայաստանում պետք է զբաղվենք ոչ միայն հայ կանանց , աղջիկների իրավունքների  պաշտպանությամբ, այլև ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ ներկայացնող կանանց իրավունքներով»

 

 

Արման Ղարիբյան ,

«Իրավունքի ուժ» կազմակերպության համամհիմնադիր.

 

«Այսօր շատ խոսեցինք այն մասին , թե ինչ պետք է կանայք անեն՝ գենդերային անհավասարությունը վերացնելու բարդ գործը դնելով միայն կանանց ուսերին, այնինչ հենց մենք՝ տղամարդիկս ենք առկա անհավասարության հիմնական մեղավորները, ուստի մենք ավելի  շատ անելիք ունենք … Ու առաջին քայլը որ կարող ենք անել, արտոնյալի կարգավիճակը մերժելն ու դրանից հրաժարվելն է»…

 

 

Զարուհի Հովհաննիսյան, 

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան.

«Մենք ձեր պաշտպաններն ենք, քանի որ այնպես չէ, որ  դուք  պաշտպանված եք մանդատով և ավելի բարձր դիրքերում եք գտնվում։ Դա ամենևին այդպես չէ, քանի որ հասարակությունն անողոք է կանանց նկատմամբ…   Հիշեք, որ ձեր կողքին կան կանայք, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և պաշտպանելու են նաև ձեզ ցանկացած հարձակումներից»:

 

 ***

 

Հիշեցնենք, որ մարտի 8-ին ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի  ունեցած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում  փոխըբռնման հուշագիր ստորագրվեց  Ազգային ժողովի և կանանց հիմնախնդերներով զբաղվող ՀԿ-ների  ներկայայցուցիչների միջև՝  սկիզբ դնելով նրանց հետագա համագործակցությանը :

 

 

Կարդացեք  թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մարտի 8-ը նշանավորվեց Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ

 

Լենա Նազարյան. «Մենք՝ կանայք, պետք է գիտակցենք մեր զորությունը՝ մեր հավաքական փոխաջակցության ուժը»

Դիտումների քանակը` 2079

Գլխավոր էջ