Ազգային ժողովում մարդու իրավունքների քննարկումն ուղեկցվեց աղմկահարույց միջադեպով

Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով:

 

Լսումների  օրակարգում երեք հիմնախնդիր էր ներառված՝ արդար դատաքննության ու դատական բարեփոխումների խնդիրներ, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հիմնախնդիրներ: Լսումները սակայն չեն սահմանափակվել նշված օրակարգով, և ելույթների ընթացքում հնչեցվել են նաև  մարդու իրավունքների հետ կապված այլ հիմնախնդիրներ, ինչն էլ ուղեկցվել է միջադեպով, որն, ըստ էության, ստվերեց ողջ քննարկման կարևորությունը:  WomenNet.am-ը ներկայացնում է  լսումների ընթացքում հնչեցված առանցքային հարցերն՝ անդրադարձ կատարելով նաև մեծ աղմուկ հանած միջադեպին և դրա հետևանքներին:

 

 

«Չի լինելու որևէ խնդիր, որքան էլ որ այն լինի ցավոտ ու վիճահարույց, որ չի քննարկվելու ԱԺ-ում»

 

Բացելով լսումները  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ լսումները Հայաստանի երրորդ համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ կարևոր հարթակ են հանդիսանալու ազգային և միջազգային գործընկերների հետ քննարկելու նախորդ դիտարկումից ( այն տեղի է ունեցել 2015 թ. –խմբ.) բխող առաջնահերթությունների ընթացքը, պարտավորությունների կատարման վիճակը, ինչպես նաև միջազգային պարտավորությունների ստանձնման հարցում առկա մարտահրավերները և երկրի հետագա անելիքները:

 

«Այս միջոցառումը նպատակ ունի խթանելու համագործակցությունը պետական իշխանության բոլոր մարմինների, ՀԿ-ների և միջազգային ու դիվանագիտական կառույցների միջև: Խորհրդարանը կարևոր դերակատարություն ունի պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, այդ թվում ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումից բխող առաջնահերթություններն ազգային օրենսդրության և քաղաքական գործընթացների մեջ ներառելու հարցում: Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ խորհրդարանի դերը մարդու իրավունքների ոլորտում չի սահմանափակվել և չի սահմանափակվելու միայն օրենսդրական գործառույթներով, այն նաև մեծ նշանակություն ունի գործադիր իշխանության նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումներով և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Թեև պետք է խոստովանեմ, որ միշտ չէ, որ խորհրդարանը կարողանում է իրականացնել իր վերահսկողական գործառույթը գործադիրի հանդեպ, հատկապես նման զգայուն ու խոցելի ոլորտներում»,- հայտարարեց նա:

 

Այս միջոցառումը, շարունակեց նա, կարևոր նպատակ է հետապնդում՝ դիտարկել ու հասկանալ ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը:  Ըստ Զոհրաբյանի` չի լինելու որևէ խնդիր, որքան էլ որ այն լինի ցավոտ ու վիճահարույց, որ չի քննարկվելու ԱԺ-ում ու իր ղեկավարած հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը չափազանց կարևորեց համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և հավաստիացրեց, որ հետագայում էլ շարունակվելու է մշտադիտարկումների պրակտիկան:

 

Անդրադառնալով առկա օրենսդրությանը, Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանն ունի շատ լավ օրենքներ, վերջերս էլ ընդունվեց ընտանեկան բռնության դեմ օրենքը, բայց ինչպես և շատ դեպքերում, այստեղ էլ խնդիր ունենք դրանց կիրարկման հետ. «Արդյո՞ք այդ օրենքն ամբողջ ուժող աշխատում է. ոչ, դա այդպես չէ: Մենք պետք է կարողանանք կարծրատիպեր կոտրել, բայց դա միայն ԱԺ-ի, Օմբուդսմենի կամ ՄԱԿ-ի աշխատանքը չէ: Մենք պետք է բոլորս մեր մեջ փորձենք կոտրել այդ կարծրատիպերը, այլապես  ամենալավագույն օրենքներն անգամ չեն կարողանա օգտակար լինել և ուղղակի կմնան սևով սպիտակին գրված կարգավիճակում»,- հավելեց իր ելույթը Նաիրա Զոհրաբյանը:

 

 

Օմբուդսմենը  խորհրդատվություն տրամադրող բջջային հավելված է մշակում

 

Իր հերթին ՀՀ մարդու իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ միջոցառումն իր տեսակով եզակի է և միջազգային լավագույն փորձի օրինակ: Պաշտպանը վստահություն հայտնեց, որ այն նաև լավագույն հարթակ կհանդիսանա ազգային և միջազգային գործընկերների հետ քննարկելու մարդու իրավունքների վիճակին առնչվող խնդիրները: «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացում կարևորում են Ազգային ժողովի, ԱԳՆ-ի, քաղաքացիական հասարակության, ԵԽ-ում, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչների կարևոր դերակատարությունը»,- ասաց նա:

 

Թաթոյանը համաձայնեց հանձնաժողովի նախագահի հետ, որ այս ճանապարհին կարևոր է կարծրատիպերի վերացումը, քանի որ այդ երևույթը շատ խոցելի է դարձնում հասարակությունը: Որպես օրինակ նա մատնանշեց հաշմանդամություն ունեցող անձանց՝ նշելով, որ որքան էլ մենք մատչելի ենք դարձնում միջավայրը և հասանելի դարձնում ծառայությունները, միևնույն է հոգեբանությունը չի փոխվում, քանի որ կարծրատիպերը ՀՈՒԱ-ներին ուղեկցում են մանկուց: Եվ պետությունը, հասարակությունը՝ բոլորս պետք է պայքարենք առաջնահերթ հենց դրա դեմ:  Պաշտպանը խոսեց նաև կանանց իրավունքների պաշտպանության մասին: Բերելով միջազգային օրինակը, նա կարևորեց կանանց մասնակցությունը և ներուժի օգտագործումը երկրի տնտեսության մեջ, քանի որ դա անհըրաժեշտ պայման է զարգացման համար:

 

Արման Թաթոյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Պաշտպանի գրասենյակում ստեղծվելու է երկու նոր բաժին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և Կանանց իրավունքների պաշտպանության. «ՀՈՒԱ պաշտպանության հարցում մենք ունիկալ մեխանիզմ ենք ստեղծել: Մասնավորապես, դա լինելու է, ինչպես խոշտանգումների մեխանիզմը, անկախ փորձագետների ներգրավմամբ: Օրինակ՝ հոգեբաններ, հոգեբույժներ, սոցիոլոգներ և այլն, և հնարավորություն կտա մեզ լայն ձեռքբերումներ ունենալ այս ոլորտում»,- ասաց նա: Իսկ կանանց իրավունքների պաշտպանության գործում, ըստ նրա, կարևորը կարծրատիպերի վերացումն է:

 

Բացի այս, հայտնեց Արման Թաթոյանը, գրասենյակը մեկ ամսից նոր հավելված կներդնի Android և iOS  համակարգ ունեցող հեռախոսների համար, որը հավելվածն ունեցող բոլոր քաղաքացիներին կուղարկվի կարճ հաղորդագրություններ, խորհրդատվություններ, թե ինչպես իրավունքը պաշտպանել կոնկրետ իրավիճակներում։
«Օրինակ խոշտանգման զոհ դառնալու դեպքում ո՞ր մարմնին դիմել կամ ի՞նչ արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ կան։ Կամ՝ ի՞նչ անել, եթե, օրինակ, երեխան հայտնվել է վատ վիճակում դպրոցում։ Այս բոլոր հաղորդագրությունները լինելու են հատուկ սկզբունքով մշակված, որն իրականացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Սա միջազգային փորձի լավագույն օրինակներից մեկն է»,- հավելեց Արման Թաթոյանը։

 

 

«Թավշյա հեղափոխությունը նոր տեսանկյունից նայելու հնարավորություն տվեց»

 

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս կարևորեց միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ Եվրոպական միության համար մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների ներառականությունն առաջնահերթություն է և ոլորտին առնչվող թեմայով քննարկումներում քաղաքացիական հասարակության ձայնը պետք է լսելի լինի: Ըստ նրա, Եվրամիության և ՀՀ հարաբերությունները հիմնված են միասնական և համընդհանուր արժեքների վրա, և մարդու իրավունքներն այդ համընդհանուր արժեքների անքակտելի մասն են:

 

Նրա խոսքով, ԵՄ համար առանցքային ուղղություններն են գենդերային հավասարությունը, կանանց դերի բարձրացումը, աշխատանքային և սոցիալական իրավունքների իրացումը: Եվրամիությունն այս բոլոր հարցերի շուրջ համագործակցում է Հայաստանի հետ: Սվիտալսկին հիշեցրեց, որ ՀՀ-ն ընդունել է Ընտանեկան բռնության մասին օրենք, սակայն դեռ չի վավերացրել Ստամբուլի կոնվենցիան: Ինչպես նաև ասաց, որ ԵՄ համար կարևոր է խտրականության դեմ պայքարը։ «ԵՄ փիլիսոփայությունը հիմնված է շատ պարզ ճշմարտության վրա՝ չեն կարող լինել երկրորդ դասի քաղաքացիներ եվրոպական հասարակություններում։ Հանդուրժել՝ չի նշանակում սիրել, բայց նշանակում է ընդունել, որ մարդիկ տարբեր են»,-ասաց Սվիտալսկին, հույս հայտնելով, որ Հայաստանն առաջընթաց կարձանագրի այս ոլորտում։ Նրա խոսքով,  հայ հասարակությունն այսօր սպասողական վիճակում է.

 

«Հայաստանում թավշյա հեղափոխությունը մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին նոր տեսանկյունից նայելու հնարավորություն տվեց: 12 ամիսը կարող է կարճ ժամանակ թվալ, բայց մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, ունեն իրավունք՝ պահանջելու արդյունքներ, սպասել փոփոխություններ»,- ընդգծեց նա:

 

Հայաստանի պարտավորությունները

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը  ներկայացրեց Հայաստանի ստանձնած հանձնառություններն ու դրանց կատարման վիճակը՝ նշելով, որ վերջին դիտարկման արդյունքում ներկայացված 360 առաջարկից աջակցություն է ստացել 313-ը: Նա նաև ընդգծեց, որ  առաջին անգամ կառավարության ծրագրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը դիտարկվում են որպես արտաքին քաղաքական սկզբունքային առաջնայնություններ: «Կիսանախագահական կառավարման համակարգից անցումը խորհրդարանականի լրացուցիչ խթան է մարդու իրավունքների բնագավառում Ազգային ժողովի առավել ընդգրկուն դերակատարման ապահովման համար»,- համոզմունք հայտնեց նա:

 

ՄԱԿը  հանձնառու է օժանդակելու Հայաստանին

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կարծիքով՝ խորհրդարանները մեծ դեր ունեն հասարակության ակնկալիքներն իրական փոփոխության ենթարկելու հարցում, նաև պետք է կարևոր վերահսկողություն իրականացնեն կառավարության կողմից մարդու իրավունքներին վերաբերող հանձնառությունների կատարման գործում: Նա ընդգծեց, որ համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի հանձնարարականների բազմաթիվ մարտահրավերներ դեռևս հաղթահարված չեն, դրանց շուրջ պետք է աշխատել՝ խտրականության դեմ պայքար, գենդերային հավասարություն, արդարադատության մատչելիություն, արդար դատաքննություն, երեխաների իրավունքներ, օժանդակություն խոցելի խմբերին և այլն: «Հանձնարարականների ուղղությամբ և մարդու իրավունքների ոլորտում լուրջ առաջընթացը միայն կօգնեն, որ Հայաստանի՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամակցության հայտը բավարարվի»,-արձանագրեց Շոմբի Շարփը՝ վերահաստատելով ՄԱԿ-ի թիմի հանձնառությունն օժանդակելու Հայաստանին՝ մարդու իրավունքների ոլորտում նպատակներն իրագործելու հարցում:

 

«Առանցքային է իշխանությունների քաղաքական կամքը, սակայն անհրաժեշտ են նաև համակարգային բարեփոխումներ»

 

Արդար դատաքննության ու դատական բարեփոխումների խնդիրներին իր ելույթում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ նշելով, որ մեր երկրի դատական իշխանության լիարժեք կայացման համար առանցքային է իշխանությունների քաղաքական կամքը, սակայն անհրաժեշտ են նաև համընդգրկուն համակարգային բարեփոխումներ, որոնք կապահովեն արդարադատության և օրենքի հանդեպ բոլորի հավասարությունը, կերաշխավորեն դատավորների ներքին ու արտաքին անկախությունը, դատական համակարգի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Ըստ Վիգեն Քոչարյանի՝ այդպիսի բարեփոխումների իրականացմանն է ուղղված առաջիկա տարիների համար նախատեսվող դատական և իրավական բարեփոխումների նոր ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակումը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը խոսել է դատաիրավական համակարգի խնդիրների մասին: «Առանց դատական իշխանության անկախության ապահովման հնարավոր չէ ունենալ երաշխիք, որ թավշյա հեղափոխության արդյունքում մերժված ավտորիտար կառավարումը չի կարող վերականգնվել»,-ասել է զեկուցողը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գրիգորյանն անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության արգելքի սկզբունքի ամրապնդմանը վերաբերող հարցերին:

 

Քննարկվել են նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ու մանկատներում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը, արձանագրված առաջընթացը, խոսել նախարարության ենթակայություն ներքո գտնվող մանկատների մասին:  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը խոսել է բնագավառի օրենսդրությունը բարելավելու և ռազմավարության ու գործողությունների ծրագիր իրականացնելու մասին: Նա անհրաժեշտ է համարել ոլորտում առկա ռազմավարության վերանայումը, կարևորել խորհրդարանական վերահսկողությունը ռազմավարության իրականացման նկատմամբ:

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը խոսեց կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորություններն ապահովելու ազգային մեխանիզմի  մասին, որն այս պահին Հայաստանում չի գործում և որը  կարևոր երաշխիք է հանդիսանում  նշված ուղղությամբ պետական քաղաքականություն իրագործելու հարցում:  Նա նաև հիշեցրեց, որ ազգային մեխանիզմի ստեղծումն ու գործարկումը Հայաստանի կողմից ստանձնած կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ  մի շարք միջազգային պարտավորությունների անբաժանելի մաս է կազմում:

 

«Մի խաբեք մեզ և ձեզ». պառկացույց ի նշան բողոքի

 

Lսումներին զուգահեռ ակտիվիստ  Վարդգես Գասպարին ԱԺ մուտքի մոտ պառկացույց էր իրականացնում ։ Նա իր ձեռքում պահել էր «Մի խաբեք մեզ և ձեզ» գրությամբ պաստառ և հայտարարում էր, որ այդ մեղադրանքը ուղղված է, նախ, իրավապաշտպաններին, ապա արդարադատության նախարարին և կալանավայրերի վարչակազմերին։
Գասպարին պնդում էր, որ փակ հաստատություններում՝ կալանավայրերում և այլուր, մարդկանց իրավունքների կոպտագույն խախտումներ են լինում, որոնք իշխանությունները խնամքով թաքցնում են, իսկ ՄԻՊ-ը, իրավապաշտպաններն ու կալանավայրեր այցելող դիտորդները աչք են փակում դրանց վրա։ «Լսումների ժամանակ խոսում են երկրորդական ու երրորդական հարցերի մասին, բայց կյանքի ու արժանապատվության իրավունքի մասին լռում են»։

 

Օրակարգը  թե՞ մարդու իրավունքները.  ո՞րն է առաջնայինը 

 

Լսումների ընթացքում  միջադեպ արձանագրվեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և մասնակիցներից մեկի, ինչպես ավելի ուշ պարզվեց՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի միջև: Վերջինս իր ելույթի սկզբում հայտարարեց, որ ինքը տրանսգենդեր կին է և ԱԺ բարձր ամբիոնից խոսելու է որպես բռնաբարվածների, խոշտանգվածների, սպանվածների հավաքական կերպար։ Նա բողոքեց,  որ  իրենց  նկատմամբ գրանցվել է  բռնության 283 դեպք, որոնց ոստիկանությունը սակայն  պատշաճ չի արձագանքում:  «Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր այլ ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը», – հայտարարել էր Լիլիթ Մարտիրոսյանը։

 

Այս ելույթին հաջորդել էր Նաիրա Զոհրաբյանի դիտարկումը, որ  Լիլիթ Մարտիրոսյանը  խախտել է օրակարգը՝ դրանով  իսկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով  խորհրդարանի հանդեպ: Դրան ի  պատասխան դահլիճից  ռեպլիկներ հնչեցին  Լիլիթ Մարտիրոսյանին ուղեկցող անձանց կողմից, ովքեր կասակածի տակ դրեցին Զոհրաբյանի պնդումը, որ ելույթ ունեցողը թեմայից դուրս է խոսել: Այնուհետև նրանք Լիլիթ Մարտիրոսյանի հետ միասին լքեցին դահլիճը:

 

Լսոիմներին հաջորդ օրը մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարությունով հանդես եկան, որում  գնահատեցին  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին որպես խտրական՝ պահանջելով հրավիրել ԱԺ էթիկայի հանձնաժողով և քննել միջադեպը, ինչպես նաև վերանայել Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարությունը։ Ի պատասխան դրան, Զոհրաբյանն ասել է, որ իր բողոքը օրակարգի խախտման հետ էր կապված միայն. «Ինչ որ արել եմ, ճիշտ եմ արել, ես ուղղակիորեն պահել եմ կանոնակարգը և արձանագրել եմ, որ ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ խմբեր, ինչ-որ խավեր փորձեն խորհրդարանը օգտագործեն էպատաժներ անելու համար»…

 

Նա նաև նշել է, որ ինքը խտրական վերաբերմունք չի ցուցաբերել, և բոլորը, այդ թվում և տրանսգենդեր անձանց իրավունքներով զբաղվողները, կարող են դիմել հանձնաժողով՝ իրենց խնդիրները քննարկելու, եթե, իհարկե, հանձնաժողովը համաձայնություն տա։  «Եթե ինքը դիմի հանձնաժողով, ես իր նամակը կվերահասցեագրեմ ոստիկանություն, կփորձեմ պարզաբանում ստանալ և պարզաբանումը կփոխանցեմ իրեն», – ասել է  պատգամավորը «Ազատության» հետ զրույցում ։

 

Հայտարարությանը միացած իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ,  մինչև Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը օրակարգն արդեն խախտվել էր։  «Օրակարգի շեղման հիմքով փորձել արտահայտել վերաբերմունքն այն դեպքում, երբ որ նույն դահլիճում այլ ելույթ ունեցողներ նմանապես, եթե ելնենք օրակարգից, շեղվել էին՝ խոսելով տնակային ավանների բնակիչների մասին, խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, դա իրապես հանդիսանում է խտրական վերաբերմունք», – ասել է  Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ՝ նշելով, որ  պետությունը  պետք է հարգի յուրաքանչյուրի իրավունքը և յուրաքանչյուրի մարդկային արժանապատվությունը անկախ անհատի որևէ հատկանիշից, և սա աքսիոմա է, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով։ 

 

Նշենք, որ թեման արդեն մի  քանի օր է թիվ մեկ քննարկման առարկա է դարձել սոցցանցերում, որտեղ հնչեցվում են հակադարձ կարծիքեր, այդ թվում բավականին ագրեսիվ… Այսօր ԱԺ-ի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով  տրանսգենդերի ելույթի դեմ…

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1646

Գլխավոր էջ