Նորընտիր խորհրդարանում կին պատգամավորների թիվն ավելացել է
Հունվարի 14-ին ժամը 10:00-ին կգումարվի յոթերորդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնի դարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ին կայացած արտահերթ նիստի արդյունքում:
Հանձնաժողովը նաև հաստատեց պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Ընդհանուր առմամբ, պատգամավորի մանդատից հրաժարվել է 20 թեկնածու, որից 18-ը «Իմ քայլը» դաշինքից, 2-ը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:
Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվում միայն մեկ կին կա, նա «Իմ քայլը» դաշինքից Զարուհի Բաթոյանն է: Հիշեցնենք, որ նա աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում: Դաշինքի ինքնաբացարկ հայտնած մյուս թեկնածուները ևս գործադիր մարմնի անդամներ են: Օրենսդիր չեն գնա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ՝ Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Էրիկ Գրիգորյան, Ֆելիքս Ցոլակյանը: Մանդատից հրաժարվել են Կոտայիքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Արագածոտնի մարզպետները: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկ են հայտնել Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը: ԲՀԿ-ից ինքանբացարկ հայտնած թեկնածուներ չկան:
Հիշեցնենք, որ նոր Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88, ԲՀԿ-ն` 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ:
Նորընտիր ԱԺ-ում 132 պատգամավորներից 32-ը կամ 24 %-ը կանայք են: Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման Ազգային Ժողովի 105 անդամներից 19-ը կամ 18 %-ն էին կանայք:
Նկատենք նաև, որ այս ընտրություններին համամասնական ցուցակների ընդգրկված 1444 թեկնածուների 32 տոկոսը եղել են կանայք։ Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի տեղերի կեսը հատկացվում է տարածքային (ռեյտինգային) ցուցակներով առաջադրված թեկնածուների հավաքած քվեների համապատասխան, իսկ մյուս կեսը համամասնական ցուցակների հերթականությամբ։ Ընտրական օրենսգրքով սահմանաված քվոտայի չափով կանանց ներկայացվածությունը ապահոված է միայն «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունում:
«Իմ քայլը» դաշինիքի 88 պատգամավորներից 23-ը կանայք են (26%), նրանցից 9-ն ընտրվել են ռեյտինգային ցուցակներից, 14-ը` համապետական:
Տարածքային ցուցակներից ընրված կին թեկնածուներն են`
Թիվ 2 ընտրատարածքից ՝ Նազարյան ԼենաՆ ու Մակունց Լիլիթը;
Թիվ 3 ընտրատարածքից ՝ Գրիգորյան Հռիփսիմեն;
Թիվ 5 ընտրատարածքից ՝ Գասպարյան Տաթևիկը;
Թիվ 8 ընտրատարածքից ՝ Թովմասյան Թագուհին;
Թիվ 9 ընտրատարածքից ՝ Դավոյան Արփինեն;
Թիվ 10 ընտրատարածքից ՝ Ստեփանյան Լիլիթը;
Թիվ 11 ընտրատարածքից ՝ Հովսեփյան Սոֆիան ու Բաղդասարյան Նազելին:
Համապետական ցուցակի առաջին մասից ԱԺ կգնան` Կարապետյան Մարիան, Խաչատուրյան Նարինեն, Աբրահամյան Գայանեն, Բադալյան Լուսինեն, Բեղլոյան Անուշը, Տիգրանյան Հերիքնազը, Կարապետյան Աննան, Պողոսյան Քրիստինեն, Ղազարյան Թագուհին, Ղազարյան Սոնան, Գալստյան Մերին, Հայրապետյան Տաթևիկը, Վարդանյան Ծովինարը, Ջուլհակյան Արուսյակը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հասանելիք 26 մանդատներից 5-ն են բաժին հասել կանանց (19%): Նրանցից երկուսն ընտրվել են տարածքային ցուցակներով` թիվ 7 ընտրական տարածքից Առուստամյան Նորան, թիվ 12 ընտրատարածքից՝ Զոհրաբյան Նաիրան:
Համապետական ցուցակի առաջին մասի կին թեկնածուներից ԱԺ կգնան՝ Տոնոյան Իվետան, Իսայան Շաքեն, Պողոսյան Կարինեն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության 18 մանդատից 4-ն է բաժին հասել կանանց (22.2%): Այստեղ տարածքային ցուցակներից ընտրված միակ կին թեկնածուն Մանե Թանդիլյանն է` թիվ 4 ընտրատարածքից:
Համապետական ցուցակի առաջին մասի կին թեկնածուներից ԱԺ կգնան՝ Սամսոնյան Անին, Կոստանյան Աննան, Գրիգորյան Սրբուհին:
Մինչև նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 10-ին նախատեսվում է ընտրված պատգամավորների մանդատների հանձման արարողությունը: Այն կանցկացվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2327