Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է մեծ թվով կանանց պաշտոնների նշանակելու համար
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն տուգանվել է 90 հազար եվրոյի չափով գենդերային հավասարության կանոնները խախտելու համար։ Նման որոշման հիմնավորումն է՝ քաղաքային իշխանությունում չափազանց մեծ թվով կանանց ղեկավար պաշտոններում նշանակելը, գրում է The Wall Street Journal-ը։
Տուգանքը նշանակվել է, քանի որ խախտվել է օրենքը, որի համաձայն ղեկավար պաշտոններում տղամարդկանց ու կանանց համամասնությունը պետք է լինի առնվազն 60% և 40%, իդեալական դեպքերում հավասար։ Աուդիտի արդյունքում պարզվել է, որ Իդալգոյի՝ 2018-ին կատարած նշանակումների արդյունքում հանրային ծառայությունների ղեկավարների 69%-ը կանայք են ՝ 11 կին և 5 տղամարդ։ Քաղաքապետը տուգանքի որոշումը «աբսուրդ» է որակել։
«Քաղաքը պետք է տուգանք վճարի այն բանի համար, որ ղեկավար պաշտոններում շատ կանանց է նշանակել, ինչի հետևանքով քաղաքի վարչակազմն իբր դարձել է չափից դուրս ֆեմինիստական» , – հայտարարել է նա պատրաստակամություն հայտնելով վճարել տուգանքը թեև համարում է այն անարդար, վտանգավոր ու անպատասխանատու։
«Ես այս տուգանքի կբաժանեմ գլխավոր քարտուղարության բոլոր աշխատակիցների, տնօրենների միջև, նրանց թիվը մեծ է, որպեսզի այդ տուգանքը վճարենք Հանրային ծառայության նախարարությանը։ Թեև համոզված եմ, որ մենք պետք է վճռականորեն խթանենք, առաջ մղենք կանանց։ Ողջ Ֆրանսիայում նկատվում է լուրջ թերացում ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության հարցում, ու որպեսզի հասնենք հավասարության, պետք է արագացնել տեմպը: Փարիզում մենք ամեն ինչ անում ենք այս հարցում հաջողության հասնելու համար, և ես շատ հպարտ եմ կանանց և տղամարդկանց այն մեծ թիմով, ում հետ միասին պայքարում ենք հանուն հավասարության»,-նշել է քաղաքապետն ու ավելացրել, որ այդ նշանակումներն օգնել են կանանց ձայնն առավել շատ լսելի դարձնելու Ֆրանսիայի կառավարությունում:
Թվիթերում Ֆրանսիայի Հանրային ծառայության նախարար Ամելի դե Մոնչալինը հայտարարել է, որ տուգանքը գանձվել է 2018-ի համար: Մինչդեռ 2019-ին ուժի մեջ է մտել օրենքի փոփոխությունն, ըստ որի տուգանքը չի նշանակվում, եթե ղեկավարությունը գիտակցաբար է առաջ մղում կանանց՝ գենդերային դիսբալանսը շտկելու նպատակով:
«Ես ուզում եմ, որ Փարիզի կողմից 2018-ի համար վճարված տուգանքի գումարով ֆինանսավորվեն հասարակության մեջ կանանց խթանմանն ուղղված կոնկրետ գործողություններ: Ես ձեզ հրավիրում եմ նախարարություն` դրանք քննարկելու համար», – ասել է նախարարը Իդալգոյին ուղղված ուղերձում:
The Wall Street Journal-ն էլ գրում է, որ վերջին ժամանակներում շատ երկրներ փորձում են քաջալերել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Օրինակ, որոշ հետազոտողներ եկել են եզրակացության, որ կին առաջնորդներն առավել արդյունավետ են պայքարում կորոնավիրուսի համավարկի դեմ, քան տղամարդիկ։ Համավարկի տարածման վաղ փուլում գոնե այդպես է։
Օրինակ, երկու գիտնականների՝ 194 երկրների մասով անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մայիսի կեսերին կին ղեկավարներն ավելի շուտ են գնացել տնտեսության լոքդաունի, իսկ կանանց կողմից ղեկավարվող երկրներում մահացությունները գրեթե կիսով չափ քիչ են եղել։ Սա կարող է պայմանավորված լինել հանգամանքով, որ կանայք ավելի վճռական գործողություններ են ձեռնարկել վարակի տարածումը կանխելու կամ դանդաղեցնելու համար։
Ըստ աղբյուրի, Անն Իդալգոն, որ այս տարվա սկզբին երկրորդ անգամ վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում, Սոցիալիստական կուսակցության ամենաակնառու անդամներից մեկն է։ Նա նույնպես պայքարել է Եվրոպայում համաճարակի տարածման դեմ, Փարիզը ժամանակ առ ժամանակ ունեցել է ավելի խիստ սահմանափակումներ, քան երկրի մյուս մասերը:
Ի դեպ, քաղաքապետին տուգանելու որոշումը լայն արձագանք է գտել թե միջազգային մամուլում, թե սոցիալական ցանցերում։ Խնդրին անդրադարձել է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ թվիթերում տարածելով խնդրի մասին The Guardian-ի հրապարակումը։
Ի պատասխան ֆրանսիացի գործող քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործչին աջակցության համար։
Հիշեցնենք, որ թեև Երևանի ավագանու 65 անդամից 21-ը կամ 32 %-ը կանայք են, այդ փաստը ոչ մի կերպ չի անդրադարձել քաղաքապետարանի ղեկավար կազմի վրա, որը մինչ այս պահը ամբողջությամբ տղամարդկանցից է կազմված: Երևանի քաղաքապետն ու նրա չորս տեղակալները տղամարդիկ են, քաղաքապետի բոլոր երեք խորհրդականները տղամարդիկ են, քաղաքապետի օգնականը, մամուլի քարտուղարը, աշխատակազմի ղեկավարը, քաղաքի գլխավոր ճարտարապետը նույնպես տղամարդիկ են: Կանայք ի հայտ են գալիս միայն վարչությունների պետերի պաշտոններում, ընդ որում քաղաքապետարանի 22 վարչությունների պետերից միայն երեքն են կանայք: Պատկերն ամբողջացնելու համար ավելացնենք, որ մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններն էլ տղամարդիկ են ղեկավարում: Վարչական շրջանի ղեկավարների 19 տեղակալներից միայն մեկն է կին։
Հ. Կարապետյան
Կարդացեք մեր կայքում.
Անն Իդալգո. «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել…»
Անն Հիդալգոն՝ Փարիզի առաջին կին քաղաքապետը
Հայ կանանց քաղաքական առաջընթացն արտերկրում, բայց դեռևս ոչ Հայաստանում …
Մայրաքաղաքի ղեկին. որտե՞ղ են կանայք
Ի՞նչ փոխվեց Երևանի ավագանիում ԱԺ ընտրություններից հետո / ինֆոգրաֆիկա
Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. հաջողության գաղտնիքը
Դիտումների քանակը` 1521