Սեդա Պապոյան. «Կնոջը հաջողելու համար անհրաժեշտ է, որ ուղղակի չխանգարեն նրան»…
Այս տարվա հուլիսին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց FemInno միջազգային երկօրյա համաժողովը, որի նպատակն էր շեշտադրել կանանց դերն ու նորարարական ներուժը տեխնոլոգիաների, բիզնեսի,գիտության ոլորտներում և դրանով իսկ նպաստել կանանց առաջնորդությանն ու առաջխաղացմանը: WomenNet.am -ը զրուցել է այս նշանակալի ու հետաքրքիր նախաձեռնության հեղինակ՝ «Girls in Tech Հայաստան» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանի հետ:
«Կանանց աջախաղացմանն ու հզորացմանը նպաստող միջազգային համաժողովի անցկացման մասին սկսել ենք մտածել դեռ 5 տարի առաջ: Այն իրականացնելու հնարավորությունը, սակայն, ընձեռնվել է, միայն այս տարի», – ասում է համաժողովի հիմնադիր Սեդա Պապոյանը՝ հույս հայտնելով, որ համաժողովը շարունակական բնույթ է կրելու և անցկացվելու է ամեն տարի:
Պատմում է , որ «Girls in Tech Հայաստան»-ը՝ կանանց թիմ լինելով հանդերձ, երկար ժամանակ է աշխատել FemInno-ի բրենդավորման ու գաղափարի առաջխաղացման ողղութամբ, ինչն այդքան էլ հեշտ չի եղել:
«Գաղափարը, որպես այդպիսին, հեշտ չէր առաջ տանելը, որովհետև, ցավոք սրտի, կանանց ակտիվության հետ կապված շատ հարցեր են կողմնակալ վերաբերմունքի արժանանում Հայաստանում,: Շատերին թվում է, որ կանայք իրենք իրենց համար լրացուցիչ իրավունքներ կամ արտոնություններ են ուզում: Այնինչ, մեր պարագայում, իրականում, ճիշտ հակառակն էր: Մենք FemInno-ով ուզում էինք ապացուցել, որ կանանց մասնակցությունը գիտության, տեխնոլոգիաների ու բիզնեսի ոլորտում կարևոր է ոչ միայն կանանց, այլ հատկապես որոշում կայացնող տղամարդկանց համար»,- նկատում է Ս. Պապոյանը:
Դիտարկելով «որոշում կայացնող տղամարդկանց» որպես թիրախային խումբ, թիմը ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի վերջնարդյունքում ունենան «համերաշխության կոնֆերանս», որին տղամարդիկ ոչ միայն կմասնակցեն, այլ նաև կփոխեն իրենց մոտեցումներն ու վերաբերմունքը կանանց մասնակցության և ներուժի նկատմամբ: Նա համոզված է, որ կանայք կարիք ունեն պետական ավելի տեսանելի աջակցության՝ խրախուսման, ուղղորդման, ֆինանսավորման տեսքով.
«Ակնկալում ենք, որ կոնֆերանսը կնպաստի, որպեսզի հատկապես որոշում կայացնող տղամարդիկ մտահոգվեն կանանց հավասար հնարավորություններ ընձեռնելու հարցով, հավասար վերաբերմունք ցուցաբերեն կանանց նորարարության նկատմամբ, որպեսզի կանայք երկար ժամանակ ու ջանք վատնելու միջոցով իրենց դերն ու կարևորություննն ապացուցելու փոխարեն կարողանան ավելի հեշտությամբ առաջ տանել իրենց գաղափարներն ու հասնել արդյունքների: Սա էր մեր հիմնական ուղերձը»,- ասում է զրուցակիցս, շեշտելով, որ կազմակերպիչների ջանքերի արդյունքում տղամարդիկ ներգրավվել են ոչ միայն մասնակիցների, այլև՝ խոսնակների շարքում:
Համաժողովի տղամարդ խոսնակների թվում էր նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Միջոցառման կազմակերպիչները, մի կողմից, նկատում են՝ պետական նման մակարդակով մասնակցությունը որոշակի մեսիջ է պարունակում առ այն, որ պետական կառույցները բաց են կանանց ներգրավելու համար, մյուս կողմից փաստում են՝ գենդերային հավասարությունը դեռ շարունակում է մնալ ելույթների և բառերի մակարդակում, իսկ իրականությունը բոլորովին այլ է:
«Մենք, փաստացի, պետական սեկտորում, օրինակ, ԱԺ-ում քվոտայի շնորհիվ ունենք կանանց բավականին ակտիվ մասնակացություն, ինչը չենք կարող ասել ԱԺ ղեկավարության և կառավարության կազմի դեպքում»,- ասում է Ս. Պապոյանը:
Ինչ վերաբերում է կանանց մասնակցությանը ՏՏ ոլորտում, որն, ի դեպ, Հայաստանում ավելի բարձր է, քան միջին ցուցանիշը աշխարհում, ապա Պապոյանի դիտարկմամբ, այստեղ էլ կանանց առաջնորդության հետ կապված խնդիրներ կան.
«Հայաստանում մեկ, լավագույն դեպքում երկու ձեռքի վրա կարելի է հաշվել այն տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ղեկավարվում են կանանց կողմից: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ առաջնորդությունն առայժմ տղամարդկանց ձեռքում է: Բայց միևնույն ժամանակ շատ ուրախ եմ փաստել, որ շատ ընկերություններում հիմա բավականին մեծ թիվ են կազմում կին մենեջերները, թիմ լիդեր կանայք… Կանանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը նպաստում է նաև դրսից եկող ընկերությունների կողմից ներդրվող մշակույթն ու քաղաքականությունը, ըստ որի պետք է անպայման տեղ տալ կանանց: Արդյունքում տեղական տեխնոլոգիական ընկերությունները ևս պահպանում են մեծ ցանցի բոլոր կանոնները»:
Ի թիվս FemInno-ի, Հայաստանում կանանց, աղջիկների առաջնորդությանն ու առաջխաղացմանն ուղղված բազմաթիվ նախագծեր են իրականացվում: Դրանք գերակշիռ մասն արվում է միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների կողմից:
Մասնավորապես, FemInno-ն աջակցություն է ստացել Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք միջազգային ՏՏ ընկերություններից, որոնց շարքերում են՝ Humanize-ը, PMI Science-ը, Adobe-ը, Synopsys-ը, Siemens-ը, Semrush-ը, Miro-ն, ZEVIT-ը, IPONWEB-ը, Align-ը և ոչ միայն: Այս ընկերություններից բոլորն առանց բացառության կիսում են նույն արժեհամակարգը՝ աշխատաշուկայում բազմազանության մշակույթի և ներգրավածության խթանման հարցում:
Ս. Պապոյանը շեշտում է՝ այս դաշտում պետական մասնակցության ու պետական դերակատարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն կա:
«Քանի դեռ շարունակում ենք նմանատիպ նախաձեռնություններով հանդես գալ, նշանակում է՝ դրա կարիքը կա: Եվ հատկապես պետության կողմից այդպիսի նախագծերի խրախուսումը շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ փոփոխությունների տեմպի ու արագության վրա: Այսօր կարիք ունենք պետական ավելի մեծ ու տեսանելի աջակցության, որը կարող է լինել խրախուսման, ուղղորդման, ինչո՞ւ ոչ, նաև ֆինանսավորման տեսքով»:
Տեղական ու միջազգային փորձը հաշվի առնելով, զրուցակիցս նկատում է՝ «ողջ աշխարհում իրավիճակը կանանց նկատմամբ ամենուր գրեթե նույնն է, խնդիրները՝ գրեթե նույնն են և առայժմ կարծարտիպերը հաղթահարում ու առաջ են գնում այն կանայք, ովքեր չեն վախենում, ովքեր գտնում են իրենց մեջ բավարար վստահություն՝ անելու այն, ինչ իրենց է հետաքրքրում, ինչ իրենք են ուզում»:
Իր սեփական փորձի մասին խոսելով, Ս. Պապոյանն անկեղծանում է՝ ինչպես շատերը, ինքը ևս մինչ այժմ բախվում է ամենատարբեր կարծրատիպերի, բայց դրանք չեն խանգարում իրեն առաջ գնալ.
«Ես անձամբ, լինելով ակտիվ կին, լինելով մայր, անընդհատ առնչվում եմ կարծրատիպերի, սկսած մեքենա վարելուց մինչև ամենատարբեր այլ դրսևորումների: Հաճախ իմ գործողություններն ու քայլերը տարօրինակ են դիտվում շրջապատի կողմից և որոշակի քննարկումների տեղիք տալիս: Բայց, անձամբ ինձ, դրանք չեն խանգարում, որովհետև հստակ գիտեմ՝ ինչո՞ւ եմ դա անում, ինչպե՞ս եմ դա անելու: Եվ ավելին, ամեն օր փորձում եմ ևս մեկ կնոջ կամ աղջկա խրախուսել, օգնել առաջ գնալ…»:
Սեդան վստահ է՝ կնոջը հաջողելու համար ընդամենը երկու բան է անհրաժեշտ. նախ՝ ուղղակի չխանգարեն նրան կամ խտրական վերաբերմունք չցուցաբերեն, իսկ երկրորդը՝ կանայք իրենք չվախենան ու գնան իրենց նպատակի հետևից և չմտածեն, թե՝ ինչպե՞ս իրեն կընկալեն կամ ինչպե՞ս կվերաբերվեն…
Գ. Սարգսյան
Դիտումների քանակը` 1191