Առաջին  ՊաՊաԲլոգը Հայաստանում պատմում է հոգատար հայրիկների մասին

Լրագրող Գրիգոր Հարությունյանը շուրջ մեկ տարի առաջ ստեղծեց Հայաստանում առաջին հայրական բլոգը ` ՊաՊաԲլոգ-ը,  որի միջոցով  պատմում է հայրիկի ու որդու առօրյայի մասին, խորհուրդներ տալիս , թե ինչպես խնամել երեխային, և տարատեսակ հրապարակումներ տարածում  ծնողավարության  մասին: Բլոգը դեռևս միայն Instagram սոցիալական կայքում է, և այլ հարթակներ չի տեղափոխվել զուտ ժամանակի սղության պատճառով՝ լրագրողական աշխատանքը հագեցած է,  ասում է Գրիգոր Հարությունյանը WomenNet.am-ի հետ զրույցում:  Նշում  է,  որ իր բլոգով փորձում է ընդդիմանալ  այն կողմնակալ կարծիքին, իբր  հայրիկները չեն մասնակցում երեխաների դաստիարակությանն ու  խնամքին…

 

 

-Երբ նոր գրանցվեցի Instagram-ում, ցանցն անընդհատ ինչ-որ էջեր էր խորհուրդ տալիս բաժանորդագրվելու համար, և այդ ընթացքում աչքովս ընկավ կին-բլոգերներից մեկի գրառումն այն մասին, որ  մեր հայ  տղամարդիկ բոլորովին  չեն զբաղվում  երեխաների դաստիարակությամբ և խնամքով,  իսկ  արտերկրում պատկերը բոլորրովին այլ է… Այդ գրառումն ինձ շատ վիրավորական թվաց,  որովհետև ես էլ, իմ շրջապատում էլ բազմաթիվ հայրիկներ չեմ ասում մայրիկների չափ, բայց զբաղվում են երեխաների դաստիարակությամբ, և  ջանք չեն խնայում երեխաների կյանքում իրենց ներդրումն ու  մասնակցությունն ունենալու հարցում: Այդ պահին, երբ տեսա, թե ինչ է գրում մամա-բլոգերի բավականին մեծ լսարանը, հետաքրքրությունս արթնացավ՝ արդյոք Հայաստանում կա՞ պապա-բլոգեր, ով կասի, որ այդպես չի, ժողովուրդ, հայրիկներն էլ են մասնակցում երեխայի խնամքին… Արդյունքում՝ հակադրվելով այդ թյուր կարծիքին, սկսեցի կամաց-կամաց վարել  իմ  հայրական բլոգը…

 

-Շատ հետևորդներ ունե՞ք…

 

-Հուլիսին բլոգը կդառնա մեկ տարեկան, դեռ շատ չեն հետևորդները՝ 1000-1500: Ուշագրավ է,  որ հիմնական լսարանը կանայք են, բայց միտում տեսնում եմ, որ վերջերս նաև հայրիկներն են սկսել ակտիվ հետաքրքրվել, միանալ:

 

 

 

-Գուցե, այնուամենայնիվ,   դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում տղամարդիկ դեռ շատ քիչ են մասնակցում երեխաների խնամքին…

 

 

-Չեմ կարծում, քանի որ իրականում տղամարդիկ մասնակցում են՝ մեկը շատ, մյուսը  քիչ… Պարզապես մեր խնդիրը նրանում է, որ մեզանում հայրիկները հանրայնորեն ցույց չեն տալիս իրենց մասնակցությունը՝ կարծրատիպերով պայմանավորված կոմպլեքսների խնդիր է…  Հայրերն ավանդաբար միշտ ավելի զուսպ սիրողներ են, հետևաբար իրենց էմոցիաները քիչ են արտահայտում, շրջապատում կամ առավել ևս մեդիայում  այդ թեմայով քիչ են խոսում և երևում: Գուցե խուսափում են սիրո արտահայտումից, որպեսզի երեխաները երես չառնեն,  կամ մտավախություն ունեն թե շրջապատը ինչ կասի, չգիտեմ: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ քիչ են երևում սիրաշատ հայրիկները, և խորապես հավատացած եմ, որ իրենց երեխաների խնամքով զբաղվող հայրիկների թիվն իրականում շատ է…

 

 

– Իսկ Ձեր շրջապատում ինչպե՞ս ընկալվեց հայրական բլոգի գաղափարը, մասնավորապես, տղամարդկանց կողմից ինչպես ընդունվեց:

 

 

-Շրջապատի հարցում բախտս բերել է և, կրկնում եմ, ինձ շրջապատող շատ տղամարդիկ  իրենց հոգատարությամբ մայրիկներին քիչ են զիջում: Բայց նրանք էլ չեն հանրայնացնում իրենց  վեևբերմունքն և վարքագիծը: Բոլոր դեպքերում, հայրական բլոգն ակտիվացնելու պահից շատ քիչ մարդիկ գտնվեցին, որոնք ասացին՝ «լավ դե, թարգի, ինչ ես անում»… Նմանատիպ մեկնաբանություններ քիչ եմ ստացել, ընդամենը  մեկ-երկուսն էին Instagram-ում,   աշխատում եմ դրանց վրա ուշադրություն չդարձնել… Ի սկզբանե պատրաստ էի, որ  երեխայի կյանքով հետաքրքրվող, երեխայի խնամքով զբաղվող, տակդիրը փոխող հայրիկի կերպարի ներկայացումը կարող է  որոշ մարդկանց մոտ խնդիրներ առաջացնել: Բայց դա իմ շրջապատից դուրս է… Ավելին՝ իմ հրապարակումները հաճախ քննարկում եմ  ընկերներիս հետ, ու շատ գաղափարներ ծնվում են նման քննարկումներից…

 

-Ձեր փոքրիկը շուտով երեք տարեկան կդառնա և, որքան հասկացա, դուք ամեն ինչ  արել եք իր խնամքի հետ կապված՝ գիշերները չքնել, տակդիր փոխել, տանել զբոսանքի և այլն:

 

 

-Այո, միայն կրծքով չեմ կերակրել (ծիծաղում է – խմբ.): Ինչքան ժամանակս ներել է, վստահաբար աշխատել եմ առավելագույնս կիսել երեխայի հետ կապված բոլոր  հոգսերը:

 

 

Արձակուրդ եմ վերցրել և մեկ ամիս զբաղվել եմ իմ երեխայի խնամքով, կինս այդ ընթացքում մեկնել է վերապատրաստման դասընթացների արտերկիր: Ապրում ենք ծնողներիս հետ, բայց նրանց կողմից որևէ խնդիր  այդ մասով չեմ տեսել: Պարբերաբար կինս մեկնում է տարբեր գործուղումների, լինում է, որ օրերով տղաս մնում է միայն իմ հետ և դա լրիվ բնական ընթացք եմ համարում…

 

 

-Համաձայնեք, որ նման օրինակները շատ քիչ են:

 

 

-Այո, համաձայն եմ: Բայց ուրախալին այն է, որ այսօրվա սերունդը այլ կերպ է մտածում, քան, ասենք, տաս տարի առաջ ու այս իրավիճակը փոխվում է:

 

 

-Եվ ի՞նչ անենք, որպեսզի կոտրենք կարծրատիպա-կոմպլեքսային շղթան և համոզենք, որ երեխայի խնամքը միայն մայրիկի գործը չէ ու դա ամոթ բան չէ…

 

 

-Ես փորձում եմ ինձանից կախվածն անել իմ  ՊաՊաբլոգում, «քարոզել» այսպես ասած, որովհետև հանրությունը սովոր է օրինակներով առաջ շարժվելու: Երբ կան օրինակներ,  դրանք նաև նոր մտածելակերպ են ձևավորում: Դա այդպես է: Եվ հայրական  բլոգը վարելու իմ շահագրգռվածությունը հենց դա է, որպեսզի իմ օրինակով  ցույց տամ, որ կարելի է լինել հայրիկ  և լինել ամբողջությամբ ներգրավված երեխայի դաստիարակության ու խնամքի գործում ու դրանից չամաչել…

 

 

Բազմիցս եմ դրան անդրադառնում ի բլոգում: Հիմնական թեզն այն է, որ հայրերը սիրում են,  ուզում են մասնակցել, բայց երբ կան այլ աչքեր, նրանք շատ ավելի զուսպ են ու խուսափում են արտահայտել իրենց իրական զգացմունքները…

 

 

Ի դեպ

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 2015-2016-ին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» զեկույցի համաձայն, Հայաստանում հարցված տղամարդկանց մոտ 12 %-ը և կանանց 10 %-ը նշել են, որ նրանք երեխայի խնամքը միասին են կազմակերպում, հարցված կանանց 57 %-ը և տղամարդկանց 2 %-ը նշել են, որ նրանք դա միայնակ են անում:

 

Տղամարդկանց 6 %-ն ասել է՝ երեխայի տակդիրներն ու շորերը հերթով են փոխում, կանանց 4 %-ն է նման բան ասել։ Տղամարդկանց 0.6 %-ն է ասել, որ դա անում է միայնակ, կանանց՝ 45 %-ը։

 

Տղամարդկանց 7 %-ն ասել է,որ երեխային միասին են լողացնում, կանանց 4 %-ն է նման բան ասել։ Հարցված տղամարդկանց 1 %-ը և կանանց 51 %-ը նշել են, որ նրանք դա, հիմնականում, մենակ են անում:

 

 

Լիա Խոջոյան

 

 

 

 

Դիտումների քանակը` 938

Գլխավոր էջ