«Համավարակը խորացնում է գոյություն ունեցող անհավասարությունները»

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը  ներկայացրել է  «Կանանց վրա COVID-19-ի ազդեցությունը» քաղաքականության ամփոփագիրը (Policy Brief ) , որը վերլուծում  է  համավարակի պայմաններում գենդերային անհավասարության խորացման վտանգները և  հասցեագրված է քաղաքականություն մշակողներին: 

 

 

 «2020-ին նշվող  Պեկինի գործողությունների ծրագրի 25-ամյակը ակնկալվում էր, որ   անկյունաքարային կդառնա գենդերային հավասարության համար։ Փոխարենը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, նույնսիկ վերջին տասնամյակներում գրանցած սահմանափակ հաջողությունները կարող են  հետ շրջվել։ Համավարակը խորացնում է գոյություն ունեցող անհավասարությունները՝ բացահայտելով սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգերի խոցելի տեղերը, որոնք էլ իրենց հերթին ուժեղացնում են համավարակի ազդեցությունը»,-ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցում։

 

 

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ բոլոր ոլորտներում՝ սկսած առողջապահությունից մինչև տնտեսություն, անվտանգությունից մինչև սոցիալական ապահովություն, COVID-19-ի հետևանքներն ավելի սրվում են կանանց համար՝ պայմանավորված սեռի հատկանիշով արդեն իսկ առկա խտրականությամբ։

 

 

Տնտեսական հետևանքների մասով  նշվում է, որ դրանք կանանց դեպքում տարբերվում են տղամարդկանց վրա ունեցած ազդեցություններից, քանի որ կանայք, ավելի շատ ընդգրկված լինելով տնտեսության ոչ ֆորմալ հատվածում, չեն կարողանում օգտվել սոցիալական պաշտպանությունից։ Իրավիճակն ավելի վատ է զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ  կանանց 70 տոկոսն է ոչ ֆորմալ աշխատող։ Կանանցից շատերը տնային տնտեսություններում միայնակ ծնողն են, ընտանիքի գլխավորը, և աշխատանքի կորուստը հատկապես ցավոտ է անդրադառնում նման ընտանիքների վրա:

 

 

Էբոլայի համաճարակը  ցույց տվեց, որ  կարանտինը էական կերպով ազդում է  կանանց տնտեսական ու կենսաապահովման գործունեության վրա՝ մեծացնելով աղքատությունը, առաջացնելով պարենի անբավարարություն։  Խնդրի լուծման համար ընդգծվում է՝  կրթության գենդերային բացի նվազեցումը, աշխատանքի շուկայում կանանց ներկայութան ընդլայնումը։

 

 

Առողջապահության ոլորտում  նշվում է, որ համակարգի աշխատակիցների 70 տոկոսը կանայք են, ու հենց այս օրերին նրանք պայքարում են առաջին գծում։ Կանայք  բժիշկներ են, բուժքույրեր, համայնքային բուժաշխատողներ, մայրապետեր, մաքրուհիներ։ Չնայած այս թվերին, նրանք հաճախ ներկայացված չեն COVID-19 համավարկի պայմաններում որոշումների կայացման գլոբալ գործընթացում։

 

 

Հաջորդ խնդիրն այս ոլորտում սեռական և վերարտադրողական առողջության, ներառյալ մայրական առողջության պահպանման և գենդերային բռնության դեմ պայքարի ծառայությունների սահմանփակումն է, որոնք առանցքային նշանակություն ունեն կանանց և աղջիկների առողջության, իրավունքների և բարեկեցության համար: Այս ծառայությունների անհասանելիությունը կամ  ոչ պատշաճ մատուցումը կարող են հանգեցնել մայրական մահացությունների աճի,  հիվանդություններ սրացման, դեռահասների շրջանում հղիությունների, ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների աճի։ Այստեղից էլ, հորդորը ապահովել բժշկական, նորածինների խնամքի, ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար նախատեսված աջակցության ծառայությունների շարունակականությունը համավարակի պայմաններում։

 

 

ՄԱԿ-ի փորձագետները նաև կոչ են անում կառավարություններին մեծ ուշադրություն դարձնել առաջնագծում գտնվող բուժաշխատողների դերին, նրանց կարիքներին՝ ապահովելով նրանց պաշտպանիչ ու ախտահանիչ միջոցներով։

 

 

Ընտանիքի անդամների խնամքի աշխատանքի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ այդ չվճարվող ու անտեսանելի ներդրումն իրական ազդեցություն ունի տնտեսության համար։ Եթե մինչ համավարակը կանայք երեք անգամ ավելի շատ չվճարվող տնային աշխատանք էին կատարում, քան տղամարդիկ, ապա համավարակի պայամաններում խնամքի աշխատանքների պահանջարկը մեծանում է, ինչն ավելի է խորացնում աշխատանքային բաժանման մեջ առկա գենդերային անհավասարությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, կորոնովիրուսի հետևանքով 1.52 մլրդ ուսանողներ, աշակերտներ, ավելի քան 60 մլն ուսուցիչներ տանն են, քանի որ դպրոցները չեն աշխատում։ Որպես կանոն երեխաների խնամքը դրված է կանանց ուսերին ոչ միայն աշխատաշուկայի կառուցվածքի, այլ նաև սոցիալական նորմերի հետևանքով։ Այստեղ էլ փորձագետներն ընդգծում են շուկայում կանանց ներկայացվածության մեծացմանն ուղղված արագ ու արդյունավետ ջանքերի ու քայլերի անհրաժեշտությունը։ Դրանք առավել անհրաժեշտ են հիվանդանոցային, սննդի, տուրիզմի ոլորտներում, որտեղ կանանց ընդգրկվածությունը մեծ է։

 

 

Ընտանեկան բռնության մասով հատվածում նշվում է, որ համավարակի օրերին դեպքերի թիվը մեծանում է,  իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ աջակցության շատ կենտրոններ, ծառայություններ չեն գործում կամ մասամբ են գործում, ապասատարանները լեցուն են կամ փակ։ Իրավապահ մարմիններն, առողջապահական ծառայություններն էլ հաճախ պատշաճ աջակցություն ցուցաբերել չեն կարողանում, քաղհասարակության ներկայացուցիչներն էլ մեկուսացման մեջ են։ Զեկույցում ընդգծվում է իրավական այնպիսի կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք կսահմանեն արտակարգ իրավիճակներում իրավունքների գերակայությունը և կօգնեն կասեցնել գենդերային հենքով բռնությունները։ Հիմնական ու կենսական ծառայությունների թվում պետք է դիտարկվեն նաև ընտանեկան բռնությունից տուժածների համար նախատեսված ապաստարանները, ավելին նման իրավիճակներում պետք է ընդլայնել ապաստարանային հնարավորությունները՝  դրանց համար օգտագործելով դատարկ հյուրանոցներն ու ուսումական հաստատությունները։

 

 

Մարդասիրական ու զարգացման ծրագրերի ու նախաձեռնությունների առումով համավարակը  նույնպես կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Մասնավորապես, նման ծրագրերի  կասեցումը, չեղարկումը, հետաձգումը  կարող է բերել  լուրջ խնդիրների առաջացման հումանիտար աջակցության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Նույն համատեքստում կարևորվում են ծրագրերը, որոնք  նպատակաուղղված են  ապահովելու կանանց  մասնակցությունը որոշումների ընդունման մակարդակում:

 

 

Համավարակի պայմաններում գենդերային անհավասարության հիմնախնդիրներին է  անդարադառնում նաև ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի (UNDP) կողմից  վերջերս հրապարակված «COVID-19-ը և գենդերային անհավասարության տնտեսական հետևանքները.  առաջարկություններ քաղաքականության մշակողների  համար» փաստաթուղթը: Թեև այն հասցեագրված Լատինական Ամերիկայի տարածաշրջանի երկրների կառավարություններին,  սակայն  կարող է , ընդհանուր առմամբ, ուղեցույց ծառայել համավարակի դեմ պայքարում   գենդերային զգայուն մոտեցումներ ցուցաբերելու հարցում:   

 

 

«COVID-19- ը ճգնաժամ է, որը հրատապ պատասխաններ է պահանջում: Համավարակի տարածման հետ կապված ճգնաժամի սոցիալական և տնտեսական ազդեցությունները մեղմելու համար պահանջվում են համակարգված և ինտեգրված միջոցառումներ առողջապահության, ընտանիքի անդամների  խնամքի կազմակերպման հարցերում:  Այս առումով կարևորվում է կանանց դերը, քանի որ հենց  կանայք են  գտնվում առողջապահության  և խնամքի արձագանքման առաջնագծում՝ օգնելով տուժած անձանց   առողջապահական հիմնարկներում, սոցիալական ծառայություններում,  ապահովելով  ընտանիքների բարեկեցությունը, խնամքը և կայունությունը տնային տնտեսություններում: Տնտեսական հետևանքները կարող են հեռու գնացող ազդեցություն թողնել և խորացնել առկա անհավասարությունները, ներառյալ գենդերային անհավասարությունը», – ասված է ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի կողմից մշակված փաստաթղթի ներածության մեջ:

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 1391

Գլխավոր էջ