ԵԽԽՎ նստարջան. Հայաստանին հորդորել են մեծացնել կանանց ներկայացվածությունը պատվիրակության կազմում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման լիագումար նիստի ընթացքում Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ նիդերլանդացի պատվիրակ Թինի Քոքսը գովեստի խոսքեր է հասցեագրել Ալբանիայի, Անդորրայի, Վրաստանի, Իսլանդիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Սերբիայի ու Սլովենիայի  հասցեին՝  նշելով, որ նախորդ տարի այս երկրների ազգային խորհրդարանների առնվազն կեսը եղել են կանայք։

 

 

«Ես հատկապես զգուշացնում եմ Հայաստանին, Խորվաթիային, Չեխիային, Մալթային, Լեհաստանին, Սլովակիային, Միացյալ Թագավորությանը  իրենց պատվիրակությունների կազմում կանայք եղել են մեկ քառորդից էլ պակաս։ Ես  հորդորում եմ այս պատվիրակություններին ավելի հավասարակշռված կազմով  ներկայանալ այս տարի»,-ասել է նա։

 

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ունի ութ անդամ, որից չորսը փոխարինող անդամներ են։ Ութ անդամներից երկուսն են կանայք՝ ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու «Իմ քայլը» խմբակցությունից Տաթևիկ Հայրապետյանը։

 

 

Պատվիրակի ներկայացրած զեկույցում ներառված տվյալների համաձայն, անցած տարի ԵԽԽՎ երեք անդամներից մեկը կին է եղել՝ մոտ 34 տոկոս։ Այս ցուցանիշը մի փոքր բարձր է, քան  ազգային խորհրդարանների միջին ցուցանիշն է, այն կազմում է 29 տոկոս։ 

 

 

«Ամեն դեպքում երկար ճանապարհ կա անցնելու իրական հավասարության հասնելու համար։ Մենք բոլորս պետք է ավելի լավ աշխատենք Վեհաժողովում կանանց թիվն ավելացնելու համար»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը։

 

 

Նա ընդգծել է, որ կանայք համաչափ ներկայացված չեն հանձնաժողովների նախագահների, ԵԽԽՎ նախագահի տեղակալների շարքում։

 

 

«Գենդերային հավասարության հասնելը, կանանց թվի արագ ու արդյունավետ ավալեցումը ոչ միայն հայացքների սպեկտրի  ընդլայնման խնդիր է, այլև մարդու իրավունքի, քանի որ գենդերային հավասարությունը նաև մարդու իրավունք է»,-նշել է նա։

 

 

Հիշեցնենք, որ այս տարվա  հունվարի 27-31-ը  տեղի ունեցած  ԵԽԽվ-ի  ձմեռային նստաշրջանում գենդերային անհամամասնության  պատճառով վիճարկվեցին վեց պատվիրակությունների կազմեր: Մասնավորապես, չեն հաստատվել  Շվեյցարիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի,  Մակեդոնիայի, Սան Մարինոյի պատվիրակների մանդատները, հարցը ուղարկվել է Կանոնակարգի և Հավասարության ու ոչ խտրականության հանձնաժողովներ։ 

 

 

 

Վեհաժողովի պատվիրակների 34%-ը եղել են կանայք

 

 

Ներկայացված զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, 2019-ին վեհաժողովի պատվիրակների 34 տոկոսը եղել են կանայք։ Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշն արձանագրվել է 2018-ին, իսկ 2017-ին կազմել է 37 տոկոս։ Նշվում է, որ ԵԽԽՎ այն կանոնը, որի համաձայն պատվիրակություններում կանայք պետք է ներկայացված լինեն նույն հարաբերությամբ, ինչ ազգային խորհրդարաններում, դրական ազդեցություն է ունեցել։ Չնայած կան պատվիրակություններ, որտեղ կանանց ներկայացվածությունն ավելի մեծ է, քան իրենց  երկրների  խորհրդարաններում։

 

 

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ԵԽԽՎ-ն նախորդ տարում կին էր նախագահում, իսկ կին փոխնախագահների թիվն ավելացել է՝ 33 տոկոսից հասնելով 41 տոկոսի, մինչդեռ միևնույն ժամանակ Բյուրոյում կանանց ներկայացվածության ցուցանիշը կրճատվել է՝ 47 տոկոսից հասնելով 42-ի։ Նվազել է նաև հանձնաժողովների կին նախագահների թիվը, եթե 2018-ին 9 հանձնաժողովից վեցն էին կանայք գլխավորում, 2019-ին՝ 4-ը։ Հանձնաժողովներում կանանց ընգրկվածությունն էլ 32 տոկոսը։

 

 

Զեկույցում ներկայացված աղյուսակի համաձայն, պատվիրակությունների շարքում Հայաստանի գենդերային ցուցանիշներն ուրախացնող չեն։ Կանայք, ինչպես նշել ենք, 25 տոկոս են կազմում։ Նույն ցուցանիշներն ունեն Լիտվիան, Լիխտեյնշտեյնը, Իռլանդիան, Մոլդովան, Մարոկոն, Սան Մարինոն և այլ պետություններ։ Իհարկե կան, պատվիրակություններ, որոնք ավելի ցածր ցուցանիշ ունեն, օրինակ, Լեհաստանը՝ 17 տոկոս, Ռումինիան ու Սլովակիան՝  20 տոկոս, Միացյալ Թագավորությունը՝ 24 տոկոս և այլն։

 

 

Պատվիրակաություններում կանանց ներկայացվածության առավել բարձր ցուցանիշներ ունեն Սլովենիան՝ 83 տոկոս, Սերբիան՝ 71 տոկոս, Իսլանդիան՝ 67 տոկոս, Ֆինլանդիան՝ 60 տոկոս և այլն։

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք  թեմայի շուրջ մեր կայքում.

 

ԵԽԽՎ-ի պատվիրակություններից վեցը խախտել են գենդերային համամասնության պահանջը

 

 

Դիտումների քանակը` 1546

Գլխավոր էջ