ԵԽԽՎ 30-րդ նախագահ  ընտրվեց Ստելլա Կիրիակիդեսը

Պեդրո Արգամունտի   պարտադրված հրաժարականից հետո  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծվեց: Վեհաժողովի  նախագահ ընտրվեց ԵԽԽՎում Կիպրոսի պատվիրակության ղեկավար  Ստելլա Կիրիակիդեսը:

 

Քվեարկության արդյունքներով Ստելլա Կիրիակիդեսը ստացավ 132 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսը 84 ձայն։ Նրանք երկուսն էլ ԵԺԿ անդամներ էին, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ աջակցում է Զինգերիսին: Չնայած դրան Ստելա Կիրիկիադեսը հաղթեց: Ի դեպ, հենց նրա օգտին էին քվեարկել նաև հայաստանյան պատվիրակության անդամները:

 

«ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրիակիդիսը՝ չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց՝ «Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ»,-քվեարկության ավարտից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

 

Իսկ քվեարկությունն այնքան էլ հարթ չընթացավ:  Հոկտեմբերի 9-ին քվեարկության երկու փուլերի արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չստացավ անհրաժեշտ թվով ձայներ: Քվեարկությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 10-ին:

 

Առաջին անգամ Կիպրոսի ներկայացուցիչը դարձավ Վեհաժողովի նախագահը: Կառույցի պատմության մեջ նա 30-րդ նախագահն է, նաև  երրորդ կինը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը:

 

Լյուքսեմբերգի ներկայացուցիչ Անն Բրասսերը ԵԽԽՎ-ն ղեկավարել էր 2014-2016 թվականներին, իսկ մինչ այդ ՝ 1996-1999 թվականներին կառույցը ղեկավարել է Գերմանիայի ներկայացուցիչ Լենի Ֆիշերը: Նա ԵԽԽՎ առաջին կին նախագահն էր:

 

Ստելլա Կիրիակիդես  կպաշտոնավարի  մինչև 2018  թվականի ձմեռային նստաշրջանի մեկնարկը՝  հունվարի 22-26-ը: Սկանդալային պատմությամբ Վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացած իսպանացի Պեդրո Ագրամունտի պաշտոնավարումն ավարտվելու էր հենց այդ ժամանակ։

 

«Այս ընտրությունները տեղի են ունենում Վեհաժողովի համար արտասովոր պայմաններում, երբ կառույցի նկատմամբ վստահությունը դրված է հարցականի տակ: Հարցականի տակ է դրված Եվրախորհուրդի ինստիտուտների թափանցիկությունը: Այս մարտահրավերներն ու պատասխանատվությունը բոլորինս է, բայց մեծամասամբ իմը՝ որպես Վեհաժողովի նոր ընտրված նախագահ»,-իր ելույթում նշել է նորընտիր նախագահը:

 

Ստելլա Կիրիակիդեսը պատմել է, որ առաջադրվելու որոշումը բխում է  ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հաստատման իր ունեցած համոզմունքից ու անխնա աշխատելու եռանդից:

 

«Այսօր դուք ինձ հնարավորություն տվեցիք, վստահություն ներարկեցիք աշխատելու այդ ուղղությամբ: Առաջիկա մի քանի ամիսներին իմ աշխատանքն ուղղված է լինելու հանգիստ մթնոլորտի ձևավորմանը, կոնսենսուսի, միասնականության ու վստահության կայացմանը: Աշխատելու եմ հանուն թափանցիկության ու ընդդեմ կոռուպցիայի:  Մենք պետք է հետևենք էթիկայի նոր կանոններին ու սկզբունքներին: Այս ամենն անելու համար ես քաղաքական բոլոր խմբերի, Գլխավոր քարտուղարի ու ԵԽ աշխատակազմի աջակցության կարիքն ունեմ: Այդ նպատակով է, որ մենք այստեղ ենք»,-ասել է նա:

 

ԵԽԽՎ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ստելլա Կիրիակիդեսը ծնվել է 1956 թվականի մարտի 10-ին Նիկոսիայում, մասնագիտությամբ հոգեբան է: Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2006-ին:

 

Նախարարների խորհուրդում 2016-ին նա նշանակվել է Քաղցկեղի ռազմավարության ազգային կոմիտեի նախագահ: Նրա նախաձեռնությամբ 2013 թ.-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպեկ է քաղցկեղի իրազեկման առաջին քարոզարշավը: Եղել է սոցիալական հարցերի, առողջապահության ու կայուն զարգացման կոմիտեի ղեկավարը, Հավասարության ու ոչ խտրականությանը կոմիտեի անդամ:

 

Նա եղել է «Ոչ մի ատելություն խորհրդարանական դաշինք»-ի անդամ,  Եվրոպայի խորհրդի՝ երեխաների սեռական չարաշահումների դեմ պայքարի  (2013-2015), ինչպես նաև երեխաների իրավունքների գլխավոր զեկուցող (2013-2015):

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4099

Գլխավոր էջ