Միջազգային դիտորդներն արտահերթ ընտրություններում ատելության խոսքի ու կանանց մասնակցության մասին

 

Ատելության ու ագրեսիվ խոսքը՝ քարոզարշավի ուղեկից

 

 

«Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային և լավ կազմակերպված էին, սակայն բևեռացված և խաթարված էին ագրեսիվ հռետորաբանությամբ»,-հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության հաջորդ օրը Երևանում նման գնահատական  է հնչեցրել  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելությունը։

 

 

Դիտորդները հրապարակած նախնական եզրակացության մեջ նշել են, որ  մինչ ընտրություններն ընկած ժամանակահատվածում անհարդուժողականության, վիրավորանքի և խտրական հռետորաբանության մակարդակի աճ է եղել։

 

 

Նրանք ընդգծել են, որ նախընտրական քարոզչության շրջանում բանավեճը տարվել է ավելի ու ավելի հաճախակի հնչող ագրեսիվ խոսքով և մեղադրանքներով՝ վատթարացնելով բևեռացման բարձր աստիճանը և հետագայում նվազեցնելով ուշադրությունը քաղաքական ծրագրերի և քաղաքականության հանդեպ:

 

 

«Խոր բևեռացումը չի նսեմացրել արդյունավետ անցկացված ընտրությունները։ Պետք է հուսալ, որ արդյունքները կընդունեն քաղաքական սպեկտորի բոլոր կողմերը, և քարոզչության կոշտ հռետորաբանությունը պատմության գիրկը կուղարկվի»,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատրուգալոսը:

 

 

«Ատելության և կշտամբանքի խոսքը մասնավորապես սոցիալական ցանցերում բացասաբար է ազդում հանրային դիսկուրսի վրա:  Բացի այդ, վերջին շրջանում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ ֆիզիկական ոտնձգության մի շարք դեպքեր են եղել, որոնք հարցեր են առաջացնում մամուլի ազատության հարգանքի վերաբերյալ»,-ասված է դիտորդական առաքելության հրապարակած զեկույցում։

 

 

Նշվում է նաև, որ ԿԸՀ  դիմումատուներից շատերը պնդել են, որ տեղի են ունեցել կոպիտ հռետորաբանության և ատելության խոսքի կիրառման հիմքով քարոզարշավի խախտումներ, և իրենք պահանջել են չեղյալ համարել որոշ թեկնածուների ցուցակների և առանձին թեկնածուների գրանցումը: Բողոքների մեծ մասը մերժվել է իրավական հիմնավորվածության բացակայության պատճառով, ԿԸՀ-ն շեշտել է, որ անհատական քարոզչական ելույթների գնահատումը իր իրավասությունների մեջ չէ, և ընտրական օրենսգիրքը չի նախատեսում նման գնահատման չափանիշներ:

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ բռնության կոչեր պարունակող խոսքի համար ԿԸՀ էր դիմել «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

 

 

Թեկնածու կանայք՝ քարոզարշավի ետնաբեմում

 

Միջազգային դիտորդներն արձանագրում են, ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:

 

 

Եվրոպական կառույցների փորձագետների գնահատմամբ, ընտրական գործընթացը եղել է ներառական, ԿԸՀ-ն գրանցել է 22 կուսակցության և 4 դաշինքի թեկնածուների ցուցակներ։

 

 

 Հունիսի 10-ի վերջնաժամկետից և մեկ կուսակցության ինքնաբացարկից հետո մրցակցությունը շարունակել են 25 ընտրական ցուցակներ՝ 2498 թեկնածուներով, որոնցից 925-ը եղել են կանայք (37%)։

 

 

 Բոլոր ցուցակները կազմվել են երկու սեռերի ներառվածության պահանջին համապատասխան, անգամ 39 թեկնածուների ինքնաբացարկից և գրանցման չեղարկումից հետո այդ համամասնությունը պահպանվել է։ Ընտրական ցուցակներից ցուցակներից միայն երկուսն են գլխավորել կին թեկնածուներ։

 

 

«Չնայած 30 տոկոս քվոտային, քարոզարշավի միջոցառումներում կանայք ակնհատորեն մղվել են հետին պլան՝ հազվադեպ ելույթներով: Քարոզարշավի ընթացքում ակնհայտորն բացակայել են կանանց և ազգային փոքրամասնություններին թիրախավորող ուղերձները»,-նշում են դիտորդներն ու ներկայացնում իրենց մոնիտորինգի արդյունքները. դիտարկված հանրահավաքների ընթացքում 153 ելույթ ունեցողներից միայն 24-ն են եղել կանայք (16%), իսկ դիտարկված քարոզչական 73 միջոցառումներից 51-ում (70%) կանայք ելույթ չեն ունեցել:

 

 

Հիշեցնենք, որ այս ընտրություններն առաջինն էին, որտեղ գենդերային քվոտան առնվազն 30% էր, նախկին ընտրություններում կուսակցությունների ցուցակների համար գործել է 25/75  համամասնության պահանջը։

 

 

Կանայք՝ ընտրական հանձնաժողովներում

 

 

Կանայք պատշաճ ներկայացված են եղել ՏԸՀ-ներում, ի տարբերություն ԿԸՀ-ի և տարածքային ԸՀ-ների, որտեղ նրանք ներկայացված են եղել անդամների մոտավորապես մեկ երրորդի չափով: Նման արձանագրում են արել եվրոպացի դիտորդներն ու ներկայացրել սեփական ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն, ԸԴՄԱ-ի (ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն) կողմից դիտարկված 43% տարածքային ԸՀ-ները նախագահել են կանայք և ընդհանուր առմամբ դիտարկված տարածքային ԸՀ-ների անդամների 65 %-ը կանայք են եղել:

 

 

ԿԸՀ-ն և բոլոր տարածքային ԸՀ-ները հետևել են իրենց կազմում յուրաքանչյուր սեռի առնվազն երկու ներկայացուցիչ ներառելու օրենքի պահանջին: ԿԸՀ յոթ անդամներից երեքը կանայք են (42%)՝ ներառյալ նախագահի տեղակալը: Տարածքային ԸՀ-ների մակարդակում 266 անդամից 94 –ը կանայք են (35%), որոնցից միայն մի քանիսը որոշում կայցնողների պաշտոններում՝ ներառյալ երկու հանձնաժողավի նախագահ (հինգ տոկոս) և վեց հանձնաժողավի նախագահի տեղակալ (16%):

 

 

 

 Տարածքային ԸՀ-ների կազմի ըստ սեռի տարանջատված տվյալները անհրաժեշտ է վերհանել, դրանք պատրաստ և հասանելի չեն՝  հակառակ միջազգային չափանիշների: ԿԸՀ-ն չի հրապարակել ըստ սեռերի տարանջատված ՏԸՀ անդամների կազմի մասին տեղեկատվություն:

 

 

Դիտորդ կանայք

 

 

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ներառում է մայրաքաղաքում տեղակայված 16 փորձագետներ և 26 երկարաժամկետ դիտորդներ` տեղակայված պետության ողջ տարածքում։ Ընտրության օրը 37 երկրից գործուղվել են 344 դիտորդ՝ այդ թվում 247 ԺՀՄԻԳ-ի կողմից, ինչպես նաև 73 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԱՀԿ ԽՎ-ից և 24 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԽԽՎ-ից։ Կանայք կազմել են դիտորդների 41%-ը: Քվեարկության բացումը դիտարկվել է 129 ընտրատեղամասում, ընտրությունը դիտարկվել 1150 ընտրատեղամասերում երկրի ողջ տարածքով։ Արդյունքների հաշվարկը դիտարկվել է 107 ընտրատեղամասերում և աղյուսակավորումը 32 տարածքային ԸՀ-ներում։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 967

Գլխավոր էջ