ԵԱՀԿ խորհրդարանականները խոսել են խաղաղության և անվտանգության հարցերում կանանց դերի բարձրացման մասին

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում օրերս անցկացված քննարկումը, որը կազմակերպվել էր  «Հելսինկի+50. Կոչ գործողության» նախաձեռնության շրջանակում, նպատակ ուներ քաղաքական առաջնորդների ու խորհրդարանականների ուշադրությունը հրավիրել այն հարցին, թե ինչպես նրանք կարող են առաջ մղել Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգը, և խթանել ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացումը տարածաշրջանում:

 

 

ԵԱՀԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, բացման խոսքում ԵԱՀԿ ԽՎ նախագահ, Շվեդիայի ներկայացուցիչ Մարգարետա Սեդերֆելտը  նշել է, որ անցած տարի  լրացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի ընդունման 20-րդ տարին։ Բանաձևն  ընդգծում է  կանանց կենտրոնական դերը հակամարտությունների կանխարգելման, հաղթահարման և կարգավորման գործում:

 

 

Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահը՝ ընդգծելով գործողությունների ազգային ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է Շվեդիայի փորձը այդ օրակարգի ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, ազգային ծրագրի ընդունումը,  երկրի պետական մարմինների կողմից ընդունվող բոլոր ծրագրերի գենդերային ուղղորդումը, ինչպես նաև խաղաղության համար աշխատող կանանց կազմակերպությունների ֆինանսավորման զգալի ավելացումը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ գործելակերպը կարող է կիրառվել նաև ԵԱՀԿ տարածքում:

 

 

 «Որպես խորհրդարանականներ՝ մենք կարող ենք պաշտպանել այն քաղաքականություններն ու օրենքները, որոնք կանխում են գենդերային հիմքով բռնությունը և նպաստում Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգին: Միայն այս արժեքների ամրապնդմամբ կարող ենք ունենալ իրական առաջընթաց  դեպի գենդերային հավասարություն»,-նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը։

 

 

Քննարկման մասնակից ԵԱՀԿ ԽՎ գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Հեդի Ֆրայը (Կանադա) նկատել է, որ բանաձևն ընդունվել է 20 տարի առաջ, բայց մինչ այժմ,  չնայած կառավարություններին հանձնարարվել է բանաձևին համապատասխան ազգային ծրագրեր ընդունել, դրա իրականացումն ուշանում է:
Նա ներկայացրել է բանաձևի ընդունման պատճառը՝ ընդգծելով, որ կանայք հանդիսանում են հակամարտություններից առավել շատ տուժողներից,  այդ պատճառով էլ լուրջ հանձնառություն ունեն հակամարտությունների կարգավորման գործում։ Ֆրայն ընդգծել է հաշվետվողականության կարևորությունը այդ գործընթացին կանանց հավասար մասնակցություն ապահովման համար։  «Խորհրդարանականները պետք է առաջ տանեն այս օրակարգը»,-ասել է նա:

 

 

ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Տուուլա Յրջոլան (Ֆինլանդիա) կարևորել է խաղաղության գործընթացներում կանանց լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցության ապահովումը։ Նա նշել է, երբ կանայք ներգրավված են հակամարտությունների կարգավորման գործում, խաղաղությունը,  ավելի հավանական է, որ երկարարտև կլինի:

 

 

Դեսպանն ասել է, որ կանանց մասնակցությունը պետք է լինի պաշտոնական և ոչ ֆորմալ, և որ տղամարդիկ պարտավոր են վերափոխել իրենց մտածելակերպը, ինչպես նաև հաղթահարել գենդերային որոշակի կարծրատիպեր ու կողմնակալություններ։

 

 

«Գիտակցելով, որ կանայք հաճախ են բախվում բռնության սպառնալիքների հետ, պետք է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց պաշտպանվածության ապահովման վրա»,-ասել է նա՝ կարևորելով կանանաց մասնակցությունը հակամարտությունների կարգավորման բոլոր մակարդակներում։
Այդ օրակարգի առաջ մղման գործում նա էլ է կարևորել խորհրդարանականների դերը, ինչպես նաև կանանց համար խաղաղության, անվտանգության դասընթացների, ծրագրերի անցկացումն ու իրականացումը։

 

 

Քննարկման ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանականները պատմել են իրենց երկրների փորձի մասին, դիտարկումներ  են արել գենդերային խնդիրների, ինչպես նաև անվտանգության և խաղաղության կառուցման գործում կանանց դերի վերաբերյալ:

 

 

Կարևորելով Նորվեգիայի ազգային մոտեցումը ՝ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենն  (Նորվեգիա)  ընդգծել է ազգային  կառավարություններում իրազեկվածության բարձրացումը ՝ ընդգծելով ղեկավար պաշտոններում ավելի շատ կանանց ներկայացվածության անհրաժեշտությունը:

 

 

ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար, դեսպան, ԵԱՀԿ բարձր փորձագետ  Լամբերտո Զանիերը, ամփոփելով քննարկումը, կարևորել է ԵԱՀԿ տարածքում լավագույն փորձի փոխանակման կարևորությունը։

 

«Լավ փորձը պետք  է տարածվի, դրա մասին պետք է պատմել, դա կքաջալերի նաև մյուսներին։ Ի վերջո պետք է լինի ավելի ռազմավարական տեսլական` համոզվելու համար, որ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ ջանքերը շարունակվում են, և որ ռեսուրսները ճիշտ են բաշխված»,-ասել է նա։

 

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան իր խոսքում նշել է, որ  գենդերային հիմնախնդիրների առկայությունն  ընդունելով ոչ միայն ամրապնդում են հակամարտությունների լուծման հեռանկարները, այլև՝ ԵԱՀԿ-ն ամբողջությամբ: Նա նշել է, որ ԵԱՀԿ 50-ամյակին ընդառաջ, ԽՎ-ն կշարունակի աշխատանքը Կազմակերպության ուժեղացման ուղղությամբ։

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 789

Գլխավոր էջ