Տարեցների միջազգային օր. «Դեպի տարիքային հավասարություն»
Աշխարհում այսօր գրեթե 700 միլիոն մարդ 60 տարեկանից բարձր է: Մինչև 2050 թվականը 2 միլիարդ մարդ` աշխարհի բնակչության ավելի քան 20 տոկոսը, կդառնա 60 տարեկան և ավելի: Տարեցների թվի աճը կլինի ամենամեծը և ամենաարագը զարգացող աշխարհում. Հաշվի առնելով այդ` ակնհայտորեն անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տարեց մարդկանց կարիքներին և մարտահրավերներին, որոնց նրանք բախվում են: Այնուամենայնիվ, նույնքան կարևոր է այն մեծ ներդրումը, որը տարեց տղամարդկանց և կանանց մեծամասնությունը կարող է ունենալ հասարակության գործունեության մեջ, եթե առկա են համապատասխան երաշխիքներ: Մարդու իրավունքներն այս առումով բոլոր ջանքերի հիմքում են ընկած:
Դեռ 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ը որոշում կայացրեց՝ հոկտեմբերի 1-ը նշել որպես Տարեց մարդկանց միջազգային օր։ Դրան նախորդել էր ծերացման խնդիրների վերաբերյալ գործողությունների Վիեննայի միջազգային պլանը, որն ընդունվել էր Ծերացման խնդիրներով համաշխարհային ասամբլեայի կողմից 1982 թվականին և ավելի ուշ հաստատվել էր ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից։ 2002 թվականին Ծերացման խնդիրներով երկրորդ համաշխարհային համագումարն ընդունեց խնդրի վերաբերյալ Մադրիդի գործողությունների միջազգային նախագիծը՝ այդպիսով պատասխանելով 21-րդ դարում տարեց բնակչության մարտահրավերներին, ինչպես նաև աջակցելու ողջ հասարակության զարգացմանը՝ անկախ տարիքից։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ՝ «Ոչ մեկին ետևում չթողնել» առաջնորդող սկզբունքով ապրելը պահանջում է հասկանալ, որ ժողովրդագրությունը կարևոր է կայուն զարգացման համար, և որ ազգաբնակչության դինամիկան ձևավորելու է զարգացման հիմնական մարտահրավերները, որոնց հետ բախվում է աշխարհը 21-րդ դարում: Եթե մեր հավակնությունն է «Կառուցենք ապագան, որը մենք ցանկանում ենք», ապա մենք պետք է դիմենք 60-ից բարձր բնակչությանը, որը մինչև 2030 թվականը նախատեսվում է հասնել 1,4 միլիարդի, նշում են ՄԱԿ-ի փորձագետները։
2019-ի թեման. «Դեպի տարիքային հավասարություն»
2030 թվականի համար հռչակված Կայուն զարգացման սկզբունքներին հասնելու համար անհրաժեշտ է, որ գործընթացում ներգրավված լինեն բոլոր տարիքի մարդիկ։ Տարեցների միջազգային օրվա 2019 թվականի թեման համընկնում է Կայուն զարգացման նպատակ 10-ի (SDG 10) հետ և կենտրոնանում է առկա և ապագա անհավասարությունները կանխելու ուղիների վրա: SDG 10-ը նախատեսում է «ապահովել հավասար հնարավորություններ և նվազեցնել անհավասարությունները» բոլորի համար, ինչպես նաև «հզորացնել և խթանել բոլորի սոցիալական, տնտեսական և քաղաքական ներառումը, անկախ տարիքից, սեռից, հաշմանդամությունից, ռասայից, էթնիկությունից, ծագումից, կրոնից կամ տնտեսական կամ այլ կարգավիճակից »:
2030-ի օրակարգը և կայուն զարգացման նպատակները (SDG) ընդունում են, որ զարգացումը հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, եթե այն ներառի բոլոր տարիքները: Տարեց մարդկանց առաջխաղացումը զարգացման բոլոր հարթություններում, ներառյալ սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում նրանց ակտիվ մասնակցությունը խթանելը, նրանց ներառականությունն ապահովելու և անհավասարությունները նվազեցնելու միջոցներից մեկն է:
2019-ի օրվա թեման նպատակ ունի.
- Ուշադրություն հրավիրել ծերության անհավասարությունների առկայությանը , կարևորել դրա հետ կապված ռիսկերը
- Իրազեկել հանրությանը`հաղթահարելու առկա և կանխելու ապագա ծերության անհավասարությունները:
- Ապահովել ուսուցումը ողջ կյանքի ընթացքում, ակտիվ և հարմարվողական աշխատանքային քաղաքականությունը, սոցիալական պաշտպանություն և առողջության խնդիրների մասին համընդհանուր լուսաբանումը:
- Մտածել լավագույն փորձի, դասերի և առաջընթացի մասին ՝ տարիքի հետ կապված անհավասարություններին վերջ տալու ճանապարհին և փոխել «ծերության» հետ կապված բացասական պատմությունները և կարծրատիպերը:
Հայաստանում տարեց մարդկանց թիվը բնակչության կազմում ավելանում է
Հայաստանի բնակչությունը բնութագրվում է ժողովրդագրական ծերացումով ու թվաքանակի նվազումով։ Դա պայմանավորված է ծնելիության նվազումով ու արտագաղթի բարձր տեմպերով։ Բացի այդ աճում է կայնքի տևողությունը, ինչն ինքնին դրական գործոն է համարվում, սակայն նոր մոտեցումներ է պահանջում տարեցների նկատմամբ քաղաքականության առումով …
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ 2017թ. կանանց կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից կազմել է 78.7 տարի, ինչը շատ ավելի երկար է, քան 1958թ.-ին, երբ կյանքի միջին տևողությունը կազմել էր 70 տարի, կամ 1970թ.-ին՝ երբ այն 75 տարի էր: Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2017թ.-ին կազմել է 71.9 տարի, 1958թ.-ի 67 և 1970թ.-ի՝ 70 տարվա համեմատ։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` եթե հասարակության մեջ ծեր մարդկանց թիվն անցնում է ընդհանուր բնակչության 7 տոկոսը, երկիրը ծերացող է, իսկ մեզ մոտ տարեցների թիվը բնակչության կազմում 13 տոկոս է։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումների, 2050 թ.-ին Հայաստանում 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության մոտ 22%-ը, իսկ 60-ից բարձր տարիք ունեցողները՝ գրեթե բնակչության մեկ երրորդը: Եվ խնդիրն այս պարագայում կայանում է նրանում , թե ինչպես ապահովել առողջ և արժանապատիվ ծերության իրավունքը այդ մարդկանց համար՝ չանտեսելով նաև նրանց ներուժը երկրի զարգացման գործընթացներում…
Տարեցների միջազգային օրն առիթ է հանդիսանում մտորելու այս խնդիրների շուրջ…
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1188