Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում

 

 

Չեն մարում կրքերը վերջերս ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ:   Թեպետ  իրական քննարկում, ըստ էության չկա, առկա են միայն  շահարկումները և  օրենքի հետ ոչ մի կապ  ճունեցող երևակայական վախերը…

 

Օրենքին դեմ արտահայտվողները   ամենայն լրջությամբ պնդում են,  թե դրանում  տեղ գտած  «գենդեր» բառը իբր նշանակում է սեռի փոփոխություն  և ընդհանրապես  այդ օրենքով  «այլասերություն ու միասեռականություն» է ամրագրվում:  Իսկ  հակառակ  կողմը  փորձում է  բացատրել , որ  «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ:

 

Նրանց դիտարկմամբ` եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց և տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ապա «գենդեր»-ը  սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները: Դրանք իրականում ձեռքբերովի բնույթ ունեն, քանի որ խոսքը  անձի սոցիալականացման խնդրին է վերաբերվում:  Այնպես որ, « ձեռքբերովի » կամ «գենդեր»  բառերի  նկատմամբ  գրոհը  բացարձակ  անհիմն է: Այլ հարց է, որ դրանում համոզվելու համար պետք է սկզբի համար  կարդալ օրենքը, գերադասելի է անձամբ…

 

 

Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին սովորական քաղաքացիները,  կանայք ու տղամարդիկ , որոնց համար էլ ի վերջո ընդունվում է այս օրենքը.

 

 

Լիաննա Հ.` ուսանող, 19 տարեկան

 

– Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է բարձրացված այդ աղմուկը: Ես գտնում եմ, որ կանանց իրավունքների համար ցանկացած որոշում ողջունելի է: Իսկ օրենքն էլ , եթե չեմ սխալվում, հենց  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին է: Ճիշտն ասած, օրենքի բովանդակությանը ծանոթ չեմ, սակայն բարձրացված ակմուկը «գենդեր» բառի հետ կապված ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Նորից եմ ասում, օրենքի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչի մասին է այն:

 

 

Ալինա Դ.` անհատ ձեռներեց, 42 տարեկան

 

– Անկեղծ ասած, այնքան էլ տեղյակ չեմ բարձրաձված այդ աղմուկից: Բայց չեմ կարծում, որ մեզ մոտ հնարավոր է «այլասերության ու միասեռականության» մասին օրենք ընդունել: Իսկ եթե անգամ ընդունեն էլ, միևնույն է չի գործի, քանի որ մեզանում ավանդույթներն ու կարծրատիպերն ամուր են և հնարավոր չէ այն խարխլել: Ես գտնում եմ նաև, որ կանայք իրենց իրավունքների համար օրենքով չէ, որ պետք է պայքարեն: Այլ ամեն մեկն իր մեջ ուժ պետք է գտնի և թույլ չտա, որ իր իրավունքները ոտնահարվեն:

 

 

Սամվել Հ.` առաքիչ, 45 տարեկան

 

– Լսել եմ նորություններով այդ օրենքի  մասին: Կարծես թե աղմուկ բարձրացավ միասեռականների հետ կապված, չէ՞:  Եթե նման բան կա ես, իհարկե, դեմ եմ այդ օրենքին: Առանց էն էլ դրանց թիվն օր օրի շատանում ա,  բա որ օրենք լինի ինչ կանեն… Իսկ եթե էդ օրենքը կանանց և տղամարդկանց     հավասար իրավունքների համար է… Եսիմ… Ախր, մեզանում կինը ո՞նց կարա տղամարդուն հավասար լինի:

 

 

Արսեն Դ.` ծրագրավորող, 30 տարեկան

 

– Կանայք, որպես ֆիզիկապես թույլ էակներ,  միշտ էլ պաշտպանության կարիք ունեն: Եթե այդ օրենքի ընդունումը կարող է նպաստել նրանց իրավունքների, հավասար հնարավորությունների ապահովմանն, ապա ինչո՞ւ չընդունել: Բայց օրենքը ես անձամբ չեմ կարդացել:

 

 

Լուսինե Բ.` մենեջեր, 25 տարեկան

 

– Մեր հայ իրականության մեջ նման փոփոխությունները դժվարությամբ են ընդունվում: Մի տեսակ մարդիկ ծանր են տանում առաջընթացը, հատկապես, եթե այն  ուղղված է լինում կանանց և տղամարդկանց հավասարությանը: Տղամարդիկ չեն ուզում, որ կանայք իրենց հավասար լինեն: Մի բան ասեմ, ես շատ ընկերուհիներ էլ ունեմ, որոնք չեն ուզում տղամարդուն հավասար լինեն: Բայց դե դա չի նշանակում, որ մեզ նման օրենք պետք չի: Իհարկե պետք է հավասար հնարավորություններ ստեղծվեն թե կանանց, թե տղամարդկանց համար:  Լսել եմ, որ կարծիք կա, թե օրենքը կնպաստի  այլասերության տարածմանը:  Եթե այդպես է դա լավ չի… Ես ինքս օրենքը չեմ կարդացել…

 

 

Եզրակացություններն այս  փոքրիկ հարցախույզից  ակնհայտ են.  գոնե այս պահին  անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Հակառակ դեպքում,   շարունակելու ենք  խոսել  գենդերային հավասարության մասին առանց խնդիրն  հասկանալու և նյութին ծանոթ լինելու:

 

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 3737

Գլխավոր էջ