Կանայք պատերազմի թիկունքն էին․ Նվարդ Ավետիսյան

27–ամյա Նվարդ Ավետիսյանը մինչև վերջերս աշխատում էր ՀՀ Ազգային ժողովում՝ որպես մեդիա վերլուծաբան։ Երիտասարդ մասնագետի համար կորոնավիրուսի համավարակը, արտակարգ դրության իրավական ռեժիմը, իսկ հետո՝ նաև պատերազմը, իսկական փորձություն դարձան․ փորձություն հոգու և դիմացկունության․

 

 

«Սեպտեմբերի 26–ին ընտանեկան մեծ խնջույք ունեինք, և որևէ մեկիս մտքով չէր անցնում, թե ինչպիսին կլինի հաջորդ օրվա ելքը։ Զարմանում եմ ինքս ինձ վրա, թե ինչպես չմատնվեցի խուճապի, երբ հայտարարվեց, որ պատերազմ է սկսվել։ Հիշում եմ՝ հագա ամենահարմար հագուստս և գնացի Ազգային ժողով։ Ճանապարհին վարորդը պատմում էր, որ տանից դուրս է եկել, որ ժամանակ սպանի, մինչ կանչեն զինկոմիսարիատից։ Աշխատավայրում, բնականաբար, անսովոր անցուդարձ էր, իսկ, երբ հաստատվեց ռազմական դրությունը, մեր աշխատանքը կրկնապատկվեց։ Բայց, միևնույն է, բոլորս էլ կարծում էինք, թե սա մի բան է, որ մի քանի ժամից կամ մի քանի օրից կավարտվի»,– հիշում է Նվարդը։

 

 

Մեդիայի հետ աշխատանքին զուգահեռ՝ շուտով Ազգային ժողովում ստեղծվեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչների մեծ ցանց, որում ներգրավված մարդիկ առավել ակտիվ էին սոցիալական ցանցերում։ Նրանց միջոցով տարածված առաջին հայտարարությունը վերաբերում էր թարգմանիչների պակասին։ Մեկ օր անց հայտարարության արձագանքների շնորհիվ հավաքվեց 18 լեզուներով թարգմանություններ անող կամավորների մեծ խումբ․

 

 

«Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ էի ունենում, երբ նամակ էի ստանում այս բովանդակությամբ․ «Երեխային եմ քնեցնում, գերմաներենից ինչ թարգմանության կարիք կա, ուղարկիր, կաշխատեմ մինչև երեխան արթնանա»։ Հետայացք գցելով պատերազմի սկզբնական ընթացքին՝ հասկանում եմ՝ սա անսահման ուժ էր տալիս ինձ ու մյուս աշխատակիցներին»,– ասում է Նվարդը։

 

 

Նա հիշում է, որ այդ օրերին պետական կառույցներում աշխատողները ո՛չ սնվելու, ո՛չ հանգստանալու ժամանակ չունեին, տուն գնալն, ընդհանրապես, երազանքի էր նմանվում։ Սնվում էին, երբ պատահի, քնում՝ որտեղ պատահի, անգամ աշխատասենյակի հատակին պառկած՝ 2-3 ժամ օրական։ Նվարդն ասում է՝ սա երախտագիտության շրջան էր իր համար, որովհետև տեսնում էր մարդկանց անձնուրաց նվիրվածությունը․

 

 

«Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կապվում էին՝ որևէ բանով օգնելու առաջարկով։ Պատերազմի օրերին ամենածանրը, կարծում եմ, բոլորիս համար էլ նույնն է եղել՝ զոհվածների անուններ կարդալն ու կրկին հավաքվել, աշխատանքի անցնելը։ Ինֆորմացիոն չդադարող այդ հոսքում, երբ կարող էի գտնել ծանոթ անուն-ազգանուն, վայրկյաններ անց պետք է հավաքեի ինձ, որպեսզի «բարև Ձեզ, իմ անունը Նվարդ է, ես ԱԺ աշխատակից եմ» արտահայտությունը լացելով չասեի»,– ասում է նա։

 

 

Բայց սա նաև հիասթափությունների շրջան էր․ «Այս ամենի կողքին, ցավոք, կային մարդիկ, ովքեր ապրեցին այնպես, ասես ոչինչ չի կատարվում։ Ես, կարծես, սովորեցի համակերպվել անտարբերության այդ ձևին և երբեք չկրկնել դա»։

 

 

Նվարդն ասում է, որ պատերազմը ոչ միայն մասնագիտական, աշխատանքային իմաստով սեփական կարողությունները ճիշտ պատկերացնելու ընթացք էր, այլև՝ ինքնաճանաչողության։ Հիշում է, որ հոկտեմբերին կորցրեց կապը ամենամտերիմ մարդկանցից մեկի հետ։ Թվում էր՝ պետք է կոտրվի, բայց իր մեջ մի անբացատրելի ուժ գտավ, որի մասին երբեք չէր իմացել․

 

 

«Օրեր շարունակ հեռախոսս անդադար զանգում էր նրա հեռախոսահամարով, իսկ ես զուգահեռ աշխատում էի նույն գրաֆիկով՝ չքնել, չուտել, չհանգստանալ, դիմանալ ու դիմանալ։ Շուտով հիվանդանոցից նամակ ստացա և ամեն բան ընկավ իր տեղը։ Օրեր անց ես այցելեցի հիվանդանոց։ Կարծում էի, թե այդ օրը ես էմոցիոնալ պոռթկում կունենամ, սակայն վերակենդանացման բաժանմունքի դիմաց անցկացրած ժամանակը ստիպեց ավելի ամրանալ։ Ես տեսա մայրերի, ովքեր չարացած չէին։ Մայրերի, ովքեր հոգ էին տանում մյուսների և իմ մասին՝ սուրճ և շոկոլադ հյուրասիրելով։ Կարծում եմ, որ հենց այս օրը փոխեց իմ կյանքում ամեն բան»,– ասում է Նվարդը։

 

 

Ըստ նրա՝ պատերազմի վերաբերյալ կարծրատիպային մտածելակերպ կա, թե դա միայն տղամարդկանց գործն է։ Նվարդն ասում է՝ Հայաստանում ապրող կանայք, պետք է ոչ միայն թիկունքում պետքական աշխատանքներ իրականացնեն, այլ հենց ռազմադաշտում կարևոր գործառույթներ ունենան։ Օրինակ՝ վատ կլինի՞, եթե տարիներ անց ունենանք զենք նախագծող աղջիկներ․

 

 

«Այս պատերազմում էլ շատ կանայք առաջնագծում էին, էլ չեմ խոսում բուժանձնակազմի մասին։ Ինչ վերաբերում է թիկունքին, ապա պետք է ասեմ, որ թիկունքում աշխատանքի մեծագույն մասը կանայք են արել՝ համակարգել ամենատարբեր ոլորտներ։ Հիշում եմ, որ կամավոր ունեինք, ով ամեն օր գալիս էր Ազգային ժողով ու աշխատում էր մեզ հետ, իսկ գիշերը գնում էր տուն։ Մենք այդպես գիտեինք։ Հետո պարզվեց՝ գնում է քողարկող ցանց գործելու։ Ես չեմ ուզում նշել անուններ, բայց պատերազմական օրերին իմ շրջապատում եղել են ֆանտաստիկ կանայք։ Նրանք շարունակում են այսօր էլ ծառայել հանուն Հայաստանի և Արցախի։ Այդ կանայք հույս են ներշնչում ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, որ ամեն բան լավ է լինելու»,– ասում է Նվարդը։

 

 

Ամենամեծ ողբերգությունը, ըստ Նվարդի, այն է, որ հասարակությունը ժամանակ և հնարավորություն չունեցավ մի պահ կանգ առնելու և մտածելու, ինքնամաքվելու, բժշկվելու։ Այսօր, երբ Հայաստանում անսահման աշխատանք կա անելու՝ հայրենիքը ոտքի հանելու համար, զոհված հերոսների ընտանիքների, վիրավորների համար ավելի լավ կենսապայմաններ ստեղծելու համար, ամեն բան արվում է մի մթնոլորտում, որտեղ սերը քիչ է, իսկ վերքերը շատ․

 

 

«Այս պատերազմի ընթացքը հոգատարության մասին էր։ Հոգատարություն սեփական երկրի, մարտական ընկերոջ, սպասող կնոջ հանդեպ։ Սա առաջնագիծ գնացած մոր մասին էր, Հայաստանի մասին էր։ Որքան էլ որ այժմ մենք շատ ենք իրարից բողոքում և դժգոհում, այնուամենայնիվ, կարծում եմ, մենք վերաարժևորել ենք մի բան․ Հայաստանը և Արցախը մենք ենք։ Դրանք վերացական սահմաններ չէ, դաշտեր ու ձորեր չեն, երկիրը մենք ենք և ամեն մեկս պետք ենք այս երկրին»,– ասում է Նվարդը։

 

 

 Շուշանիկ Փափազյան

 

Դիտումների քանակը` 1148

Գլխավոր էջ