«Ունենալ մեծ նպատակ ու հավատալ դրա իրականացմանը»

 

Նունե Սարուխանյանը ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական, այնուհետև՝ տնտեսագիտական ֆակուլտետը: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ։

 

 

 

«Սերը բնության հանդեպ միշտ է եղել, սկսած մանկությունից։ Մայրս միշտ պատմում էր, որ երեխաներից ամենաշուտը ես էի արթնանում, որ գնամ այգի ու տեսնեմ՝ կակաչները ոնց են բացվում․․․ Ինձ համար տիկնիկներին միշտ փոխարինել են ցնցուղը, բահը, բույսը․․․ դա էր իմ հետաքրքրությունը»,- ասում  է Նունե Սարուխանյանը։

 

 

 

Պատմում է, որ տնեցիները տխրել են, երբ իմացել են, որ որոշել է գյուղատնտես դառնալ. «Մտածում էին, որ իրենց աղջիկը բժիշկ կամ մանկավարժ պետք է դառնա, քանի որ դպրոցում բոլոր առարկաներն էլ շատ լավ էի սովորում,- նշում է նա և ժպիտով հիշում,- իմ ամենասիրելի առարկան բուսաբանությունն էր, ինձ դպրոցում ասում էին՝ Ջավահյանի տեղակալ (ուսուցչի ազգանունն է – խմբ.): Այդ տարիներին չկար լրացուցիչ գրականություն, բայց ես միշտ պրպտում էի, ամսագրեր գտնում այս թեմաներով»։

 

 

«Մասնագիտության ընտրության ժամանակ երբեք չեմ մտածել ֆինանսական կողմի  մասին, մինչդեռ այսօր այն ամենապահանջված, բարձր վարձատրվող մասնագիտությունն է։ Հայրս այն ժամանակ ասում էր՝ աղջիկը չարժի սապոգները հագնի, դաշտերն ընկնի․․․ Բայց ես գիտեի, որ սա է իմ ճանապարհը։ Միշտ համարձակ եմ եղել, ուսանելիս առաջինը ես էի քննություններին պատասխանում ու միշտ աշխատել եմ ինձ վրա, մինչև հիմա էլ վերապատրաստման բազմաթիվ կուրսեր եմ անցնում, սա, կարծում եմ՝ կարևոր է յուրաքանչյուր ոլորտում»։

 

 

Իմ խորհուրդն է բոլոր երիտասարդներին՝ չկենտրոնանալ փոքր խնդիրների վրա, ունենալ մեծ նպատակ ու հավատալ դրա իրականացմանը։ Այդպես հիմնեցի իմ խորհրդատվական կենտրոնը։ Զրո գումար ունեի այդ ժամանակ, բայց գիտեի, որ անպայման իրագործելու եմ իմ նպատակը։ Այսօր «Կանաչ ուսուցման կենտրոններ» ունենք Տավուշի և Կոտայքի մարզերում, ավարտում ենք աշխատանքները նաև Շիրակի մարզում։ Իմ նպատակն է, որ այս կենտրոնները լինեն բոլոր մարզերում, և մարդիկ գյուղատնտեսական լիարժեք խորհրդատվություն ստանալու հնարավորություն ունենան։

 

 

 

«Պետք է հավատալ սեփական ուժերին․ գյուղատնտեսությունում կանայք մեծ անելիք ունեն: Տեսեք՝ պատահական չէ, որ կանաչ, օրգանական գյուղատնտեսությունում հատկապես մեծ թվով կանայք են ներգրավված: Կանայք զգում են բույսը, խնամքի, պայքարի միջոցներ գտնում, ու այդ բոլոր գործընթացներում, միևնույն է՝ մեր աչքի առաջ միշտ մեր երեխաներն են, ամուսինը, ընտանիքը, այսինքն՝ առողջ, օգտակար սնունդ են ձգտում ստեղծել»։

 

 

Զրուցեց՝ Լ.Քոչինյանը

Դիտումների քանակը` 851

Գլխավոր էջ