Ծայրահեղ աղքատների կեսից ավելին նպաստ չեն ստանում

Հայաստանում աղքատ է գրեթե ամեն երրորդ ընտանիքը, մինչդեռ  նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսն աղքատ չեն:  Այս մասին են վկայում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի կողմից «Ընտանիքի կենսամակարդակի  բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի  անկախ գնահատման արդյունքները:

 

«Հայաստանի բյուջեն  բավարար է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը լիովին հաղթահարելու համար»

 

Ըստ ՀՀ  ԱՎԾ վերջին տվյալների,  2014թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է Հայաստանում  շուրջ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)`մոտ 330 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը`մոտ 70 հազար մարդ: Հիշեցնենք, որ աղքատ են  գնահատվում  նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2014 թվականին դա եղել է ամսական 40 264 դրամ)։ Շատ աղքատ ու ծայրահեղ աղքատ են  համարվում նրանք, ում  ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է  համապատասխանաբար  աղքատության ստորին ընդհանուր գծից՝ 33 101 դրամից եւ աղքատության պարենային գծից ՝ 23 384 դրամից:

 

Նշենք, որ ԱՎԾ տվյալներով, աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 66.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Սակայն հետազոտության արդյունքները վկայում են այն մասին,  որ ամենամեծ խնդիրը հենց  հասցեականությունն ապահովելու մեջ է:

 

Ներկայացնելով հետազոտության արդյունքները  ՏԶՀԿ-ի ղեկավար Մուշեղ Թումասյանը նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն՝ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի բյուջեն  բավարար է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը լիովին հաղթահարելու համար,  քանի որ այն ՀՀ պետբյուջեի ամենամեծ և ամենակարևոր սոցիալական ծրագրերից մեկն է և  ուղղված  է աղքատության կրճատմանը: Այն ունի շուրջ 105 հազար շահառու ընտանիք` ընդգրկելով հանրապետության ողջ տարածքը: 2015-ին ծրագրի բյուջեն աճել է 8.3 տոկոսով` կազմելով 38.4 մլրդ դրամ, մինչդեռ ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու համար բավարար է 7,4 մլրդ. դրամ: Խնդիրը հասցեականության մեջ է միայն:

 

 

«Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն էլ նշեց, որ   բյուջետային ծրագրերի գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել հանրային քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:   Լրագրողների հետ զրույցում նա ասաց.  «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեսուրսներն արդյունավետ չեն օգտագործվում: Օրինակ՝ այն մարդիկ, որոնք աղքատ չեն, ընգրկված են նպաստառուների ցուցակում: Այսինքն՝ խնդիրը վերաբերում է ոչ թե բյուջեում ռեսուրսներ ավելացնելուն, այլ ավելի արդյունավետ ռեսուրսները օգտագործելուն: Սա է հիմնական ուղերձը, որը երկու բյուջետային ծրագրերի ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր եղավ առաջարկել»:

 

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը՝ կարևորելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը կառավարության կողմից իրականացվող ծրագրերի գնահատման գործում` նշեց, որ քաղացիական  հասարակության դերը ոչ միայն կառավարությանը քննադատելն է, նաև իր ներուժով օգտակար լինելը:

 

Խնդիրը  նպաստների հասցեականությունն ապահովելու մեջ է…

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտանիքի կարիքավորության վրա ազդում է ոչ թե 18 կամ 20 գործոն, այլ հազար  ու մի գործոն, որոնք բոլորը հաշվի առնելն ու գնահատելն անհնար է:

 

Նրա խոսքերով՝  այս վերլուծությունները բավականին հանգամանալից են, և նախարարությանը հստակ առաջարկներ են ներկայացվել: «Հանրապետությունում ունենք 30 տոկոս աղքատություն, այսինքն` 700 հազար ընտանիքներից 200 հազարն աղքատ է, սակայն 105 հազար ընտանիք է ստանում ընտանեկան նպաստ: Այսինքն` աղքատ ընտանիքներ կան, որոնք դուրս են մնում այս ծրագրից»,- նշեց նա՝ հավելելով, որ այստեղ  խնդիրն այն է՝ ընտանեկան նպաստներ ծրագրում  ընդգրկված են ոչ շատ աղքատ ու չքավոր ընտանիքներ, որի մասին վկայում են նաև հետազոտության արդյունքները: Ուստի այս հետազոտությունը հասցեականությունը բարձրացնելու խնդիր ունի և այս ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները հրատապ են ու անհրաժեշտ:

 

Ինչ վերաբերում է համակարգում ընտանիքների չընդգրկվածությանը, ապա Սոնա Հարությունյանն ասաց, որ այն ունի մի շարք պատճառներ: Մասնավորապես,  եթե նախկինում կարիքավոր ընտանիքներին հաշվառում էին ըստ  փաստացի բնակության վայրի, ապա այսօր ընդգրկում են ըստ հաշվառման հասցեի, սակայն կան չքավոր ընտանիքներ, որոնք նույնիսկ հաշվառման հասցե չունեն:

 

«Երբ նախարարությունն իրականացրեց բազմազավակ ընտանիքների ուսումնասիրություն, պարզ դարձավ, որ կան ընտանիքներ, որոնք դարձյալ այս համակարգում ընդգրկված չեն որևէ հասցեում հաշվառում չունենալու պատճառով: Այս առումով, որոշակի փոփոխություններ են կատարվել: Այսինքն՝ քայլեր ձեռնարկվում են, այլ խոսք է, որ բավարար չեն այդ արդյունքները և դեռևս կան չքավոր ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն այդ համակարգում»,- ասաց փոխնախարարը:

 

Այսպիսով, ըստ ուսումնասիրությունների, Հայաստանում տնային տնտեսությունների (ՏՏ) 2.2 տոկոսը ծայրահեղ  աղքատ են, իսկ 9.4 տոկոսը` շատ աղքատ: Նպաստառու ՏՏ-երի 4.8 տոկոսն են ծայրահեղ աղքատ և 20 տոկոսը` շատ աղքատ: Արդյունքում, աղքատ, շատ աղքատ և ծայրահեղ աղքատ են բոլոր ՏՏ-երի 33 տոկոսը և նպաստառուների ` 56 տոկոսը: Շատ աղքատները հիմնականում  գյուղական վայրերից են` 13 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատներ` մարզային քաղաքաներում` 3.2 տոկոս: Նպաստառու  տնային տնտեսությունների դեպքում ծայրահեղ աղքատները շատ են Երևանում` 5.5 տոկոս:

 

Ըստ հետազոտության հեղինակների՝ նպաստառու ՏՏ-ներն, ըստ էության, պետք է հանդիսանային ծայրահեղ աղքատ և շատ աղքատ ՏՏ-ներ և դրանց կազմում, տեսականորեն, չպետք է լինեին ոչ աղքատ ՏՏ-ներ: Ծայրահեղ աղքատների և շատ աղքատների  ոչ լիարժեք ընդգրկումը և, փոխարենը, ոչ աղքատների ընդգրկումը Ընտանեկան նպաստի համակարգում խոսում է համակարգի հասցեականության  մակարդակի մասին: Հասցեականության գնահատման համար սովորաբար կիրառվող ցուցանիշներից են  «ընդգրկման սխալ» և «չընդգրկման սխալը»:

 

 

«Աղքատների 73 տոկոսը փաստացի ընդգրկված չեն եղել ընտանեկան նպաստի համակարգում»

 

Եթե որպես համակարգի շահառուներ դիտարկենք բոլոր աղքատներին, ապա համակարգի չընդգրկման սխալը, ըստ ՏՏԸՀ-2015-ի արդյունքների, կկազմի 73 տոկոս: Այսինքն` 2015 թվականին աղքատների 73 տոկոսը փաստացի ընդգրկված չեն եղել համակարգում: Չընդգրկման սխալը շատ աղքատների համար , այդ թվում և ծայրահեղ աղքատների, կազմում է  63 տոկոս, իսկ միայն ծայրահեղ աղքատների համար` 56 տոկոս: Այսպիսով, Հայաստանում ծայրահեղ աղքատների կեսից ավելին  նպաստառու չէ:

Հետազոտության համաձայն՝ ըստ բնակավայրերի ընդգրկման սխալը տարբեր է: Ամենացածր սխալի մակարդակը, օրինակ, Երևանում է, ամենաբարձրը` մարզային քաղաքներում: Շատ աղքատների համար ընդգրկման սխալը մարզային քաղաքներում 82.4 տոկոս է, այն դեպքում , երբ Երևանում 68 տոկոս է:

Ըստ հետազոտության հեղինակների՝ այս արդյունքները վկայում են, որ հարկավոր է հստակեցնել ԸԿԲՆ ծրագրի նպատակը` թիրախավորելով Հայաստանում ծայրահեղ աղքատության ամբողջական հաղթահարումը և շատ աղքատության էական կասեցումը:  Բացի այդ, առաջարկվում է վերանայել նաև բյուջետային ծրագրի վերջնական արդյունքի և ուղղակի արդյունքի կատարողական (ոչ ֆինանսական) ցուցանիշները: Լրացուցիչ ջանքեր ներդնել ծայրահեղ աղքատ և շատ աղքատ ընտանիքների բացահայտման, տեղեկացման և համակարգում ընդգրկման խոչընդոտների վերացման ուղղությամբ` օգտվելով տեղական ՀԿ-ների և շահերի պաշտպանությամբ  զբաղվող  կազմակերպությունների աջակցությունից: Բացի այս, առաջարկվում է ստեղծել մեխանիզմներ հանրային վերահսկողության ներդրման համար, ապահովել ԸԿԲՆ ծրագրի կատարման և առաջընթացի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների, ներքին ու արտաքին գնահատումների առավել լայն հասանելիություն: Եվ ամենակարևորը` խորը և բազմակողմանի քննության առարկա դարձնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը` նախապատրաստվելով արմատական փոփոխությունների:

Նշենք, որ հետազոտությանը մասնակցել են 24 քաղաքային և 85 գյուղական համայնքներ:  Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

 

Մ.Մարգարյան

 

 

Ծրագրի զեկույցն ամբողջությամբ այստեղ

 

 

Ծրագրի  արդյունքների ներկայացման տեսագրությունն   այստեղ

 

 

Դիտումների քանակը` 3915

Գլխավոր էջ