Նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրություններ. նորընտիր ավագանիների կազմում՝ մեկ երրորդը կանայք են/ ինֆոգրաֆիկա
Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզկենտրոն Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններից հետո ձևավորված ավագանիների կազմում 30-33%-ը կանայք են: Հիշեցնենք, որ մինչ այդ երեք քաղաքների ավագանիների կազմում կանայք ներկայացված չեն եղել:
Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում պայքարում էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունները։ Նրանցից ոչ մեկի համամասնական ցուցակը կին չի գլխավորում։ Բոլոր ընտրացուցակներում կանայք ներկայացված են երրորդ հորիզոնականից սկսած։
Քվեարկության արդյունքների համաձայն, ավագանու 21 անդամներից 17-ը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 3-ը՝ ԲՀԿ-ին, 1-ը՝ ՀԱԿ-ին։ Արդյունքում այսօր Ստեփանավանի ավագանու կազմում 7 կին կա, այլ կերպ ասած՝ ավագանու անդամների ավելի քան 33 %ը կանայք են։ Ավագանու անդամ յոթ կանանցից 6-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»։
Կապանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։ Քվեարկություն արդյունքում «Շանթ»-ին բաժին հասավ ավագանու անդամի 19 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 8 մանդատ։
Արդեն կազմավորված Կապանի ավագանու 27 անդամներից 9-ը կամ ավելի քան 33 %ը կանայք են։ Ավագանու կին անդամներից 3-ը՝ ՔՊ-ական են, 5-ը՝ «Շանթ» դաշինքից։ Հիշեցնենք, որ մինչ այդ Կապանի ավագանիում կին անդամներ չկային։
Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Այստեղ էլ կուսակցությունների ցուցակներից որևէ մեկը կին չի գլխավորում։
Քվեարկության արդյունքներով ՀՅԴ-ն ստացել է ավագանու անդամի 4 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 23 մանդատ։ Իջևանի ավագանու 27 անդամներից 8-ը կամ մոտ 30 %ը կանայք են։ Կանանցից մեկը ՀՅԴ խմբակցությունից է, մյուսները՝ «Քաղաքացիական պայմանագրից»։
Հիշեցնենք, որ համամասնական ընտրությունների արդյունքում կանանց ներկայացվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում մեծացել է, քանի որ գործում է ՀՀ ընտրական օրենսգրքում համամասնական ընտրությունների դեպքում ամրագրված թեկնածուների առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտան։ Այն սահմանում է. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %ը»:
Մեծամասնականով ընտրված ավագանիներում կանայք 20-22 % են կազմում
Մեծամասնական ընտրակարգով նոյեմբերի 14-ին կայացած ընտրությունների արդյունքում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի նորընտիր ավագանու հինգ անդամից մեկը (20%) կին է՝ անկուսակցական Քրիստինե Խառատյանը։ Նախորդ ավագանու կազմում կանայք չկային:
Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու 9 անդամից 2-ն են կանայք (22%) ՝ անկուսակցական Ալեքսանովա Սուսաննան և Իվանովա Տոման «Քաղաքացիական պայմանագրից»: Համայնքի ավագանիում կանանց ներկայացվածությունը նվազել է։ Նախկին ավագանիում երեք կանայք էին ներկայացված՝ Իվանովա Պոլինան, Ղուլղազարյան Սոնյան, Յակուբովա Տատյանան։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1148