Ընտրություններում առաջադրվել է ինը քաղաքական ուժ. որևէ մեկի ցուցակը կին չի գլխավորում

Քիչ առաջ՝ ժամը 18:00-ին լրացավ այն ժամկետը, երբ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այսպիսով, հանձնաժողով դիմել է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինքներ են: Ժամկետի ավարտից հետո առայժմ հայտնի են քաղաքական ուժերի համամասանական ցուցակների առաջին տասնյակներում ընդգրկվածները:

 

Որևէ քաղաքական ուժի համամասնական ցուցակ կին չի գլխավորում, կանայք չկան նաև երկրորդ հորիզոնականներում: Չորս քաղաքական ուժ ընդգրկել է կանանց 3-րդ հորիիզոնականում, մնացածը՝ 4-րդ տեղից սկսած: Առաջին տասնյակում գրեթե բոլորը 2 կին են ներկայացրել, եւ միայն մեկ կուսակցություն ընդգրկել է առաջին տասնյակում 3 կին:

 

Առաջին տասնյակում կանանց ներկայացվածության առումով առաջատարը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակն է: Այս քաղաքական ուժը հայտարարել էր լայն կոնսոլիդացիայի մասին, ցուցակում նաև «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ են ու անկուսակցականներ, նաև ակտիվիստներ, ընդհանուր առմամբ 101 անուն:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության   ցուցակի առաջին տասնյակում կանայք երեքն են՝

4-րդ տեղ՝ Անահիտ Բախշյան, ով Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ է, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, նախկին պատգամավոր

6-րդ տեղ՝ Անժելա Խաչատրյան, կուսակցության փոխնախագահն է այն օրից, երբ կուսակցության շարքերը լքեց Անուշ Սեդրակյանը

7-րդ տեղ՝ Սոնա Մինասյան, կուսակցության մամուլի խոսնակն է:

 

 

«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում 300 մարդ է ներառված, առաջին տասնյակում երկու կին կա՝

3-րդ տեղ՝ Հեղինե Բիշարյան, որ Օրինաց երկիր խմբակցության ղեկավարն է

7-րդ տեղ՝ Մարինե Քոչարյան:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ  տեղում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է, 8-րդ տեղում՝ Մարգարիտ Եսայանը, ով ԱԺ պատգամավոր է, նախկինում՝ լրագրող:

 

ՀՅԴ համամասնական ցուցակի տասնյակում երկու կին կա՝ 

4-րդ տեղ՝ Արմենուհի  Կյուրեղյան

8-րդ տեղ՝ Ռուզան Առաքելյան:

 

 

Հայաստանի Կոմունիստական կուսակցության  համամասնական ցուցակում 4-րդ տեղում Մառա Շահինյանն է:

Կուսակցությունն առայժմ հրապարակել է հնգյակը:

 

 

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը բաղկացած է 187 մարդուց, առաջին տասնյակում երկու կին կա.

3-րդ տեղ՝ Նաիրա Զոհրաբյան, ով ԱԺ պատգամավոր է
8-րդ տեղ՝  Իվետա Տոնոյան, ով Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է, «Կենտրոն» հեռուստաընկերության  «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրենն է:

 

 

«ԵԼՔ» դաշինքի առաջին տասնյակում կանայք 4-րդ և 7-րդ տեղերում են՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ  Մանե Թանդիլյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  Լենա Նազարյան:

 

 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հրապարակել է ցուցակի առաջին քսան հոգու անունները: Քսանյակում կանայք 5-ն են՝

4-րդ տեղ՝  Էլինար Վարդանյան ,«Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր է

8-րդ տեղ՝ Սուսաննա Մուրադյան ,«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է
12-րդ տեղ՝ Լիգիա Մելքումյան, («Ժառանգություն»), ուսուցչուհի է
13-րդ տեղ՝  Արեգնազ Մանուկյան «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ

20-րդ տեղ՝  Անուշ Խաչատրյան, «Համախմբում» կուսակցություն

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակում երրորդ տեղում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանն է, 8-րդ տեղում՝  ՀԱԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Լիդա Մելիքյանը:

 
Հիշեցնենք, որ ՀՀ  Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներ բաժնում հոդված 144-ի 14 կետը սահմանում է. « Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը»:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3679

Գլխավոր էջ