Ն. Մուժնիկս. «Հայաստանը դեռ շատ անելիք ունի գենդերային անհավասարությունը հաղթահարելու ուղղությամբ»

«Ցավոք, Հայաստանը դեռ շատ անելիք ունի, որպեսզի կարողանա ապահովել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուժնիկսը: Նա  մտահոգություն հայտնեց  Հայաստանում գենդերային անհավասարության մի շարք դրսևորումների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով  պտղի սեռի հատկանիշով հղիության արհեստական ընդհատմանը, կանանց նկատմամբ բռնությանը և որոշումների ընդունման մակարդակում կանանց սակավ ներկայացվածությանը:  

 

Հանձնակատարը նշեց, որ խոսել է  գենդերային անհավասարությանը առնչվող խնդիրների մասին  ՀՀ իշխանությունների հետ բոլոր հանդիպումների ընթացքում՝ անձամբ ՀՀ նախագահի, ինչպես նաև վարչապետի և Ազգային ժողովի խոսնակի և ԱԺ խմբակցությունների պատգամավորների  հետ:

 

Հանձնակատարի խոսքով ` կանանց և տղամարդկանց անհավասարությունը ուղղակի աչք է ծակում, հատկապես պետական մարմիններում, որտեղ բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց տոկոսը, շատ ցածր է:

 

Անդրադառնալով  սեռի հատնաիշով պտղի  նախածննդյան ընտրության խնդրին նա նկատեց, որ այս երևույթի լայն տարածվածությունը  Հայաստանում ապացուցվում է ուսումնասիրություններով, ըստ որոնց  Հայաստանում տղաները ավելի շատ են ծնվում` միջին հարաբերությունը  114 տղա 100 աղջկա , իսկ որոշ շրջաններում այդ ցուցանիշը ավելի բարձր է` 124-100-ի: Մինչդեռ աշխարհում, շեշտեց նա, միջին ցուցանիշը 105-100-ի է:

 

Եվս մեկ խնդիր, որի առնչությամբ անհանգստություն հայտնեց Ն.Մուժնիկսին, դա ընտանեկան բռնության խնդիրն է.

«Ես շատ եմ հանդիպել հայերի, որոնք ասում են, որ իրենք սրբացնում են իրենց մայրերին, իրենց կանանց: Եթե սրբացնում եք ձեր կանանց, պարզապես մի ծեծեք նրանց, մի սպանեք և հետևողական եղեք, որպեսզի ընտանեկան բռնության դեպքերը արդարացի քննվեն: Պետք է հստակ քաղաքական ու հասարակական  ուղերձ լինի,  որ անընդունելի է կնոջը ծեծելը»,- ասաց հանձնակատարը:

 

Նրա  խոսքով,  անհանգստացնող է  ոչ միայն այդ երևույթի առկայությունը, այլ նաև այն, որ Հայաստանի իրավապահ մարմինները բավականին պասիվ են արձագանքում նման դեպքերին:

 

«Ավելին` հայտնի են դեպքեր, երբ ընտանեկան բռնության զոհին նույն ոստիկանները համոզում են չդիմել իրավապահներին», – մատնանշեց  հանձնակատարը, նշելով, որ կոչ է  ՀՀ իշխանություններին վավերացնել Ընտանեկան բռնության կանխարգելման Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, ինչպես նաև մշակել արդյունավետ իրավական բազա ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար:

 

Խոսելով «WomenNet.am»-ի հետ զրույցում ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունման անհրժեշտության մասին Ն.Մուժնիկսն  ասաց, որ թեև ՀՀ իշխանությունները բաց են խնդիրների քննարկման համար, սակայն այդ օրենքի ընդունման գործընթացում առաջընթաց չի նկատվում:

 

«Ես զգուշավոր լավատես եմ, որ քաղաքական ղեկավարությունը ցանկանում է բարելավումներ անել այս ուղղությամբ: Բոլոր իմ հանդիպումների ժամանակ ես կոչ եմ արել օգտվել քաղաքացիական հասարակության կարողություններից, որտեղ հսկայական ծավալի փորձագիտություն կա այս հարցի վերաբերյալ»,- ասաց Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը:

 

Նրա կարծիքով`քաղաքացիական հասարակությունը պետք է շարունակի բռնության դեմ օրենքի ընդունման  ուղղությամբ ճնշում գործադրել իշխանությունների վրա:

Ա.  Ղ.

Դիտումների քանակը` 3926

Գլխավոր էջ