«Արցախի համը» ուժ էր, որ բոլորիս ոտքի կանգնեցրեց. Նելլի Պողոսյան

 

44-օրյա պատերազմի ընթացքում ամուսիններ Նելլին ու Րաֆֆին, ինչպես շատերս, օգնում էին Արցախից ժամանակավորապես տեղահանված մեր հայրենակիցներին՝ տրամադրելով կացարան, սնունդ, հագուստ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է։

 

Երկշաբաթյա ընթացքից հետո հասկացան՝ աղետը շարունակվում է, պետք է մի բան մտածել արցախցիների զբաղվածությունն ապահովելու համար։ Ձորաղբյուրում գտնվող իրենց ամառանոցի մի հատվածը վերածեցին փոքրիկ արտադրամասի։

 

Պահածոների և մուրաբաների արտադրությունը ստացավ «Արցախի համը» անունը, ճանաչվեց ու սիրվեց այնքան, որ դուրս եկավ ամառանոցի տարածքից։ Այժմ ունեն առանձին արտադրամաս, որտեղ աշխատում են 5 արցախցի կանայք։ Սեզոնին նրանց թիվը կրկնապատկվում է։ Հիմնադիրները հույս ունեն, որ իրենց սոցիալական նախաձեռնությունը քիչ-քիչ կդառնա աճող բիզնես։

 

WomenNet.am-ը զրուցել է «Արցախի համը» նախաձեռնության հեղինակ Նելլի Պողոսյանի հետ, ով ջանք ու եռանդ չի խնայում Արցախի համը մեզ փոխանցելու համար։

 

 

Որպես սկիզբ

 

Ինչպես շատերը, այնպես էլ ես ու ընկերներս պատերազմի օրերին խումբ կազմեցինք, սկսեցինք օգնել այն բոլոր մարդկանց, ովքեր ունեին դրա կարիքը։ Տեղավորել էինք մոտ 250 հոգու։ 10, 20, 30 օր ․․․ հասկացանք, որ պատերազմը կանգ չի առնում։ Անընդհատ օգնելն էլ այլևս հնարավոր չէր։ Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ քո բյուջեն ավարտվում է։ Որոշեցինք այնպիսի ներդրում անել, որն այդ մարդկանց շարունակական օգուտ կբերի։

 

Ես էլ, ամուսինս էլ շատ էինք լսել, որ արցախցիները լավ ձեռք ունեն, համեղ են պատրաստում, բայց ժենգյալով հացից բացի այլ բան փորձելու առիթ չէր եղել։ Փորձեցինք գտնել արցախցի կանանց, ովքեր կպատրաստեն արցախյան պահածոներ, հետաքրքիր բաղադրատոմսեր կունենան։

 

Սկզբում աշխատում էինք այն կանանց հետ, որոնց արդեն հասցրել էինք ճանաչել։ Հետո սկսեցինք հայտարարություններ տարածել․սննդի հետ աշխատանքը բարդ է, միայն տանը լավ պատրաստելը քիչ է։ Նախապատվությունը տվել ենք հադրութցի կանանց։ Առաջնահերթ էր, որ լավ մարդիկ լինեն, հետո նոր միայն՝ արագաշարժ աշխատողներ։

 

Աշխատակիցներից մեկը սկզբում այնքան նեղված էր, որ օրվա ընթացքում ավելի շատ լաց էր լինում, քան գործ անում, բայց մենք շարունակեցինք աշխատել նրա հետ։ Եթե այդ պահին աշխատանքը հաշվի առնեինք, մեր նախաձեռնությունն իր նպատակին չէր ծառայի։ Հիմա որոշ խնդիրներ լուծվել են, նա ամուր ոտքերի վրա կանգնած է։ Միասին կարողացանք դուրս գալ այդ ծանր իրավիճակից։ Նույնիսկ ցասումն ու լացն ենք վերածում սիրո, ու այդ սերը ներարկում մեր մուրաբաների ու պահածոների մեջ։

 

Առաջին 150 տարան

 

Առաջին անգամ պատրաստել ենք ընդամենը 150 տարա։ Այդ պահին ինձ թվում էր՝ այնպիսի քանակ ենք արտադրել, որ ոչ ոք չի տեսել, բայց հաշված օրերի ընթացքում սպառվեց։ Հասկացանք, որ պահանջարկը կա։ Սկսեցինք ավելի շատ արտադրել, տեսականին մեծացնել։

 

Սուպերմարկետներից մեկից առաջարկ ստացանք տեսականին վաճառքի դնելու։ Պահածոներն անցան պահանջվող բոլոր հետազոտությունները։ ԱՁ գրանցեցինք, աշխատողների հետ պայմանագրեր կնքեցինք, սկսեցինք աշխատել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ կայունացել է արտադրությունը, աշխատակիցներն ունեն ստաբիլ աշխատավարձ՝ անկախ նրանից՝ կվաճառվի՞, թե՞ ոչ։

 

«Ուրուր քյոմագ անինք էքուցվա հետի»

 

Աննա Սալոմեի ողջ թիմը անվճար աշխատեց մեր մարքեթինգային պլանի վրա։ Հորինեցին մեր գույները, լոգոն, ամեն բան։ Թիմում կար մի հադրութցի աղջիկ, ով էլ մեր նշանաբանի տարբերակներն էր գրում, ուղարկում։ Երբ դրանք քննարկում էի արցախցի կանանց հետ, զարմանում էին, ասում՝ սա որտեղի՞ց գիտեք։

 

Այդ աղջիկն էլ նույն հոգեվիճակում էր, ինչ մեր աշխատակիցները։ Լավագույն տարբերակը «Ուրուր քյոմագ անինք էքուցվա հետի», որ նշանակում է՝ մեջք մեջքի տանք վաղվա օրվա համար, մեկս մյուսի համար։ Կարծում եմ՝ մեզ շատ է համապատասխանում։

 

Իսկ անունը՝ «Արցախի համը» ․․․  ճիշտն ասած՝ մտքիս ուրիշ բան չեկավ, մտածում էի՝ պիտի անենք մի բան, որ լինի Արցախինը, պիտի ներկայացնենք Արցախի համը։ Այն, ինչ մենք ուտում ենք, շատ լավն է, բայց տիպիկ հայաստանյան է, ամեն բան բաղադրատոմսում գրված։ «Արցախի համ»-ում այդպես չէ։

 

Եթե Դուք հետևեք մեր պատրաստման եղանակին, վստահ եմ՝ կզգաք, որ այն շատ ուրիշ է։ Դդմի մուրաբան ոչ ոք չի անում ընկույզով ու լիմոնով, մարինացված բազուկի ճավ խանութներում փնտրեք, չեք գտնի, ու շատ այլ բաներ, որ բնորոշ են միայն արցախցիներին։

 

Հիշում եմ՝ դդմի մուրաբան պատրաստելիս կանանցից մեկն ասաց՝ ես ընկույզ էլ էի գցում տանը պատրաստելիս։ Մյուսն ասաց՝ եկեք փորձենք։ Տիկին Ռիտան , ով պահածոյացման տեխնոլոգ է, ասաց՝ եթե ընկույզ գցենք, գինը բարձրանալու է, հարմա՞ր է։ Շատ բաներ հենց այդպես՝ պահի տակ են ծնվում․ պետական արտադրության նման չէ։

 

«Պիտի ուժեղ օղակը լինեի և եղա»

 

Տեսակս է այդպիսին։ Նույնիսկ վատ բաների մեջ փորձում եմ լավը տեսնել, չկոտրվել։ Պարզ է՝ բոլորն էլ իրենց կյանքում դժվար շրջաններ ունենում են, բայց նաև  հաղթահարում։

 

Հասկանում էի, որ եթե ինձ տեսնեն լացելիս, ավելի կնեղվեն։ Ես այն օղակն էի, որ պիտի ասեր՝ մենք կկանգնենք, կարող ենք։ Միշտ մտածում էի, որ թուլանալու իրավունք չունեմ։

 

 «Եթե այս գործը չանեինք, կոտրվածների մեջ առաջինն էինք լինելու»

 

Մեր ընկերներից շատերը զարմանում էին, ասում՝ հո դու չե՞ս գժվել, պատերազմի  օրերին մեկին ասես՝ արի նստենք, իրար հետ մի բան սարքենք ու վաճառենք։ Տղա, ամուսին ունեն առաջնագծում։

 

Ինձ համար, սակայն, լավագույն մոտիվացիան էր։ Ես ու ամուսինս պատերազմական ամբողջ շրջանն «Արցախի համով» ենք անցկացրել, ու հասկացել՝ հիմա էլ կարող ենք ոտքի վրա կանգնել, ուժեղ լինել ու արարել։ Եթե մենք այս գործը չանեինք, միանշանակ կոտրվածների մեջ առաջինն էինք լինելու։

 

Իհարկե հիմա չկա մեկը, ով կոտրված չլինի, իր ապագայի համար չվախենա, բայց «Արցախի համը» մի ուժ էր, որ բոլորիս ոտքի կանգնեցրեց։ Երբ ստեղծում ես մի նոր բան, այն քեզ նոր հույս է բերում, նոր երջանկություն, ապագայի հետ կապվելու հնարավորություն։

 

 «Երբ լսում էին, որ արցախցիներն են պատրաստել, գնում էին»

 

Մարդիկ տրամադրություն չունեին որևէ բան գնելու, բայց երբ լսում էին, որ արցախցիներն են պատրաստել, գնում էին։ Գիտեին, որ գնելով մեկ տարա, հնարավորություն են ստեղծում, որ այս կանայք ունենան արժանապատիվ աշխատանք, կարողանան իրենց ծախսերը հոգալ։

 

Իհարկե օգնությունը շատ լավ բան է, լավ է, որ կա, բայց այս կանայք տարիներ շարունակ աշխատել են, բարձր աշխատավարձ են ստացել, որևէ մեկի օգնության կարիքը չեն ունեցել, և այսօր էլ ուզում են աշխատել։

 

Այդ  հնարավորությունը նրանց կարող եք տալ նաև Դուք, Ձեր յուրաքանչյուր ընթերցող, որը կգնի թեկուզ մեկ տարա՝ հնարավորություն տալով, որ այս կանայք նորից աշխատեն, ստեղծեն ու վաճառեն։ Բանկերից մեկն, օրինակ, իր աշխատակազմի բոլոր կանանց համար միամսյակի առիթով մեզանից գնեց նվեր-տուփեր, որտեղ մեր երկու մուրաբաներն էին, թխվածքաբլիթներ ու թեյեր։ Մեզ այդ քայլը շատ ոգևորեց։ Այդ մեկ պատվերի շրջանակներում մոտ 2000 մուրաբա վաճառեցինք։

 

«Արցախի համը»՝ դեպի Ռուսաստան և Միացյալ նահանգներ

 

Հայաստանյան գրեթե բոլոր սուպերմարկետներում, կրպակներում «Արցախի համը» կարող եք գտնել։ Գրկաբաց ընդունել են մեզ։ Ճիշտ է՝ տեղական շուկան շատ փոքր է, և միայն այստեղ սպառելով դեռ չենք կարողանում հոգալ մեր բոլոր ծախսերը, բայց փորձում ենք նաև  արտահանել։

 

Շատ փոքրիկ քանակ ուղարկել ենք Սոչի։ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ բանակցություններն ընթացքի մեջ են, դեռ չի վաճառվում։

 

Իրենք են մեզ գտել։ Թեև մեր պահածոները շուկայականից մի փոքր թանկ են, ինչը  բնական է․ մեծ արտադրություն չէ, շատ տեխնիկա չունենք, handmade է, մարդիկ հարմարվում են ամեն ինչին՝ հասկանալով, որ օգուտ են տալիս արցախցիներին։

 

Ես դեռ «Արցախի համը» դիտարկում եմ որպես սոցիալական նախաձեռնություն, բայց վստահ եմ, որ այն կդառնա աճող բիզնես։

 

«Արցախցի կանանցից սովորել եմ ուժեղ լինել»

 

Ամենակարևոր բանը, որ ինձ սովորեցրել են արցախցի կանայք, ուժեղ լինելն է։ Երբ մեր տներում խնդիր է առաջանում, մեր մայրերը նեղվում են, կոտրվում։ Արցախցիներն իրենց ամբողջ ունեցվածքն են թողել, եկել, բայց տեղավորվել են, երեխաները դպրոց, համալսարան են գնում։ Թեև այն, ինչի միջով նրանք են անցել, առիթ է, որ առնվազն մեկ տարի ինքդ քեզ չգտնես։

 

Իհարկե խնդիրներ ունեն, բայց ամուր կանգնած են ոտքերի վրա։ Ցանկացած իրավիճակում ուժեղ են, չեն կոտրվում, նաև հասկանում են՝ կյանքը շարունակվում է, ապրելու ենք։

 

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

 

 

 

Դիտումների քանակը` 924

Գլխավոր էջ