Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
Կարծում եմ, կուսակցությունում կան բավական թվով մարդիկ, ովքեր իսկապես համարում են, որ կանանց մասնակցության խնդրում մենք պետք է առաջընթաց ունենանք ու չէին ուզենա, որ Ընտրական նոր օրենսգրքի դրույթները ինչ-որ կերպ դժվարացնեին կանանց մուտքը խորհրդարան: Այս մասին WomeNet.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ընտրական օրենսգրքով նախատեսված կանանց աջակցող քվոտայի բարձրացման հնարավորությունը:
«Հիշենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ խմբակցության կազմում ինը կին պատգամավոր կար, իսկ այսօր՝ Արփինե Հովհաննիսյանի Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, նրանց թիվը 8-ն է: Այսինքն՝ Հանրապետականը նախորդ ընտրությունների գործընթացում հավատարիմ մնաց իր հանձնառությանը կանանց ներկայությունն ընդլայնելու քաղաքականություն իրականացնելու առումով և ես կարծում եմ, ու նաև վստահ եմ, որ դա շարունակական է լինելու: Դա կարտահայտվի և Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տեսքի բերելու քննարկումների ընթացքում, նաև այս տարի տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններում և հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններում էլ ականատեսը կլինենք, որ այդ հանձնառությունը ՀՀԿ համար անկեղծ է և մենք իսկապես համարում ենք, որ կանանց մասնակցությունը քաղաքական տարբեր մակարդակներում շատ կարևոր է:
Ինչ վերաբերում է Ընտրական նոր օրենսգրքի դրույթներին, մենք իսկապես չէին ուզենա, որ դրանք ինչ-որ կերպ խոչընդոտեին կանանց ավելի էական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: ՀՀԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ մենք անպայման հանդիպելու և քննարկելու ենք այդ հարցը կանանց խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, քանի որ համարում ենք, որ Ընտրական օրենսգրքով սահմանվող կանանց համամասնությունը կուսակացությունների ցուցակներում ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի՝ դրանով իսկ ստեղծելով արդարացի և հավասար հնարավորություններ քաղաքական որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավելու համար: Ուստի մենք կաջակցենք ցուցակներում կանանց ու տղամարդկանց 30/70 համամասնություն ամրագրելու առաջարկին, ինչպես նաև կողմ ենք, որ ինքնաբացարկի դիմած կնոջ փոխարեն խորհրդարան պետք է գա ցուցակով հաջորդ կին թեկնածուն», – ասաց Հերմինե Նաղդալյանը:
Լուսանակարը՝ «Հավասար» քարոզարշավի ցուցահանդեսից
Դիտումների քանակը` 4135