Նարինե Թուխիկյան. «Իմ երազանքների Երևանը արդար է ու երջանիկ»
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան), ով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ներկայացված է «Իմ քայլը» դաշինքի կողմից, անկուսակցական է: Այս հարցն իր համար սկզբունքային է: Չնայած, որ կիսում և սատարում է դաշինքի գրեթե բոլոր գաղափարները, կուսակցական երբեք չի դառնա, քանի որ ամեն ինչից շատ գնահատում է իր ազատությունը:
Հենց ազատության գաղափարի սերմանումն է Թուխիկյանը համարում իր մեծագույն ձեռքբերումը: «Ես արդեն 10 տարի աշխատում եմ պետական կառույցում, և համարում եմ, որ իմ մեծագույն հաղթանակը և ձեռքբերումը այդ կառույցի ներսում մարդկանց քաղաքացիական գիտակցության բարձրացումն է: Երբ նոր էի աշխատանքի անցել, շատերը թանգարանում բնավ դիրքորոշում չունեին, բայց հիմա տեսնում եմ, որ շատ բան է փոխվել: Մարդիկ գիտակցում են, որ արժանապատիվ կյանքի, պայքարի իրավունք ունեն: Դրան հասնելու համար ես շատ դեպքերում վաբանկ եմ գնացել, գիտակցելով, որ գուցե դա կլինի իմ վերջին գործը՝ որպես թանգարանի տնօրեն, բայց ինձ համար մարդու մտքի ազատությունը գերակա արժեք է: Ես համարում եմ, որ միայն ազատ մարդը կարող է ուժեղ լինել»,- ասում է նա:
Թումանյանի թանգարանի տնօրենի համար յուրահատուկ կարմիր լույս եղավ «Խավարում» ցուցադրության արգելումը ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Ստալինյան բռնաճնշումների զոհերի մասին պատմող ցուցադրության արգելումը ցուցիչ էր, որ ավելի վատ լինել չի կարող: «Երբ «Խավարումն» արգելեցին, ես մտածում էի, որ դա անարգանք է Թումանյանի, նրա ընտանիքի, ստալինյան բռնաճնշումների բոլոր զոհերի հիշատակի նկատմամբ: Հետո հասկացա, որ դա անարգանք էր հենց ցուցադրությունն արգելողների նկատմամբ, որովհետև դա նշանակում էր, որ նեոբոլշևիզմը չի վերացել, այն կա, և նստած է Մշակույթի նախարարությունում և երկրի կառավարման ղեկին: Նեոբոլշևկները մշակույթի մասին ճոռոմ խոսքեր ասողներն էին: Մարդիկ իրենք իրենց լյուստրացիայի ենթարկեցին»,- ասում է Թուխիկյանը:
Դրան հաջորդած քաղաքական իրադարձություններին Նարինե Թուխիկյանը հետևել է ներսից՝ մասնակցելով բոլոր ցույցերին և երթերին: Նրա համար որոշիչ դարձավ հեղափոխության ամենաթեժ օրերից մեկը՝ ապրիլի 16-ը, երբ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունն ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Նա հիշում է, որ ճիշտ այդ օրը իր ներսում անդառնալի փոփոխություններ եղան… «Զգացածս այլևս միայն զայրույթ չէր՝ տեղի ունեցողի կապակցությամբ. ինձ համար պայքարի մի նոր բևեռ ձևավորվեց: Այդ օրը հասարակության համար արթնության օր դարձավ: Այդ օրվանից հետո երբեք կասկած չեմ ունեցել, որ այս ամենը հաջողությամբ է պսակվելու: Ես միշտ ասում եմ, որ այս հեղափոխությունը աստվածային ինչ-որ բան էր, որովհետև, ըստ էության, նույն մարդիկ էին, նույն պայքարը, բայց էներգետիկան բոլորովին այլ էր. նախկինում երբեք չեմ տեսել այդքան սեր, երջանկություն, համախմբվածություն, որքան այսօր»,- ասում է նա:
«Իմ քայլը» դաշինքի կազմում ընդգրկվելու առաջարկը տիկին Թուխիկյանն ընդունել է կարճ ժամանակ մտորելուց հետո: Խոստովանում է՝ որոշման համար առանցքային էր այն հանգամանքը, որ առաջարկը հնչել է քաղաքական ուժի կողմից, որին վերջապես հաջողվել էր կոնսոլիդացնել ողջ հասարակությունը: «Ես համոզված եմ, որ հասարակությունն ինքնին պատրաստ էր այլևս համախմբվելու, սակայն Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի ավանդն անուրանալի է այդ հարցում, որովհետև միայն նրանց հաջողվեց առաջնորդել ողջ ժողովրդին»,- ասում է Թուխիկյանը: Դրան հաջորդեցին նաև այլ քաղաքական ուժերի կողից առաջարկները, սակայն որոշումն արդեն կայացված էր:
Թուխիկյանը համոզված է՝ երկրում իրավիճակ է փոխվել: Ավագանիում կոնկրետ քաղաքական ուժի ներկայացնելն իրեն չի կաշկանդի: Այն օրը, երբ «Իմ քայլը» դաշինքի գործողությունները կհակասեն իր սկզբունքներին, դուրս կգա դաշինքից և ավագանու կազմից: «Մեր երկրից, մեր քաղաքից երջանկությունը կողոպտված էր: Այն պետք է վերադարձնել մարդկանց, և դա անել ոչ միայն հույսեր ներշնչելով, այլև՝ կոնկրետ քայլերով: Մի միջազգային կազմակերպություն ուսումնասիրություն է հրապարակել, ըստ որի՝ հայերը ամենադժբախտ ժողովուրդն էին: Այսօր մարդիկ սկսել են ժպտալ: Մեր գործերի, մեր թիմի ջանքերի արդյունքը պետք է լինի ժպտացող, երջանիկ մարդկանց քաղաք կառուցելը: Իմ երազած Երևանը պետք է լինի արդար և մաքուր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իր պատասխանատվությունը և կարևորությունը քաղաքի կյանքում»,- ասում է նա:
Ընտրություններին ընդառաջ՝ ընտրակաշառքի մասին շրջանառվող լուրերը տիկին Թուխիկյանն ընդունում է ցավով, բայց նաև ըմբռնումով: Ըստ նրա՝ մարդկանց քաղաքացիական արթնության համար տարիներ են պետք: «Տասնամյակներ շարունակ մարդկանց փչացրել են, ստորացրել: Մեջքն ուղղելու համար ժամանակ է պետք: Ես վստահ չեմ, որ բոլորը կմերժեն կաշառքը, դրա համար տարիներ են պետք: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ընտրակեղծարարության դեմ պայքարի միակ ձևը խստագույն պատիժն է: Այս մասին այսօր շատ պետք է խոսել, որպեսզի այն մարդիկ, ում մտքով արքայություն է անցնում, հստակ գիտակցեն, որ պատիժն անխուսափելի է լինելու նաև իրենց համար»,- ասում է նա:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 1830