«Մենք հիմա ապրում ենք ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղում». Նարինե Ջհանգիրյան
WomenNet.am-ի զրուցակիցն է 54-ամյա Նարինե Ջհանգիրյանը, ով Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ է: Իրավիճակն այսօր Տեղում լարված է, ամեն վայրկյան պատրաստ են Ադրբեջանի սադրանքներին դիմակայելու, կամավորականներն ու զինվորականները հսկում են, որ հակառակորդը ոչ մի սանտիմետր առաջ չգա։
Մենք մեր հողին, մեր արմատներին կառչած ժողովուրդ ենք
Նարինե Ջհանգիրյանի խոսքով, վերջին 1-1.5 տարիներին սահմանամերձ Տեղում խնդիրներն ու հոգսերն առանց այդ էլ համավարակի պատճառով ավելացել էին: Ու թեև համավարակային ու այսօր առկա սահմանային խնդիրները միայն ՏԻՄ-ի լուծման տիրույթում չեն, բնակիչներըի հայացքներն ու հարցերը նախ և առաջ ուղղված են համայնքի աշխատակազմին ու ավագանուն:
– Սկզբնական շրջանում մեր բնականոն աշխատանքի վրա շատ ազդեց համավարակը. ավագանու նիստերը, քննարկումները հեռավար էինք իրականացնում: Աստիճանաբար, ինչպես բոլորը, մենք ևս հարմարվեցինք: Համավարակը չավարտված, սկսվեց պատերազմը: Պատերազմից հետո մթնոլորտը շատ լարված է Տեղում. մենք հիմա ապրում ենք ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղում, որտեղ բոլորիս մոտ սպասողական վիճակ է. անորոշություն կա, չգիտենք, ի՞նչ կլինի հետագայում,- ասում է Ն. Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ Տեղում գյուղացիներին հուզող կարևորագույն հարցն այս պահին ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած մասնավոր հողատարածքների ու սահմանային լարվածության հանգուցալուծումն է:
-Մեր մասնավոր հողերի մի մասը հիմա ադրբեջանցիների մոտ է: Գյուղացիները բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարած, պետք է ցանքս անեին, հիմա դրա հնարավորությունը չկա: Նվազել են նաև արոտավայրերը, ինչի պատճառով մարդիկ ստիպված անասունները վաճառեցին: Մարդ կա, 100 խոշոր եղջերավոր ուներ, բոլորը վաճառել է, պահել ընդամենը մեկը՝ ընտանիքի կարիքները հոգալու համար,- իրավիճակն է ներկայացնում ավագանու անդամը,- մարդիկ մեզ են դիմում, ասում են՝ այսքան հողս մնացել է ադրբեջանցու մոտ, հողի կարիք ունեմ, վարկ եմ վերցրել, սերմացու առել, հողը փորել… Բոլորս սպասում ենք խնդրի պետական մակարդակով լուծումներին…
Չնայած առկա խնդիրներին, գյուղից որևէ մեկը չի արտագաղթել: Ընդհակառակը, վերջին ամիսներին Տեղում է հիմնավորվել նաև արցախցի 5 ընտանիք:
-Մենք մեր հողին, մեր արմատներին կառչած ժողովուրդ ենք,- ասում է նա:
«Տղամարդիկ թող աստիճանաբար սովորեն, որ կանայք էլ պետք է լինեն կառավարման օղակներում»
Մոտ երկու ամսից կլրանա Տեղի վերջին գումարման ավագանու պաշտոնավարման հինգ տարին: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, վերհիշում ենք Նարինե Ջհանգիրյանի հետ թե ինչպես 2016-ի աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով խոշորացված Տեղում միանգամից ավագանու երեք կին թեկնածուներ հաղթահարեցին մրցակցային փուլը՝ ստեղծելով դրական նախադեպ այլ համայնքների համար:
-2016-ին առաջին անգամ մտածեցի ու բարձրաձայնեցի որպես ավագանու անդամ թեկնածությունս առաջադրելու ցանկության մասին: Ուզում էի փոքրիկ, գյուղական դպրոցի տնօրեն լինելուց զատ ուժերս ներդնել նաև համայնքիս համար, տեսնել՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել: Ինձ համար շատ կարևոր էր նաև ընտանիքիս ու հատկապես ամուսնուս արձագանքը: Ճիշտ է, ես ցանկությու ունեի, բայց ընտանիքս էլ պետք է տար իր համաձայնությունը,- հիշում է երեք զավակների մայր է ու հինգ թոռնիկների տատիկ ՝ հավելելով, – ի ուրախություն ինձ, թե՛ ամուսինս, թե՛ ընտանիքս, թե՛ համագյուղացիներս միայն ողջունեցին մտադրությունս:
Ավագանիում պաշտոնավարման 5 տարիների կարևորագույն ձեռքբերումը Նարինե Ջհանգիրյանը համարում է բնակիչների՝ իրեն ուղղված ժպիտները: Ասում է.
– Ես ինձ լավ եմ զգում, որ այս տարիներին կարողացել ենք համատեղ ուժերով համայնքի բնակավայրերի մի շարք կարևորագույն խնդիրներ լուծել:Գյուղացին դիմել է, իր խնդիրը լուծվել է, բնակիչը բավարարված է մնացել, դա իմ ամենակարևոր ձեռքբերումն է:
Նրա դիտարկմամբ, բնակիչների խնդիրներն ու հոգսերը լսելու, նրանց ապրումակցելու ու սատարելու հարցում ևս հատկապես իգական սեռի բնակիչների համար շատ հաճախ նախընտրելի պաշտոնյան դառնում է կինը:
-Հարցեր կան, որ միայնակ, ընտանեկան, սոցիալական, ֆինանսական խնդիրներ ունեցող կանայք հաճախ նախընտրում են կին պաշտոնյաների մոտ անկեղծանալ, նրանց հետ կիսվել: Տեղում, վստահ եմ, այլ համայնքներում ևս կան խնդիրներ ունեցող կանայք, որոնք շատ հաճախ խուսափում են տղամարդկանց մոտ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
Սյունիքի մարզի համայնքներում կին ավագանու անդամների թիվը չափազանց փոքր է: Նարինե Ջհանգիրյանի կարծիքով՝ դա պայմանավորված է մի քանի հանգամանքով:
-Մի կողմից կանայք են զգուշանում կարևոր պաշտոններ զբաղեցնել, մյուս կողմից հաճախ է ասվում, որ կինը պետք է լինի տանը, ընտանիքում, խոհանոցում… Բայց չէ՞որ եթե կինն էլ նշանակվի կամ ընտրվի բարձր պաշտոններում, հնարավորություն կունենա ապացուցել, որ ինքն էլ կարող է… Կարծում եմ, որ կանայք կարող են լինել ամենատարբեր կառույցների կարևորագույն պաշտոններում: Շատ բնագավառներում կանայք կարող են հաջողել: Նրանք ավելի ճկուն են ու ավելի հմտորեն են կարողանում լուծումներ գտնել տարբեր խնդրահարույց իրավիճակներում:
Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները խոշորացված Տեղում կանցնեն արդեն համամասնական ընտրակարգով, և կանանց մասնակցությունը կարգավորվելու է գործող գենդերային քվոտայով: Չնայած իր 5-ամյա փորձառությանը Նարինե Ջհանգիրյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններին մտադիր չէ առաջադրվել:
-Թող ավելի երիտասարդ կանայք առաջադրվեն: Ուզում եմ, որ մեր երիտասարդությունն ընդգրկվի այդ ամենում: Մենք փորձեցինք, մրցակցեցինք, անցանք: Գուցե դրանից ոգևորվելով այս ընտրություներին ավելի շատ երիտասարդ կանայք մասնակցեն: Մենք հրաշալի, կարող կանայք ունենք թե՛ համայնքում, թե՛ մարզում ու երկրում,- ասում է նա, շեշտելով, որ ցանկացած պատեհ առիթով նույն ուղերձն է հղում իրեն հանդիպող ուժեղ կանանց,- կինն այլ կերպ է մտածում, տղամարդն՝ այլ կերպ: Կանանց կարիքը պետական ու ՏԻՄ համակարգը շատ ունի: Նաև՝ տղամարդիկ թող աստիճանաբար սովորեն, որ կանայք էլ պետք է լինեն կառավարման օղակներում, կանայք էլ պետք է իրենց խոսքն ասելու հնարավորություն ունենան…
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 1483