«Երբ աղջիկ լինելը մասնագիտության ընտրության խոչընդոտ է դառնում»…
31-ամյա Նարե Հակոբյանը դեռևս փոքր հասակից մասնագիտության ընտրության հարցում միանգամայն վստահ է եղել. դեմ են եղել միայն ծնողները, իսկ շրջապատում՝ առհասարակ չեն պատկերացրել՝ ինչպես կարող է աղջիկը զբաղվել կենդանիներին բուժելով։ Ասում է՝ իրեն որոշումից ետ պահելու համար հայրն ու մայրը միշտ խոսում էին անասնաբույժի մասնագիտության դժվարություններից, վստահեցնում, որ մշտապես աշխատելու է կնոջ համար ոչ բարենպաստ միջավայրում…
«Շատերի պատկերացմամբ՝ անասնաբուժությունը տղամարդկանց գործ է»
«Աղջիկ անասնաբույժն այսօր անընդունելի է մեր հասարակության համար․ շատերի պատկերացմամբ՝ այդ մասնագիտությունը միայն տղամարդկանց համար է․․․ Երբ աշխատանքի բերումով այցելում էի տարբեր ֆերմաներ, մեքենայից իջնելիս՝ կենդանատերերը սովորաբար միշտ հարցնում էին՝ բա ու՞ր է բժիշկը, չէին հավատում, որ՝ ես եմ»,- WomenNet.am-ին պատմում է Նարեն ու ավելացնում՝ շատ են ասում, օրինակ, թե ինչպե՞ս կարող է այս փոքր-մոքր աղջիկն իրենց կենդանուն սոնոգրաֆիա անել կամ առհասարակ մտնել ֆերմա, սակայն մի քանի բառ փոխանակելուց հետո փոխում էին իրենց վերաբերմունքը՝ հասկանալով, որ իսկապես մասնագետ եմ…
Ասում է՝ շատ դժվարությամբ է արժանացել հաճախորդների վստահությանը. աղջիկ լինելը ու փոքր կազմածք ունենալն իրեն շատ են խանգարել մասնագիտության մեջ կայանալու հարցում․ «Հաճախ է եղել, երբ կենդանուն բերել են վիրահատության և թերահավատորեն հարցրել՝ արդյո՞ք կարող եմ վիրահատել։ Նույնիսկ մի փոքր վիրավորական էր, բայց այդ մարդկանց էլ էի հասկանում, քանի որ շատերն ունեն կողմնակալ վերբերմունք կին անասնաբույժների հանդեպ»:
Նարեն նշում է՝ կարծրատիպերն ու խնդիրներն այդքանով չեն սահմանափակվում. գյուղական միջավայրում հաճախ չի ընդունվում նաև կանանց՝ տղամարդկանց հետ աշխատելու հանգամանքը, արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ խանդոտ ամուսինը, խիստ եղբայրը կամ հայրն են խոչընդոտում այս ոլորտում աղջկա մասնագիտական աճին։
«Ես միշտ ասում էի՝ անասնաբույժ եմ դառնալու»…
Կենդանիների բժիշկ դառնալու որոշումը Նարեն կայացրել է դեռևս 10 տարեկանում։ Հիշում է՝ ամեն անգամ մի կատու ձեռքին տուն էր վերադառնում ու ծնողներին ուրախ-ուրախ հայտնում, որ այդ մեկին ևս ուզում է իրենց տան «անդամ» դարձնել։
«Կատուներս մոտ 16-ն էին, բոլորն ունեին անուններ, անգամ՝ անձնագրեր, որոնք ինքս էի պատրաստում, ու մինչ հարևան երեխաները խաղում էին բակում, ես կատուներով էի զբաղվում»,- ժպիտով պատմում է Նարեն և ավելացնում՝ կատուների նկատմամբ շատ հոգատար էր, իսկ նրանցից յուրաքանչյուրի կորուստը՝ անչափ վշտացնում էր իրեն։
Չնայած դրան՝ ոչ ոք լուրջ չէր վերաբերվում ապագա մասնագիտության մասին Նարեի երազանքին, հումորներ էին անում՝ մտածելով կմեծանա այլ ոլորտ կընտրի։ «Դպրոցական տարիներին հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները լավ եմ սովորել, բոլորը համոզված էին, որ կգնամ հենց այդ ուղղությամբ, բայց ես միշտ ասում էի՝ անասնաբույժ եմ դառնալու»,- WomenNet.am-ին ասում է Նարեն։
Նրա խոսքով՝ կենդանիների բժիշկ դառնալու իր երազանքն այնքան մեծ էր, որ հաշվի չէր առնում բոլոր այդ խոսակցություններն ու կարծրատիպերը, փոխարենը՝ ամեն անգամ, համալսարանական դասերի ավարտից հետո միշտ շտապում էր տարբեր կլինիկաներ՝ մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դրանք պրակտիկորեն կիրառելու համար: Ասում է, ամեն վայրկյան սպասում էի, որ կլինիկա կբերեն շուն կամ կատու, որոնց բուժման գործընթացն ինձ շատ էր հետաքրքրում:
«Գրեթե միշտ շատ ուշ էի վերադառնում տուն, ինչի համար հաճախ էին լինում վիճաբանություններ և տարաձայնություններ, ծնողներս միշտ ասում էին, թե ինչու՞ են հարևան երեխաները տուն վերադառնում դասերի ավարտից հետո ժամը՝ 4-ին, իսկ ես՝ երեկոյան՝ 8-ին, 9-ին կամ առհասարակ հաջորդ օրը․.»,- ասում է Նարեն։
«Հավատալ սեփական ուժերին»…
Աշխատասիրությունն ու մասնագիտության հանդեպ մեծ սերը Նարեին օգնում են բացել անասնաբուժական կլինիկան, թեև դրան ևս ծնողները դեմ էին։
«Նրանք պնդում էին, որ հիմա շատ լավ կլինիկաներ կան, ես սկսնակ եմ, չեմ կարողանա բիզնեսն ինքնուրույն վարել, ֆինանսական վնասներ կունենամ։ Բնականաբար բոլոր ծնողներն անհանգստանում են իրենց երեխաների համար, չեն ուզում, որ՝ որևէ խնդրի բախվեն, սակայն նրանց ուժերին չհավատալը հաճախ կարող է ճակատագրական լինել, կոտրել կամ հիասթափեցնել երիտասարդ մարդուն»,- ասում է Նարեն։
Ըստ նրա՝ երբեք պետք չէ լսել՝ կողքից ինչ են ասում անգամ՝ ամենահարազատ մարդիկ, պետք է ինքնուրույն բացահայտել թաքնված կարողությոններն ու հավատալ սեփական ուժերին, քանի որ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչի է ընդունակ հստակ նպատակ ունեցող մարդը։
Նարեն պատմում է՝ ծնողներն իր հաջողությունները և հնարավորությունները տեսնելուց հետո են միայն փոխել իրենց վերաբերմունքն անասնաբույժի մասնագիտության վերաբերյալ։ Այսօր նրանք հումորով են վերաբերվում իրենց բոլոր ասածներին։ Ինչպես պատմում է Նարեն՝ դեպքեր են եղել նաև, երբ հաճախորդներն անձամբ շնորհակալական խոսքեր են հայտնել ծնողներին՝ իրենց կենդանուն փրկելու համար. դա ևս նպաստել է ծնողների կողմից իր մասնագիտության նկատմամբ դրական տրամադրվելուն։
Մինչ բուժհիմնարկ բացելը, Նարեն աշխատել է կենդանաբանական այգում։ Ասում է՝ հաճույքով է աշխատում բոլոր տեսակի կենդանիների հետ, սակայն այժմ գործ ունի միայն շների և կատուների հետ, քանի որ նրանց հետ աշխատելիս առանձնահատուկ բավականություն է ստանում:
Ասում է՝ թեև հանդիպող դժվարություններին, մեծ սիրով և հաճույքով է գնում աշխատանքի, սակայն կրկնակի հաճելին այն է, երբ կենդանուն բուժելու գործընթացը բարեհաջող ավարտ է ունենում։
«Երբեք չի եղել, որ հիասթափվեմ մասնագիտությունիցս կամ կենդանիներից, չնայած, որ ցավագին պահեր շատ եմ ապրել, երբ չեմ կարողացել փրկել կենդանուն․ ուշ է եղել կամ՝ տարիքով մեծ է եղել․.. Հիմա համեմատաբար թեթև եմ տանում, բայց, երբ նոր էի սկսում ամեն մի կենդանու անկումն ինձ համար մեծ վիշտ էր, ամեն կենդանու հետ տանջվում էի, ամեն կենդանատիրոջ հետ՝ լաց լինում»,- ասում է նա ու ավելացնում, որ յուրաքանչյուր կորուստն իրեն ստիպել է ու պարտավորեցրել էլ ավելի պատասխանատու վերաբերվել իր մասնագիտությանը։
Ի դեպ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան, անասնաբուժական գիտությունների թեկնածու Արևիկ Աբովյանի դիտարկմամբ, չնայած ոլորտում կին մասնագետներ քիչ կան, բայց աղջիկների հետաքրքրությունն անասնաբուժության նկատմամբ աստիճանաբար ավելանում է, հատկապես շատ են գնում են ընտանի կենդանիների ոլորտ, անգամ սեփական կլինիկաներ են բացում.
«Մեր ոլորտում քիչ են կանայք, բայց ինչքան էլ ասեն, թե անասնաբուժությունը կնոջ մասնագիտություն չէ, եթե կա ցանկություն, ապա հաջողությունն անխուսափելի է։ Իմ հաջողությունը նաև ոլորտում կայացած շրջանավարտներն են։ Միշտ խրախուսում եմ ուսանողներին օգտվել ընձեռած հնարավորությունից, երբեք չընկրկել, փորձել և առաջ գնալ…», – նշում է նա:
Մերի Մաթևոսյան
Դիտումների քանակը` 1043