Նարե Ղազարյան. « Հիմա առավել ևս իմ ուժերը, կարողություններս կարող են օգտակար լինել»
Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի պետական սահմանը ավելացել է մի քանի հարյուր կիլոմետրերով, ինչն իր հերթին նշանակում է, որ շատ ու շատ համայնքների բնակիչների հոգսերը, խնդիրներն ու մտահոգությունները սեփական անվտանգության մասին ևս երկրաչափական պրոգրեսիայով աճել են: Նմանատիպ համայնքներից է Կապանի տարածաշրջանի Շիկահողը, որն այսուհետ ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:
WomenNet-ի հետ զրույցում Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը պատմեց, որ անգամ պատերազմի օրերին արցախցի փախստականները իրենց գյուղ չեն եկել հենց սահմանամերձ լինելու պատճառով, քանի որ ճանապարհն էլ է վտանգված, այդտեղ ապրող մարդկանց կյանքն էլ: Եվ, ըստ էության, այդ իմաստով բան չի փոխվել՝ միայն խնդիրներն ու մտահոգություններն են ավելացել.
«Մեր գյուղը Զանգելանին շատ մոտ է, ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա և այնտեղից փախնողը դժվար մեզ մոտ գար: Պատերազմի օրերին մեր դիրքերը պահում էին մեր գյուղի բնակիչները, կանոնավոր զորք չկար և մենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ կապ հաստատելով՝ կարողացանք ապահովել նրանց հագուստով, սնունդով, անհրաժեշտ այլ պարագաներով: Հոկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիրքերը մենք ենք պահել (զորք չկար) և այդպես կարողացանք մեր հարցերը ինքներս լուծել»,- պատմեց նա:
Այսօր Կապանից դեպի գյուղ տանող ճանապարհն է առաջնային խնդիրը, քանի որ ադրբեջանցիները կանգնած են դրա եզրին՝ մի հատվածը անցել է թշնամուն: Ճիշտ է, նշում է Նարե Ղազարյանը, անմիջապես ճանապարհի կողքին ռուս սահմանապահներն էլ են կանգնած, բայց դա այդքան էլ հանգստացնող հանգամանք չէ: Բացի այս, ունեն նաև խնդիր գյուղի ներքևի հատվածում, որտեղ մոտ 5 կիլոմետրի վրա ադրբեջանցիների նախկին գյուղն է՝ Քյոլը, և հիմա ադրբեջանցիները այդտեղ են տեղակայվել, ինչը հայ գյուղացու համար խնդիր է առաջացնում.
«Ցավոք, այս ամենի արդյունքում ունենք բազմազավակ ընտանիքներ, որոնք մտածում են արդեն գյուղը լքելու մասին՝ երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով: Դա շատ տխուր է, բայց իրենց էլ հասկանալի է, մարդիկ այսօր անորոշության մեջ են, չեն կողմնորոշվում ինչ անեն, ես էլ չեմ կարողանում որևէ բան խորհուրդ տալ կամ ասեմ՝ մնացեք, գնացեք, քանի որ ինքս էլ չեմ տիրապետում, թե ինչ կարող է լինել վաղը-մյուս օր: Ամեն դեպքում փոքր երեխա ունեցողները պետք է ապահով լինեն՝ սա հստակ է, և պետք է ամեն ինչ անենք դրա համար»,- շեշտեց նա:
Ամենագլխավոր խնդիրը, որ ունեն ստեղծված իրավիճակով պայմանավորված այն է, որ սահմանամերձ 52 հեկտար տարածք ունեն, որից 22-ը մշակված է, պետք է հնձվեր՝ ցորենի դաշտեր են, բայց այս պահին, ցավոք, գտնվում է թշնամու թիրախում և պարզ չէ՝ բերք կկարողանան հավաքել, թե ոչ: Սա լուրջ խնդիր է, քանի որ բավական մեծ ծախսեր են արվել: Մնացած մասն էլ կազմում է խոտհարքը՝ գյուղում անասուն են պահում, բայց չեն կարողանալու դա էլ անել, քանի որ արոտավայրերը ևս վտանգավոր են դարձել:
«Դիմել ենք կառավարությանը, որ այս երեք հարցերում՝ ճանապարհի հետ կապված, տարածքների մեզ օգնեն, բայց չգիտեմ… տեսնենք, բայց չեմ կարծում, որ որևէ բան փոխվի, քանի որ իրենք լավ տեղյակ են այս ամենից, իբրև թե խումբ կա ձևավորված, որ պետք է այս հարցերով զբաղվի, բայց չեկան, չգնացին մի հատ հասկանային ինչ է կատարվում: Կառավարությունն այնքան բան ունի անելու, որ մեր խնդրին հերթ չի հասնում, բայց լավը չի երևում, չգիտեմ…. դիմումը գրել եմ, որ ցորենի դաշտերն այս վիճակում են, հետևապես կերևա՝ կօգնեն, թե չեն օգնի»,- նշեց մեր զրուցակիցը:
Նարե Ղազարյանը Շիկահող համայնքի ղեկավար է 2016 թվականից , ընտրվել էր 26 տարեկանում՝ ստանալով գյուղի ողջ բնակչության միահամուռ վստահությունը: Խոշորացումից հետո նշանակվեց վարչական ղեկավար , և այս տարի հոկտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: Հարցին՝ ցանկանում է շարունակել, համայնքի վարչական ղեկավարը նշեց, որ դա չէ խնդիրը, այլ այն, որ ավելին է ցանկանում.
« Մեկ բան հստակ է՝ քաղաքականությունից չեմ պատրաստվում դուրս գալ, քանի որ հիմա առավել ևս իմ ուժերը, կարողություններս կարող են օգտակար լինել, բայց թե ո՞ր ոլորտում կշարունակեմ քաղաքական գործունեությունս մտածում եմ դեռ: Գուցե այլ ոլորտում շարունակեմ, որպեսզի կարողանամ ավելի օգտակար լինել թե՛ մեր գյուղին, թե՛ հարակից 4-5 գյուղերին, որ նույն խնդիրներն ունեն՝ սահմանամերձ են, վտանգված են: Չեմ վախենում խնդիրներից ու հոգսերից, այլ հակառակը՝ փորձում եմ ավելի օգտակար լինել»:
Ղազարյանն այս պահին կուսակցական չէ, բայց չի բացառում, որ կարող է և անդամակցել որևէ քաղաքական ուժի, եթե գտնի, որ դրա կարիքը կա և դա կարող է իրեն օգնել կյանքի կոչել բոլոր այն մտահղացումներն ու պատկերացումները, որ ունի: Բայց տվյալ պահին նա շարունակում է ապրել գյուղի հոգսերով ու խնդիրներով, որոնց վերջը, ցավոք, չի երևում….
Լիա Խոջոյան
Կարդալ թեմայի շուրջ մեր կայքում.
Նարե Ղազարյան. «Ես համայնքի բնակչի առջև եմ պատասխանատու, չեմ կարող հիասթափեցնել»/ մուլտիմեդիա
Նարե Ղազարյան. «Մի փոքր ջանք, ժամանակ և Շիկահողում շատ բան կփոխվի»
Դիտումների քանակը` 2080