Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

Ինչպես հայտնի է, պետությունը նախատեսում է աջակցել մինչև երկու տարեկան երեխաների մայրիկներին, ովքեր կորոշեն  աշխատանքի վերադառնալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյանները մինչ ներկայացնում են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, թեման  թեժ քննարկվում է  մայրիկների շրջանում:

 

Նախ կարճ՝ նախագծի էության մասին: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գնվող կնոջը պետությունն առաջարկում է համավճարի սկզբունքով դայակ վարձել երեխային խնամելու համար, որպեսզի նա հնարավորություն ունենա ցանկության դեպքում աշխատանքի վերադառնալ: Նախարարությունը նախատեսում է այդ նպատակի համար ամսական մինչև 55 հազար դրամ տրամադրել: Մեկ տարվա ընթացքում 11 անգամ, քանի որ աշխատողին մեկ ամիս արձակուրդ է հասնում:

 

Կառավարությունում ուսումնասիրել են զարգացած երկրների փորձը, եկել եզրակացության, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն երկրներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:

 

Եթե «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն Ազգային Ժողովն ընդունի, ապա ծրագրի իրականացման առաջին տարում աշխատանքի վերադառնալու դեպքում պետական աջակցության կստանա շուրջ 200 շահառու: Նրանց ընտրելու կարգը կսահմանվի կառավարության որոշմամբ: Եթե մայրը որոշում է մնալ տանը, խնամել երեխային, ապա ստանում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված 18 հազար դրամը:

 

Ցավոք, Հայաստանում որևէ կառույց հստակ տվյալներ առայժմ չի ներկայացրել, թե երեխա ունենալուց հետո մինչև երեխայի երկու տարեկան դառնալը աշխատող կանանց քանի  տոկոսն է վերադառնում աշխատանքի: Չկա վիճակագրություն, թե այսօր քանի դայակ է խնամում մինչև երկու տարեկան երեխաների:

 

Ինչ վերաբերում է  մայրիկներին, ապա նրանց արձագանքներն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ   տարբեր են.  մի կողմից շատ ոգևորված. մյուս կողմից՝  թերահավատ:

 

Երևանաբնակ 30-ամյա Նարինեն արդեն երեք տարի է՝ երեխայի խնամքի արձակուրդում է: Առաջնեկը 3 տարեկան է, երկրորդը՝ 7 ամսական: Ավագ երեխան հերթագրված է մանկապարտեզ գնալու համար: Դեռ հերթը չի հասել: Երևանում  մանակապարտեզ գնալու իր հերթին սպասում է 3 տարեկանից բարձր 1800 երեխա: «Եթե դայակ վարձելու հարցում աջակցություն լինի, ավելի շուտ կվերադառնամ աշխատանքի: Հիմա միայն ամուսինս է աշխատում, հազիվ ենք հասցնում ծախսերը հոգալ: Եթե այդ օրենքն ընդունվի,  հանգիստ խղճով աշխատանքի կվերադառնամ իմ ամբողջ դրույքով, մինչ այս պահը մտածել եմ կես դրույքով վերադառնալու մասին»,-WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Նարինեն: Մասնագիտությամբ լրագրող Նարինեն կարծում է, որ իր մասնագիտության համար երեք տարի ընդմիջումը շատ է:

 

34-ամյա  Լաուրան առաջին երեխայի ծնվելուց հետո աշխատանքի վերադարձավ, երբ բալիկը հինգ ամսական էր: Տատիկի աշխատավարձը ցածր  էր, սկզբում նա արձակուրդ վերցրեց, հետո էլ աշխատանքից դուրս եկավ: Փոքրիկին տատիկն էր խնամում: Մայրն ավելի բարձր էր վարձատրվում, տանը որոշեցին ամեն ինչ անել երիտասարդ մայրիկի կարիերային չվնասելու համար: Արդյունքում 48-ամյա տատիկը մնաց առանց աշխատանքի: «Ես մտածում եմ, որ այդ ընթացքում տատիկի առջև էլ կարող էին նոր հնարավորություններ բացվել, մասնագիտության մեջ կարող էր հմտանալ, աշխատավարձն էլ կբարձրանար: Այդպիսով նա դուրս մղվեց աշխատաշուկայից, իսկ այդ տարիքում աշխատանք գտնելը շատ դժվար է: Բայց մենք այլ տարբերակ չունեինք: Եթե որոշեինք դայակ վարձել, ապա իմ  աշխատավարձի կեսը պետք է նրան վճարեինք: Հիմա եթե այս նախաձեռնությունը հաստատվի, ուժի մեջ մտնի, շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեն»,-ասաց Լաուրան:

 

Հիշեցնենք, որ ըստ փոփոխությունների մայրիկի ու դայակի միջև պետք է աշխատանքային պայմանգիր կնքվի: Ահա հենց այստեղ են, որ մտահոգությունները շատ են: Աշխատանքային պայմանագրով դայակները պետք է հարկվեն: Թե ինչքա՞ն, դեռ պարզ չէ: Մայրիկները ենթադում են, հարկվելու դեպքում դայակի աշխատավարձն էլ կավելանա:

 

«Այնպես է ստացվել և փորձն էլ բազմիցս ցույց է տվել, որ մեր երկրի պետական այրերի նախաձեռնությունների հետևում միշտ ինչ-որ այլ բան է թաքնված։ Այս նախաձեռնությունը ևս դրանցից մեկն եմ համարում և բոլորովին հակված չեմ կարծելու, որ սա մայրիկներին աջակցելու համար է։ Վստահ եմ, որ մեկ այլ խնդիր են լուծում»,-ասում է 35- Հերմինեն, ով մինչև երեխայի երկու տարեկան դառնալն աշխատանքի է վերադարձել, հիմա  մեկամյա որդուն դայակն է խնամում:

 

Նկատենք, որ դայակի ծառայության համար ծնողները մեկ ժամի համար վճարում են 500 դրամից սկսած: Ծառայությունից օգտվելն անհարմար ու անհասանելի է լինելու նվազագույն աշխատավարձ ստացող կանանց համար:

 

«Ենթադրենք ես դայակի հետ կնքում եմ պայմանագիր, պարտավորվում նրան վճարել  75-80 հազար դրամ: Եթե նույնիսկ գումարի  կեսը վճարի պետությունը, իմ աշխատանքի գնալը լինելու է զուտ տնից դուրս գալ, որովհետև մնացած 15-20 հազար դրամը ծախսվելու է տրանսպորտի վրա: Այս դեպքում ես էլ, իմ պես 60 հազար դրամ ստացողն էլ աշխատանքի չեն էլ գնա, կմնան տանն այնքան ժամանակ, մինչև երեխան մանկապարտեզ գնա»,-նկատեց 27 -ամյա Ալինան, ով այս պահին երկու տարեկան երեխա ունի:

 

«Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ  կասկած հայտնեց նախաձեռնության նպատակների շուրջ:  «Մեր մտադրությունը որն է, դայակներին հարկելը, թե՞ մայրերին աջակցելը»,- հարցրեց Փաշինյանը։ Ի պատասխան այս հարցադրմանը  ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց. «Մենք որևէ խնդիր չենք դրել մեր առջև հարկային դաշտ բերելու, քանի որ այս ծրագրին, որն առաջարկվում է, քաղաքացին կամավոր է ընդգրկվելու»…

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 9503

Գլխավոր էջ