Նանե Ասատրյան. «Չէի կարծում, թե երբևէ հարկադրված կլինեմ պաշտպանել սեփական աշխատանքային  իրավունքներս»

Թվում է, որ  Հայաստանում աշխատող հղի կանանց   իրավունքները բավականաչափ պաշտպանված են  օրենսդրությամբ, սակայն այնուամենայնիվ   կան դեպքեր, երբ  օրենքով ամրագրված երաշխիքները չեն աշխատում  և հղի  կանանց  իրավունքները ևս խախտվում են գործատուների կողմից: Նման չարաշահումներից անմասն չեն մնում  նույնիսկ ղեկավար  պաշտոն զբաղեցնող հղի կանայք, ինչպես դա պատահեց Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալ Նանե Ասատրյանի հետ:

 

 

 

Մեկ անչափահաս երեխա ունեցող և հղիության 6-րդ ամսում գտնվող փոխմարզպետ Նանե Ասատրյանի համար անսպասելի էր այն  լուրը, որ նա ազատված է աշխատանքից Վայոց Ձորի ներկայիս մարզպետ Արարատ Գրիգորյանի առաջարկով: Ազատումը հիմնավորվել է ՀՀ  վարչապետի N 713-Ա որոշմամբ, որում նշված է, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով Նանե Ասատրյանն ազատվում է մարզպետի տեղակալի պաշտոնից: Ըստ վերոնշյալ օրենքի փոխմարզպետի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որի նշանակումն ու աշխատանքից ազատումն իրականացվում է մարզպետի առաջարկությամբ:  Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 2.1 կետով «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը»:

 

 

 

Նշենք, որ այս դրույթը  ընտանիքամետ պետական  քաղաքականության մաս է կազմում  և  առնվազն երեք  կարևոր նպատակ  է հետապնդում՝    աջակցել ժողովրադագրական ցուցանիշները բարելավմանը,  խրախուսել կանանց մուտքն աշխատաշուկա և  ապահովել  գենդերային զգայուն  մոտեցումներ աշխատանքի ոլորտում:  

 

 

 

Ինֆոգրաֆիկայի աղբյուրը՝ Կետ 33

 

Ըստ էության,   աշխատանքից ազատման  հիմք  հանդիսացած  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի միջև  ակնհայտ հակասություն կա, և այդ հակասությունն աշխատել է Նանե Ասատրյանի դեմ, ով աշխատանքից ազատվել է 2021 թվականի հունիսի 30-ին, այն դեպքում,  որ  հուլիսի 20-ից պետք է անցներ հղիության և ծննդաբերության արձակուրդի (ֆիզարձակուրդ)։ Արդյունքում՝ այսօր նա պետությունից որևէ նպաստ չի ստանում երեխայի խնամքի համար, բացի այդ, իր խոսքով, տուժել է նաև  մայրության նպաստ ստանալու առումով:

 

 

 

– Բավականին  տուժել եմ, քանի որ քսան օր  հետո  պետք է  գնայի  ֆիզարձակուրդ: Աշխատանքից ազատվելիս արձակուրդի գումար չեմ  ստացել, անգամ  ՏԻՄ  ընտրությունների ժամանակ, երբ փոխարինում էի մարզպետին, հավելավճար չեմ  ստացել: Մեկ աշխատավարձի չափով  վերջնահաշվարկ եմ  ստացել և երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Իմ  բողոքարկման  բուն  պատճառն այն էր, որ ես ու երեխաս  պետք է ստանայինք  օրենքով նախատեսված մայրական և երեխայի խնամքի  նպաստները,  որոնցից ես զրկվել եմ աշխատանքից  ինձ ազատելու պատճառով: Ես  ֆինանսապես  զգալիորեն եմ տուժել ,  շուրջ 1,5 միլիոն  դրամի չափով,-ասում է  Նանեն:

 

 

 

Ի դեպ, նրան աշխատանքից ազատելու համար որևէ հիմնավորում չի նշվել, ընդամենը որպես ազատման հիմք է ներկայացվել մարզպետի առաջարկը։

 

 

 

Իր իրավունքները վերականգնելու նպատակով Նանե Ասատրյանը դիմել է դատարան, սակայն առաջին ատյանի դատարանը վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը բողոքը մերժել է: Նանե Ասատրյանի շահերի պաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի փաստաբան Տիրուհի Վարդանյանի խոսքով իրենք համաձայն չեն դատարանի վճռին, ուստի բողոքարկել են այն Վերաքննիչ վարչական դատարան, խնդրելով բեկանել վճիռը, կամ ուղարկել նոր քննության, հղում անելով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածին ( Աշխատանքից ազատելու դեպքերում պաշտպանվածության իրավունքը), ըստ որի՝

…«Աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝

ա) բոլոր աշխատողների իրավունքը այն  մասին, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա»:

 

 

Փաստաբանի խոսքով, Նանե Ասատրյանի դեպքում նրան աշխատանքից ազատելու որևէ հիմնավորում նշված չէ, ընդամենը  որպես հիմք է ներկայացվել մարզպետի առաջարկը:

 

 

 

-Այստեղ ոչ միայն ներպետական, այլև միջազգային օրենսդրության հետ գործ ունենք, մասնավորապես Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի համապատասխան դրույթի հետ: Խարտիան  անդամ պետություններին, այդ թվում Հայաստանին,  պարտավորեցնում է, որպեսզի չեղյալ համարվեն աշխատանքից անօրինական ազատման դեպքերը, երբ չկա անձին աշխատանքից ազատելու հիմնավոր պատճառ՝  կապված անձի վարքագծի, ընդունակությունների հետ կամ  պայմանավորված  ձեռնարկության, հաստատության, ծառայության գործնական պահանջներով: Ավելացնեմ, որ հանրային  ծառայողը ևս  օգտվում է միջազգային  օրենսդրությամբ և Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված պաշտպանվածության  իրավունքից,-ասում է Տիրուհի Վարդանյանը:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 5-ի 3-րդ կետով  Հայաստանի Հանրապետության  վավերացրած միջազգային  պայմանագրերի և  օրենքների  նորմերի միջև  հակասության  դեպքում  կիրառվում են  միջազգային  պայմանագրերի  նորմերը:

 

 

 

WomenNet.am-ի հետ զրույցում Նանե Ասատրյանը պատմում է, որ փոխմարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից։ Աշխատել է  երեք  մարզպետների հետ։ Մինչ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նշանակումը՝ կարճ ժամանակով եղել է նաև մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար։

 

 

 

Ծնունդով եղեգնաձորցի, մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող Նանե Ասատրյանին մշտապես մտահոգել են մարզի ու հարազատ քաղաքի խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել է մամուլում: Համատեղ զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ, ակտիվորեն մասնակցել քաղաքացիական նախաձեռնություններին: Արցախյան առաջին պատերազմի տարիներին համագործակցել է իր ծնողների կողմից ստեղծված Եղեգնաձորի Սոցիալ-հոգեբանական հետազոտությունների կենտրոնի հետ, որտեղ աջակցություն էր ցուցաբերվում Արցախից և Ադրբեջանից տեղահանվածներին: Միաժամանակ զբաղվել է բնապահպանական և կանանց հիմնախնդիրներով:

 

 

 

«Երբ ինձ առաջարկեցին Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնը, միանգամից  համաձայնվեցի: Ինձ հոգեհարազատ էր այդ աշխատանքը, քանի որ հնարավորություն ունեի իմ հարազատ մարզում գործունեություն իրականացնել» ,-պատմում է Նանե Ասատրյանը:

 

 

Ասում է, որ համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի շրջանում մարզի սոցիալական խնդիրներին քաջատեղյակ փոխմարզպետը կարողացավ 15 հոգանոց սոցիալական աշխատողներից կազմված թիմով համակարգել այդ ոլորտը, աջակցել տեղահանված ընտանիքներին, կանանց ու երեխաներին ապահովել կացարանով, սնունդով, հագուստով, սփոփել մարզի զոհված զինվորների ծնողներին:

 

 

Ն.Ասատրյանի խոսքով, աշխատել է երեք մարզպետների հետ, որոնց հետ տարաձայնություններ չի ունեցել, քաղաքականության մեջ բարձունքների չի ձգտել, ակտիվ գործունեությամբ փորձել է օգտակար լինել մարզին: Սակայն համոզվել է, որ պաշտոնյա տղամարդկանց կողմից  կին պաշտոնյայի ակտիվությունը միշտ չէ, որ «մարսվում» է.  

 

 

 

-Կինը մեծ հաշվով իր վրա է կրում  բազում խնդիրներ թե ընտանիքում, թե աշխատանքի վայրում:  Ի պաշտոնե կատարում է ողջ աշխատանքի 80 %-ը, սակայն դափնիները հաճախ ստանում են  միայն ղեկավար տղամարդիկ: Ես տեսակով կարիերիստ չեմ, իմ սկզբունքներին դեմ գնացող չեմ: Կա մի այլ խնդիր, կանայք տղամարդկանց այս կամ այն «խմբավորման կամ թայֆայի» մեջ չեն մտնում: Անձամբ որևէ բիզնես չունեմ, որ խոչնդոտեմ որևէ մեկին: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու՞ ազատեցին աշխատանքից: Կուսակցական չեմ եղել, ընտրությունների քարոզարշավին չեմ մասնակցել, կատարել եմ ինձ վերապահված պետական աշխատանքը: Հավանաբար իրենց այլևս հարկավոր չէի, պատճառն ինձ չեն ասել»,- եզրահանգում է Ն.Ասատրյանը՝ անմարդկային որակելով  հղի կնոջ նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը:

 

 

 

Այսօր նա իր ընտանիքի՝ ամուսնու և երկու անչափահաս երեխաների /աղջիկը՝2,5, տղան՝ 7 ամսական/ հետ ապրում է վարձակալած բնակարանում, զբաղվում է հասարակական գործունեությամբ, կանանց, այդ թվում հղի կանանց խնդիրներով, մի քանի երիտասարդ կանանց հետ իրականացնում է ծրագրեր:

 

 

Նանե Ասատրյանի համոզմամբ խելացի, ակտիվ ու բանիմաց կին քաղաքական գործիչների թիվը պետք է ավելանա, յուրաքանչյուր կին թե աղջիկ պետք է համոզված լինի, որ անկախ իր կարգավիճակից ինքը կարող է ազդել քաղաքական որոշումների վրա: Նանեն չի բացառում նաև քաղաքականություն վերադառնալու հանգամանքը:

 

 

 

-Այսօր օրենքների միջև հակասությունը օրենսդրական կարգավորման կարիք ունի, քանի  որ ստացվում է, որ  օրենքով ամրագրված երաշխիքը միշտ չէ, որ պաշտպանում է հղի կնոջն աշխատանքից ազատելուց:  Ես չէի կարծում, թե երբևէ հարկադրված կլինեմ պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքներս» , – ասում է Նանե Ասատրյանը:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բխում է թե՛ ընտանիքի, թե՛ գործատուի, թե՛ պետության շահերից

 

 

 

Դիտումների քանակը` 986

Գլխավոր էջ