Նաիրա Չոբանյան. «Գիտեմ, որ պատասխանատու աշխատանք է սպասվում »
Նաիրա Չոբանյանը Լոռու մարզի խոշորացվող Գյուլագարակ համայնքի ավագանու անդամության թեկնածու է: Ծնվել ու մինչ օրս շարունակում է ապրել ու աշխատել Գյուլագարակի կազմում ընդգրկված Ագարակ համայնքում: Շուրջ 30 տարի է, աշխատում է գյուղի դպրոցում: Այժմ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն է: Ամուսնացած է, ունի աղջիկ և տղա: Առաջադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Մտածեցի, որ կարող եմ այդ ոլորտում էլ դրսևորել ինձ: Ես շատ հետաքրքրվում եմ ամեն ինչով, դպրոցից դուրս մասնակցում եմ տարբեր ծրագրերի, դասընթացների: Ճիշտ է, ընտանիքս մի քիչ ծանրաբեռնված է, բայց ամեն ինչի համար փորձում եմ ժամանակ գտնել: Ճիշտն ասած ամուսինս էլ քաջալերեց այդ հարցում: Կարող է ես ուզեի, բայց ինչքան չլինի կին ես, այն էլ գյուղում: Եթե ընտանիքիս աջակցությունը չլիներ, գուցե և չառաջադրվեի: Նախ տղաս ասաց՝ մամ, կանանց թիվը քիչ է, կարո՞ղ է դու էլ ուզենաս թեկնածությունդ դնես: Մի քիչ տարակուսեցի, բայց որ ամուսինս էլ ասաց՝ լավ կլինի, առաջադրվի, ոգևորվեցի:
-Ո՞րն էր Ձեր երկմտանքի պատճառը:
-Դպրոցում էլ եմ ծանրաբեռնված, տանն էլ: Մտածում էի՝ նոր ծանրություն չվերցնեմ իմ ուսերին: Բայց որ հարազատներս ասեցին՝ տան հարցերն էլ կհասցնենք, դու առաջադրվի, համաձայնվեցի:
-Ի՞նչ դժվարություններ ունի կինը ընտրապայքարում:
-Կրածում եմ, տարիներ առաջ կնոջ համար դժվարություններ կային, կնոջ դերը քաղաքականության մեջ ուրիշ ձևով էր ընկալվում, նման կանանց հասցեին ուրիշ ձևով էին արտահայտվում: Հիմա խնդիր չեմ տեսնում: Տղամարդկանց հավասար կինը յուրաքանչյուր բնագավառում իր դերն ունի: Կինը պետք է կին մնա ընտանիքի համար: Դա առաջնային եմ համարում ու ամեն ինչից վեր եմ դասում, բայց նաև շատ կարևորում եմ կնոջ դերը քաղաքականության մեջ:
-Ո՞րն է պատճառը, որ քիչ թվով կանայք են մասնակցում ընտրություններին:
-Ես մտածում եմ, որ կանանց ու տղամարդկանց միջև հավասարություն է: Բայց ինձ նման ոչ բոլորն են մտածում ու խնդիրն առաջանում է հենց այդտեղից: Տեսնում եք՝ ես ասացի, որ ամուսինս ինձ օգնեց, քաջալերեց: Բայց արդյո՞ք բոլորն են այդպես վերաբերում իրենց կանանց առաջխաղացմանը:
–Որքանո՞վ է կարևոր կանանց ներգրավումը ՏԻՄ աշխատանքներում:
-Գիտեք, տղամարդիկ իրենց աչքերով են նայում ամեն ինչի, իրենց չափով են պրոբլեմները հասկանում: Միգուցե հարցեր կան, որ տղամարդիկ չեն էլ մտածում այդ մասին: Կինն ավելի հեռուն է մտածում, տղամարդիկ տաքարյուն են: Կանայք կարող է 10 քայլ առաջ էլ մտածեն, տղամարդիկ այդքանը չեն մտածի ու կարող են պահի տակ էլ որոշումներ կայացնել: Դրա համար կանանց էլ, տղամարդկանց էլ պետք է ինքնադրսևորվելու հնարավորություն տրվի:
-Ինչո՞ւ պետք է ընտրեն հենց Ձեզ:
-Մարդիկ ինձ ճանաչում են. 30 և ավելի տարի աշխատում եմ դպրոցում: Ինձ գիտեն ամեն ձևով. և՛ իմ բարությամբ, և՛ դիմացինին հասկանալու կարողությամբ: Ես կարող եմ հարցեր առաջ քաշել ու իմ առաջ քաշած հարցերին տեր լինել:
-Որո՞նք են համայնքի կարևորագույն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված առաջարկներ կանեք ընտրվելու դեպքում:
-Ըստ էությքան, ոչ թե մի, այլ մի քանի համայնքի հույսեր քեզնից, քո աջակցությունից ու քո որոշումներից է կախված: Գիտեմ, որ պատասխանատու աշխատանք է սպասվում ու զգում եմ այդ աշխատանքի ամբողջ պատասխանատվությունը: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը զբաղվածության հարցն է: Նաև կանանց ընդգրկումը ոչ միայն ղեկավար օղակներում, այլև տարբեր ծրագրերում:Հիմա աշխատանք չկա, կանայք տնից դուրս գալու, որևէ տեղ գնալու հնարավորություններ չունեն: Կազմակերպություններ լինեին, կանայք զբաղվեին, իրենց խնդիրները առաջ քաշեին: Ես տնից դուրս եմ գալիս,գումար եմ աշխատում, շփվում եմ մարդկանց հետ, բայց շատ-շատերի համար դա խնդիր է:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2204