Անկախ կին պատգամավորների՝ սահմանամերձ համայնքների աջակցության վերաբերյալ նախագիծը չընդունվեց

 

ԱԺ անկախ կին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը մշակել են «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Պատգամավոր կանայք օրհասական են որակում նախագիծն ու դրա ընդունումը։

 

 

Նախագծի համահեղինակ Սոֆյա Հովսեփյանը դրա բովանդակությունը ներկայացրեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 19-ին տեղի ունեցած նիստում։

 

 

«Սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղնշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով երաշխավորված գնման պայմանագի հիման վրա»,-նախագիծը ներկայացնելիս մանրամասնեց անկախ պատգամավորը։

 

Առաջարկվում է՝ երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի գինը, տեսակները, որակական չափանիշները, պայմանգրի օրինակելի ձևը պետք է սահմանի ՀՀ կառավարությունն ամեն տարի։

 

 

Սոֆյա Հովեսփյանը նիստին ներկա գործընկերների համար հիմնավորեց՝ օրենսդրական նման նախաձեռնության անհրաժեշտություն առաջացել է պատերազմից հետո։ Հայաստանի կրած պարտության հետևանքով սահմանամերձ համայնքների թիվն ավելացել է, այդ համայնքներն ունեն լուրջ սոցիալական խնդիրներ, կանգնած են դատարկվելու խնդրի առաջ։

 

 

«Որպեսզի կանխենք հնարավոր արտագաղթը սահմանամերձ համայնքներից, պետք է նման հնարավորություն տալ գյուղացիներին, և դրա թիվ մեկ երաշխավորը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց ԱԺ անկախ պատգամավորը։

 

 

Սոֆյա Հովսեփյանը հիշեցրեց, որ Հայաստանը պատերազմի հետևանքով հողատարածքներ է կորցրել, թշնամու ներկայությունն ու վտանգը չօգտագործվող են դարձրել շատ արոտավայրեր, հողատարածքներ։  Հիմա սահմանամերձ գյուղերին մնացել են փոքր հողատարածքներ ու դրանցից քաղած բերքի վաճառքը պետք է երաշխավորված լինի պետության կողմից։

 

 

«Եթե պետությունը այդ հոգածությունը չցուցաբերի, սահմանամերձ գյուղերի հողերն անմշակ կդառնան։ Այս փոփոխությունները երկու խնդիր կարող են լուծել՝ պարենային անվտանգության,  սահմանամերձ համայնքների բնակիչների զբաղվածության, արտագաղթի կանխման»,-նշեց նա։

 

 

Անկախ պատգամավորները նախատեսել են, որ սահմանամերձ համայնքներում աճեցրած բերքն ու բարիքը կարող է պետությունը պետական գնումների շրջանակում ձեռք բերել և տրամադրել օրինակ բանակին, ծերանոցներին ու պետական այլ հաստատությունների։

 

 

Պատգամավորը տեղեկացրեց, որ կառավարությունը մի շարք պատճառաբանություններով ոչ դրական եզրակացություն է տվել։ Նա հույս հայտնեց, որ ոչ էական ու տեխնիկական փոփոխությունների արդյունքում գործադիրը կվերանայի իր մոտեցումը։

 

 

«Նորից եմ կրկնում, որ Տավուշի սահմանամերձ համայնքները պետք է մեզ համար օրինակ դառնան։ Երբեմնի բազմամարդ գյուղերում այսօր քիչ մարդ կա։ Այդ բախտին չպետք է արժանանան Սյունիքի, Վայոց Ձորի համայնքները։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սոցիալական վատ պայմանների պատճառով հարազատ գյուղերը լքած մարդկանց վերադառանալ ու զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ, այս օրինագծի ընդունման պարագայում պետությունը տեր կկանգնի իրենց արտադրանքին»,-նախագծի ընդունման պարագայում հնարավոր դրական արդյունքները թվարկեց պատգամավորը։

 

 

Հանձնաժողովի նիստի մասնակից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Ծովինար Վարդանյանը հարցրեց, իսկ եթե սահմանամերձ համայնքում հողերը մշակեն ոչ թե բնակիչները, այլ մեկ ուրիշը, ի՞նչ է արվելու։

 

 

Սոֆյա Հովսեփյանը խոստովանեց՝ սպասում էր նման հարցի, ասաց՝ եթե ընկնեն նման ռիսկերի հետևից, ապա սահմանամերձ համայնքներում որևէ արտադրություն կամ նախագիծ չեն հիմնի, իրականացնի։

 

 

«Բայց եթե որևէ մեկն օրինակ գնա, սահմանամերձ գյուղում 10 հա հողատարածք գնի, այգի հիմնի, դա կապահովի աշխատատեղեր։ Սակայն հարցը ներդրումների վերաբերյալ օրենքով կարգավորված է։ Եթե նույնիսկ բաց կա, դա պետք է լրացվի, կարգավորվի, ոչ թե մերժվի օրինագիծը»,-նշեց Հովսեփյանը։

 

 

Նա նշեց, տարեկան սահմանամերձ յուրաքանչյուր գյուղից դուրս է գալիս 1-5 ընտանիք, մինչդեռ ամեն ընտանիքի արտագաղթելը վտանգավոր է։

 

 

Հանձնաժողովի նիստի մասնակից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ բարձրաձայնեց հավասար մրցակցության հնարավոր խնդիրների մասին, ի պատասխան նախագծի հեղինակ Սոֆյա Հովսեփյանը նշեց, եթե կան բացեր, պետք է առաջարկներ լինեն՝ դրանց կարգավորման, լրացման վերաբերյալ։

 

 

«Ամենալուրջ իրավաբանների կողմից ներկայացված օրենքներն անգամ անթերի չեն եղել, դրան փոփոխությունների ենթարկվել են։ Կարծում եմ, եթե գաղափարն  ընդունելի է ու առաջնահերթություն, ապա դրական եզրակացություն կտրվի, կքննարկվի նախագիծը»,-ասաց նա։

 

 

Նիստին մասնակից էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարեց՝ հիմնավորման մեջ պետք է ներառել նախագծի ընդունման անհրաժեշտությունը, առկա իրավիճակը, վարվող քաղաքականությունը, ընդունվելիք օրինագծից ակնկալվող արդյունքը, ինչն այս դեպքում առկա չէ։

 

 

Գործադիր մարմնի ներկայացուցիչը ընդգծեց նաև վերլուծություններ ներկայացված չեն բուսաբուծության արտադրանքի տեսակների, որակական չափանիշների վերաբերյալ, խնդիրներ կարող են առաջանալ դրանց իրացման գնի ու ծավալի հետ կապված։

 

 

Ինչևէ, օրինագիծը քվեարկության արդյունքում չընդունվեց։ Սոֆյա Հովսեփյանը լքեց հանձնաժողովի նիստը։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1259

Գլխավոր էջ