Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան
ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել զբաղվածության նոր ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման նպատակով գործատուի մոտ կազմակերպել մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում:
Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակում կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման, կազմակերպման միջոցով:
Ծրագրի համաձայն՝ երիտասարդ մայրերին, մասնագիտական ուսուցում ստանալու ընթացքում կտրվի նաև 6-ամսյա կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Պետությունը կվճարի նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։
Կառավարությունը նախատեսվում է ծրագիրը սկսել 2018 թվականից. առաջին փուլում կընդգրկվի 100 կին:
Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձին, ով՝
1) ունի երեք և ավելի երեխա.
2) համարվում է միայնակ մայր.
3) նրա ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:
Ըստ նախագծի՝ անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում՝ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:
Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կամ վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
Նշվում է նաև, որ եթե անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության:
Հիշեցնենք, որ ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում էլ հավանության է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:
Մերի Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը
Դիտումների քանակը` 7276