«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը

meri (800x575)

Երաժշտագետ, վավերագրող-լուսանկարիչ, ռեժիսոր Մերի Աղախանյանը սեփական տանիքի ներքո մանկական անիմացիայի խմբակ է ստեղծել, որտեղ ստեղծագործում են մանկահասակ երեխաները: Փոքրիկները փորձում են անիմացիաներ ստեղծել՝ ազատություն տալով սեփական երևակայությանը: Մերին աշխատու  է հնարավորինս չմիջամտել երեխաների աշխատանքներին՝ թույլ տալով, որ նրանք իրենք ստեղծեն և զարգացնեն սեփական կերպարները:

 

 

Երեխաների ստեղծագործություններն իսկապես ինքնատիպ են՝ զերծ ամեն տեսակի կարծրատիպերից և ապրանքայնությունից: 11-ամյա Էմանուելը ստեղծում է պատմություն մի կախարդական քաղաքի մասին, որի բնակիչները անսովոր հատկանիշներով են օժտված՝ նման չեն սովորական մարդկանց: Իսկ 12-ամյա Մերին  հորինել է ճմրթված թղթերի պատմությունը: Փոքրիկը մի օր մտածել է, թե ինչ է պատահում ճմրթված թղթերի հետ և որոշել է կենդանացնել նրանց՝ լսելի դարձնելով դեն նետված թղթերի ձայնը:  

DSC_1582 (800x536)

 

«Նպատակն այն է, որ երեխաներն իրենց ձեռքով ստեղծեն անիմացիաներ, իրենք շատ յուրահատուկ մտածողություն ունեն և մենք ուզում ենք, որ իրենք հենց այդ յուրահատկությունը չկորցնեն»,- ասում է Մերի Աղախանյանը: Ռեժիսորի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ երեխան լսի իր ստեղծած կերպարին, տեսնի նրա միջավայրը, հետևի ձայներին և գույներին. «Այդ պերսոնաժն ինքը կարող է հուշել երեխային, թե ինչպես պետք է նկարի: Երեխաներն ավելի բաց են նոր պերսոնաժներ ստեղծելու առումով: Ավելի փոքր տարիքի երեխաները դեռ չեն ստացել այն տեղեկատվությունը, որը կազդեր նրանց վրա և որոշակի պերսոնաժներ կթելադրեր: Ներկայումս նրանք ստեղծում են այն, ինչ կա նրանց ներաշխարհում: Երբ մեծերն են պերսոնաժներ ստեղծում երեխաների համար, որքան էլ դրանք մշակված լինեն, այնուամենայնիվ, մեծի ստեղծածն են: Իսկ երեխաների ստեղծած պերսոնաժներն ավելի կենդանի են»,- ասում է Մերին:

meri-3 (800x536)

 

Նրա խմբակում դեռևս չորս փոքրիկներ են ստեղծագործում՝ իր և իր ընկերուհու դուստրերը: Երեխաները ներկայումս պատմությունների կադրավորման վրա են աշխատում՝ պատկերելով բազմաթիվ տեսարաններ, որոնք հետագայում համակարգչային ծրագրի միջոցով դառնալու են անիմացիայի մի մասնիկ: «Ես ուզում եմ ձևավորել մի միջավայր, որտեղ երեխաները անելով կսովորեն և հետագայում լուրջ անիմացիաներ կստեղծեն»,- նշում է Մերի Աղախանյանը: Նա որոշել է  մանկական անիմացիայի ստուդիա ստեղծել, իսկ ավելի ուշ  «Հրաշագործության դպրոց» հիմնել , որտեղ երեխաները կունենան փորձարարական թատրոն, կփորձեն իրենց ֆիլմարտադրության մեջ՝ մշտապես մոտ գտնվելով հրաշքներին:

DSC_1580 (536x800)

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ Անուշն ու Լիլիթը կամավոր սկզբունքներով օգնում են Մերիին և փոքրիկներին: Ապագա բեմանկարիչները երեխաների հետ միասին հնչյունավորում են անիմացիաները, փորձում են ստեղծել օրիգինալ երաժշտություն՝ հարմարեցված փոքրիկների պատմություններին: Անիմացիայի հնչյունավորումը ևս կատարվում է երեխաների մասնակցությամբ:

 

 

DSC_1583 (800x536)

Մերիի համար առաջնահերթությունը ոչ թե շուկայում մրցունակ արտադրանք ստեղծելն է, այլ հետաքրքիր արդյունք ստանալը: Երեխաների ստեղծածություններում թեև հղկվածության և պրոֆեսիոնալիզմի պակաս է զգացվում, սակայն, Մերիի կարծիքով, դրանք ավելի հետաքրքիր ու ինքնատիպ են ստացվում: «Երեխաները միմյանց գաղափարներ են հուշում, իրենք են առաջարկում որևէ բան ավելացնել կամ փոփոխել: Մենք փորձում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք կստեղծագործեն շաբլոններից դուրս»,- ասում է Մերին:

meri-1 (800x536)

 

Անիմացիաների ստուդիան և հետագայում «Հրաշագործության դպրոցը» ստեղծելու համար Մերին ֆինանսավորման կարիք ունի: «Ուզում եմ հասնենք նրան, որ մենք մեր մուլտերը ստեղծենք: Դա հրաշք գործընթաց է՝ հատկապես երեխաների հետ: Ուզում եմ, որ երեխաները մեծանալուց հետո ինչ-որ ձևով շարունակեն ստեղծագործել՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեն»:

 

Արման Ղարիբյան 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Շուշան Գրիգորյանի Pepen-ոտ աշխարհը

«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը

«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում

Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»

«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները

WomenNet-ը փնտրում է նորարար կանանց

«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Համացանցի թագուհիները

 

Դիտումների քանակը` 4349

Գլխավոր էջ