Կանայք սկսել են ավելի շատ դիմել ՄԻՊ-ին` աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով

Կանայք սկսել են ավելի շատ  դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով: Այսպիսի եզրակացություն կարելի է անել հենվելով այն տվյալների վրա, որոնք ՄԻՊ աշխատակազմը տրամադրել է WomenNet.am-ի հարցմանն ի պատասխան:

 

 

Մասնավորապես, հարցմամբ հետաքրքրվել էինք, թե որքա՞ն հաճախ են կանայք դիմում ՄԻՊ-ին աշխատավայրում իրավունքների պաշտպանության հարցով և որո՞նք են հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում են կանայք աշխատավայրում:

 

 

Ըստ այդմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ   ներկայացվել է.

 

 

2018 թվականին ՝ 406 գրավոր և բանավոր դիմում-բողոք 627 անձից, որից 249-ը ներկայացրել են 342 կին:

 

 

2019 թվականին՝  519 դիմում-բողոք 625 անձից, որից 292-ը ներկայացրել են 342 կին:

 

 

2020 թվականին՝  503 գրավոր և բանավոր դիմում-բողոք 769 անձից, որից 289-ը ներկայացրել են 474 կին:

 

 

ՄԻՊ-ի գրասենյակից  հայտնում են, որ վերհանված խնդիրները, անկախ սեռային պատկանելիությունից, հիմնականում վերաբերվում են՝

  • աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելուն;
  • աշխատանքից անհիմն ազատելուն;
  • աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը չպահպանելուն;
  • աշխատավարձ չվճարելուն և արձակուրդ չտրամադրելուն; 
  • հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար գումար չվճարելուն;
  • աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին սահմանված ժամկետում չծանուցելուն;
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պարգևավճարներ վճարելիս աշխատողների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելուն;
  • արտաժամյա աշխատանքի համար օրենքով սահմանված կարգով չվարձատրվելուն և այլն:

 

 

Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային իրավունքների մասով դիմումներ է ստանում նաև հղի կանանցից, որոնք հիմնականում վերաբերում են.

 

 

  • հղիության հետ կապված առողջական խնդիրներ ունեցող կնոջը չվճարվող արձակուրդ չտրամադրելուն;
  • հղիության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուց հետո աշխատանքից ազատելուն;
  • հղիության հետ կապված առողջական խնդիրներ ունեցող կնոջն աշխատանքի ներկայանալ ստիպելուն;
  • երկու օր աշխատանքի չներկայանալու պատճառով  աշխատանքից ազատելուն և այլն:

 

 

Ինչ վերաբերում է WomenNet.am-ի այն հարցին, թե աշխատանքային իրավունքների վրա համավարակի ազդեցության հետ   կապված քանի՞ բողոք է ստացել ՄԻՊ-ը 2020 թվականին կանանցից և որքանով է համավարակն ազդել այդ վիճակագրության վրա, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2020 թվականին մարտի 16-ից սկսած արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ ստացվել է 111 գրավոր և բանավոր դիմում-բողոք 129 անձից, որից 59-ը ներկայացրել են կանայք:

 

 

«Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրության սահմանափակումների պատճառով առաջացած աշխատանքային խնդիրները հիմնականում առաջացել են մասնավոր ոլորտում: Բողոքները հիմնականում վերաբերել են. հարկադիր պարապուրդի համար աշխատողներին չվճարելուն; գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի ներկայանալու պարտավորեցնելուց՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելով պահանջվող պայմանները; աշխատողի խնդրանքով ամենամյա վճարովի արձակուրդ գործատուի կողմից չտրամադրելուն և այլն:

 

 

 

ՄԻՊ-ի գրասենյակը նաև տեղեկացնում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է գրավոր կարծիք, որում ներկայացված դիտողությունները և առաջարկները բխում են են նաև Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման արդյունքներից:

 

 

 

Լիա Խոջոյան

 

 

 

Դիտումների քանակը` 630

Գլխավոր էջ