Վրաստանում պաշտպանության նախարարի պաշտոնում կին է նշանակվել
Վրաստանում պաշտպանության նախարար է նշանակվել Թինաթին Խիդաշելին: Նա այդ պաշտոնում նշանակված առաջին կինն է Վրաստանում:
Խիդաշելիի նշանակումը վրացական լրատվամիջոցներն արդեն երկրի գլխավոր սենսացիան են որակել: Սովորության համաձայն հատուկ շեշտադրվում է այն փաստը, որ Թինաթին Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի կինն է: Հայտնի է, որ ամուսինները Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամներ են: Ավելի վաղ Խիդաշելին հասարակական մի շարք կազմակերպությունների հիմնադիր է եղել, այդ թվում՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի:
Հիշեցնենք, որ աշխարհում միայն 15 կին է զբաղեցնում պաշտպանության նախարարի պաշտոնը: Վրաստանում տեղի ունեցած նշանակումից հետո արդեն 16 են…
Անցյալ տարվա սկզբին այս լուսանկարը ցնցեց ինտերնետը: Լուսանկարում եվրոպական հինգ երկրների` Ալբանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Նորվեգիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներն են ՆԱՏՈ-ի համաժողովներից մեկում: Առանձնակի հիացմունք և զարմանք էր հարուցել այն, որ նրանք բոլորը կին են: Սակայն քչերին էր հայտնի, որ նրանցից մեկը բազմազավակ մայր է: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը յոթ երեխայի մայր է: Նրանք համեմատաբար վերջերս են նշանակվել և, դատելով մամուլի հրապարակումներից, տղամարդկանցից պակաս չեն քննադատության ենթարկվում և ոչ միշտ են համապատասխանում «աղավնու» կերպարին:
Դիտումների քանակը` 3114