Մարիամ Աղաջանյանի «Mini me» տիկնիկները

Մարիամ Աղաջանյանը տարիներ շարունակ հաջողությամբ բավարարում է բոլորիս մշտական ցանկությունը` մտերիմներին օրիգինալ նվեր մատուցելու հարցում: Մարիամի  handmade «Cute-ik» ապրանքանիշը և նրա տիկնիկները արդեն վաղուց լքել են համացանցի տիրույթն ու ճանաչելի են նաև սոցիալական ցանցերից դուրս, իսկ սա անշուշտ հաջողության վկայություն է: Իսկ ամեն բան սկսվել է պատահական…

 

«Ընկերներիցս մեկը մեկնում էր ԱՄՆ սովորելու և չգիտեի, թե ինչ նվիրեի որպես հիշողություն: Արդյունքում պատրաստեցի մեզ` չորս ընկերներիս տիկնիկների տեսքով: Դրանից հետո ընկերներիցս շատերը սկսեցին խնդրել, որպեսզի իրենց համար ևս տիկնիկներ պատրաստեմ, հետո երկու անծանոթից պատվեր ստացա ու այդպես ժամանակի ընթացքում գործունեությունս դարձավ աշխատանք»,- մեզ հետ   զրույցում պատմեց Մարիամը և ավելացրեց, որ չնայած այն հանգամանքին, որ երկար տարիներ է զբաղվում է այդ գործով ու այն  իրեն եկամուտ է բերում, անչափ սիրում է  իր աշխատանքը  ու  երեւի  դրա համար շարունակում է իր «handmade»-ը հոբբի համարել:

Մարիամը 5 տարեկանից  արվեստի տարբեր ճյուղերի բարեկամն է եղել` զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ, նաև երգ, պար ու թատերական արվեստ: Ավարտելով ճարտարապետական ֆակուլտետը նա իր գործունեությունը ծավալել է մասնագիտական մակարդակով, մասնավորապես զբաղվել ձեռքի աշխատանքի տարբեր տեսակներով` սկսած նկարչությունից  մինչեւ  տարբեր տեսակի տիկնիկներ պատրաստելը: Եվ ամենևին էլ տարօրինակ չէ, որ ժամանակի ընթացքում արվեստը մշտական բնակություն է հաստատել իր առօրյայում.

«Կոնկրետ այն ճյուղը, որով զբաղվում եմ այսօր` տիկնիկներս, ծնվել է 2007-ին: Տարիների ընթացքում պատվերները ավելի են հետաքրքրանում, տիկնիկները, ինչպես և մարդկային ճակատագրերը, չեն կրկնվում: Այնպես որ ես այս հոբբի-գործունեությունից ուղղակի հոգնել չեմ կարող»,- նշեց նա:

 

 

Այս տարիների ընթացքում ամենայուրահատուկ տիկնիկը, որ պատրաստել է, ամենասիրված հայկական մուլտֆիլմի` «Գտնված երազի» պապիկի տիկնիկն է եղել: Պատվերներ է ստանում նաև հայտնի մարդկանցից, այդ թվում և քաղաքական գործիչների կանանցից: Մարիամը մշտական մասնակից է բազմաթիվ ցուցահանդեսների, որոնք վերջին տարիներին այս ոլորտի զարգացմանը զուգահեռ, ավելի հաճախակի են անցկացվում Երևանում: Եվ ամեն անգամ իր տաղավարը նորանորն լուծումներով ու նորանոր ստեղծագործություններով է գրավում` տիկնիկներ, բարձեր, խաղալիքներ և այլն: 

Ընթացքում «Cute-ik»-ից առանձնացավ տիկնիկների ճյուղը` «Mini me»-ն: Սա առավել շատ սիրված ճյուղն է ու նաև ճանաչելի: Ու թեև գործունեությունը, որ ազատ ժամանակի մեծ մասն է զբաղեցնում, արդեն տաս տարուց ավելի պատմություն ունի, միակ բանը, որ ափսոսում է Մարիամն այսօր նա է, որ ժամանակին իր ապրանքանիշը չպատենտավորեց, որպես այս ոլորտի պիոներ: Բայց, ասում է, այսօր էլ պատրաստ չէ սահմանափակել իր ազատությունը, գրանցել ապրանքատեսակն ու ընդլայնել  արտադրանքը: Իսկ բացի այս, առկա ռեժիմը իրեն հնարավորություն է տալիս ամբողջությամբ նվիրվել ընտանիքին ու որդուն, ով  իր հոբբիի ամենամեծ ֆանատն է.

«Գուցե հետագայում ընդլայնեմ գործունեությունը ու արդեն կոչեմ այն հիմնական աշխատանք, բայց այս պահի դրությամբ ինձ համար սա զուտ հաճելի զբաղմունք է, որը նաև եկամուտ է բերում»,- ընդգծեց Մարիամը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2569

Գլխավոր էջ