«Մեր բակը»  հետազոտողի աչքերով

 

Ապրում եմ Երևանի ծայրամասային թաղամասերից մեկում, որտեղից քաղաքի  կենտրոն մեքենայով կարելի է հասնել ընդամենը  15 րոպեում: Բայց երբեմն ինձ թվում է, որ այդ տարածության չափման միավորը իմ ընկալմամբ ու մեր բակում ապրողների համար տարբեր հարթություններում է, և կենտրոնը շատերի համար այլընտրանքային իրականություն է` իր առօրյա կյանքով, ժամանցի կենտրոններով ու անցուդարձով:

 

Մեր բարձրահարկ շենքի բնակիչների  ժամանցը  հիմնականում սահմանափակվում է  բակով: Հատկապես ամառը կարելի է տեսնել գրեթե նույն պատկերը` տղամարդիկ նստած են բակի զարդ հանդիսացող տաղավարում (բեսեդկայում)` գարեջուր խմում, թղթախաղի կամ նարդու շուրջ կամ փոքր-ինչ այն կողմում ավտոմեքենայի բաց դռներից լսվող բարձր երաժշտության ներքո ինչ-որ կարևոր քննարկում վարում, իսկ կանայք զբաղված են երեխաներին հետևելով, իրար հետ զրուցելով  և արևածաղիկն էլ նրանց օգնականն է այդ գործում:  Տարիների ընթացքում այս պատկերը մնում է անփոփոխ, ավելին, համոզված եմ, իրավիճակը նույնն է Երևանի շատ բակերում: Կարծես թե` ժամանակը կանգ է առել, և փոխվում են միայն դերակատարները…

 

«Ներսի» և «դրսի» սկզբունքը

 

Ասել է թե, նման ժամանցը պահպանվում է ավանդույթի ուժով, ընդ որում նույն ուժով  պահպանվում են նաև դրա կազմակերպման հարցում որոշում կայացնելու տղամարդկանց ու կանանց դերերը, այսինքն որոշում կայացնողները հիմնականում տղամարդիկ են:

Ինչպես փաստում է , վերջերս  World Vision –Հայստան կազմակերպության կողմից անցկացված  «Առօրյայի անտեսանելի կողմը. Գենդերային կարծրատիպերը կենցաղում» հետազոտությունը,  ինչպես աշխատանքների իրականացման և որոշումների կայացման դեպքում, ժամանցի կազմակերպման ժամանակ ևս գործում է «ներսի» և «դրսի» սկզբունքը.

« Դրսի հանրային տարածքներն ազատորեն օգտագործվում են տղամարդկանց կողմից, այսինքն՝ տղամարդկային են, մինչդեռ միակ տարածքը, որտեղ կանայք կարող են ազատորեն կազմակերպել իրենց ժամանցը՝ տան ներսի տարածքն է»:

Մեր բակում ապրող  ընտանիքների մեծամասնության համար անընդունելի է, եթե կինը որոշի ինքը կազմակերպել իր ժամանցը, ընտրի  թե ո՞ւր է ուզում գնալ կամ աշխատանքից ու առօրյա հոգսերից հոգնած, առաջարկի ընթրել ոչ թե տանը, այլ ինչ-որ սրճարան-ռեստորանում: Հատկապես սկեսուր-սկեսրարի հետ ապրող ընտանիքներում այդ առաջարկը բախվում է անհասկացվածության մի պատի կամ ուղղակի նեղացվածության, թե` «ինչո՞ւ մի տան մեջ չընթրել, էս ինչ նորություն է», ինչն էլ հավելյալ կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ…

Հետաքրքիր է, սակայն փաստ,  Երևանի կենտրոնից  ոչ այնքան հեռու գտնվող  մեր բակի բնակիչների ժամանցն ավելի շատ նման է  գյուղական տարածքներին հատուկ առօրյային, որտեղ  ժամանցի կազմակերպման վայրերը բաժանված են ըստ սեռերի, ընդ որում՝ դրանք հիմնականում համարվում են տղամարդկային: Ինչպես նշում են հետազոտողները,  գյուղական համայնքներում դրանք այն տարածքներն են, որտեղ հավաքվում են տղամարդիկ՝ զրուցելու կամ որևէ խաղ՝ շախմատ, նարդի, թղթախաղ խաղալու նպատակով:

«Գյուղական համայնքներում կանանց համար նախատեսված ժամանցի վայրեր չկան, դրանք միայն տան տարածքներն են, որտեղ հավաքվում են սուրճ խմելու: Ընդ որում՝ կանայք ևս քայլեր չեն նախաձեռնում ՝ համայնքային տարածքները զուտ տղամարդկային դիտարկելու կարծրատիպը փոխելու ուղղությամբ»,- նշվում է «Առօրյայի անտեսանելի կողմը» հետազոտության մեջ:

 

Սոսն ու Նարինեն  բուռն քննարկումների թիրախում են

 

Մեր բակի օրինակն ապացուցում է, որ պարտադիր չէ ապրել գյուղական համայնքում, որպեսզի այս չգրված, բայց արմատավորված կանոնները տարածվեն կանանց վրա:  Արդարության համար նշենք, որ մեր շենքում  ապրող ընտանիքների մեջ կան նաև այդ կանոններից  բացառություններ…   Սոսն ու Նարինեն  մեր շենքում ընդամենը մի քանի ամիս են բնակվում, այն էլ` վարձով, բայց վերջին ամիսներին բուռն քննարկումների թիրախում են: Երիտասարդ այս ընտանիքը ապրում է մեր շենքի կանոններից դուրս`երկուսն էլ աշխատում են, կինը հաճախ տուն վերադառնում է տաքսիով ,  դրսում միասին  ժամանակ անցկացնելը նրանց կողմից ավելի ընկալելի է, քան տանը: Այս ընտանիքի անցուդարձի մասին քիչ բան է հայտնի, քանի որ ամուսինը սովորություն չունի շաբաթ օրերը մեքենան բակի ցայտաղբյուրի մոտ լվանալ (իսկ դա մի մեծ արարողություն է շաբաթ-կիրակի օրերին շենքի տղամարդկանց համար), կինն էլ չի սիրում արևածաղիկ ու հարևանի կանանց հետ սուրճի շուրջ զրույցներ: Դժվար է ասել, թե ինչ են իրականում  մտածում մեր շենքի երիտասարդ կանայք Նարինեի մասին, բայց  երբ երեկոյան Նարինեն կտկտացնելով իր բարձրակրունկները իջնում է տաքսիից ու մտնում շքամուտք, բոլորը միահամուռ կերպով սկսում են քննադատել նրան…  Եվ սա այն հարցն է, որում միակարծիք են թե’ հարսները, թե’ սկեսուրները, թե’ տղամարդիկ:

 

Աննայի  ընտրությունը` «կամ-կամ»

 

Աննան` հարևանուհիս, 27 տարեկան է: Նա արդեն երկու մանկահասակ երեխաների մայր է` որդին ու դուստրը ծնվել են մեկ տարվա տարբերությամբ: Մինչ ամուսնանալը Աննան եղել է բուժքույր ատամնաբուժական կլինիկայում, հղիանալուց հետո, սկեսուրի պահանջով, թողել աշխատանքը, որպեսզի զբաղվի երեխաներով: Աննան ապրել է կենտրոնում. սրճարաններ ու ռեստորաններ գնացել է, երբեմն `կինո, բայց ամուսնանալուց հետո թե’ ընկերուհիները, թե’ ժամանցի վայրերը իր համար վերածվել են անցյալի մասին հիշեցնող հուշերի: Իհարկե, հիմա էլ նա գնում է սրճարաններ ու ռեստորաններ, բայց միայն ամուսնու կամ ընտանիքի այլ անդամների ուղեկցությամբ ու հատուկ առիթներին: Աննան երազում է վերադառնալ աշխատանքի, բայց դեռ հնարավորություն չունի. ճիշտ է, երեխաները մանկապարտեզ են հաճախում, բայց սկեսուրը չի թույլատրում, որպեսզի հարսը գնա աշխատանքի, «տնից շատ դուրս ու ներս անի».

«Ես համոզված եմ, որ երիտասարդ ընտանիքները, ինչքան էլ դժվար լինի, պիտի առանձին ապրեն, որպեսզի իրենք տնօրինեն իրենց օրը: Այս տարի մարտի 8-ի տոնը շենքի սկեսուրները որոշեցին, որ պետք է անցկացնենք բոլորս միասին մի ռեստորանում ու ոչ ոք չառարկեց: Այսինքն, անգամ այն եզակի օրերը, որ ես պետք է իմ ամուսնու հետ անցկացնեմ, դա էլ իմ փոխարեն որոշվեց այլ կերպ կազմակերպել: Եվ ոչ մեկս ոչինչ չասաց, ի՞նչ ասենք»,- պատմում է  նա:

Չամուսնացած կանանց նա նախանձում է: Ասում է`լավ է, որ ամուսին ունի, սիրում է նրան, երեխաներն էլ կյանքի իմաստն են, բայց երբ կինը ամուսնացած չէ, նա կարողանում է ինքը տնօրինել իր կյանքը: Աննայի կարծիքով, Հայաստանում կանայք միշտ ընտրություն պետք է կատարեն «կամ-կամ»-ի միջև` կամ ընտանիք, կամ հագեցած կյանք` աշխատանք, կարիերա, ճամփորդություններով և այլն: Գոնե իր  շրջապատում շատ քիչ կանայք կան, որ կարողանում են այդ ամենը համատեղել, ու նկատել է, որ ավելի շատ այդպիսի կանայք ժամանակի ընթացքում մնում են միայնակ:

 

Սեդայի ընտանիքում  որոշում կայացնողը սկեսուրն է…

 

Հայ տղամարդիկ վախենում են որոշում կայացնող կանանցից, բայց միևնույն ժամանակ նրանց մեծամասնությունը  ամբողջ կյանքում ենթարկվում են մի կնոջ, ով իրենց փոխարեն որոշումներ է կայացնում՝տարիքով մեծի իրավունքով: Խոսքը սկեսուրների մասին է, ովքեր  իսկապես որոշում են կայացնում իրենց որդիների փոխարեն, հատկապես երբ ապրում են վերջինիս նորաստեղծ ընտանիքի հետ մի հարկի տակ: Այդ իրավիճակը անխուսափելիորեն բացասաբար է ազդում սկեսուր-հարս փոխհարաբերությունների վրա:

 

Մեր շենքի Կարենը 40 տարեկանում ամուսնացավ երրորդ անգամ: Առաջին կնոջը փախցրել էր, երբ վերջինս դեռ ուսանողուհի էր: Բնականաբար, սկեսուրը նրան չընդունեց` ինչո՞ւ պիտի Անիկին մատով ցույց տան ու ասեն, որ տղեն տենց հարս բերեց, ոչ թե մարդավարի ու ըստ ավանդույթների: Նորաստեղծ ընտանիքը դատապարտված էր, թեև, ինչպես պնդում են մեր բակի բնակիչները՝  Կարենն իր երեք կանանցից ամենաշատը սիրել է հենց ժպտերեսիկ առաջին կնոջը: Նրա երկրորդ կինը դարձյալ երիտասարդ էր, բայց արդեն ինստիտուտն ավարտած էր  ու մագիստրատուրա էր  ձգտում, բայց սկեսուր-մայրիկն ասաց, որ հարսը պիտի հարսություն անի, երեխա բերի-մեծացնի, Կարենն էլ ընտանեկան «ռասպորյադոկին» չէր խառնվում` առավոտ գնում էր Ոսկու շուկա, որտեղ զբաղվում էր ոսկերչությամբ, երեկոյան ուշ հոգնած վերադառնում ու բազմոցին քնում հեռուստացույցի դիմաց: Երկրորդ կինն ինքը որոշում կայացրեց ամուսնալուծվել, երբ հասկացավ, որ ամուսնացած է ամուսնու մոր հետ, ով  իրեն «օր ու արև չի տալիս, մարդն էլ չի խառնվում»:

 

Հարևանների համար բոլորովին էլ զարմանալի չէր, որ երրորդ կնոջը՝ Սեդային,  Կարենի համար ընտրեց հենց մայրիկը` ինչ-որ ազգականի աղջիկ , որ ապրում էր Գորիսում: Կարենը նույն կերպ ամեն առավոտ գնում էաշխատանքի, երեկոյան քնում բազմոցին, հեռուստացույցով օրվա մեծ մասը հնդկական սերիալներ են, երրորդ կինն էլ արդեն մեկ որդի է ունեցել, բայց դաստիարակությամբ` թե’ իր, թե’ երեխայի, զբաղվում է բացառապես սկեսուրը: Հարսն էլ դեռ չի առարկում և գուցե այս անգամ Կարենի  ընտանիքը երկար կյանք ունենա:

 

Ի դեպ,  «Առօրյայի անտեսանելի կողմը»  հետազոտության հեղինակների դիտարկմամբ,  հարս-սկեսուր բախումների հիմքում միայն սերունդների բախումը չէ. «Դեռ մի քանի դար առաջ, ինչպես վկայում են ազգագրական նյութերը, կնոջ կարգավիճակը փոխվում է արդեն միջինից բարձր տարիքային խմբերում, երբ կինը սկսում է մասնակցել ընտանիքում որոշումների կայացմանը: Այսինքն` այդ տարիքից սկսած՝ կինն անցնում է տղամարդկային բևեռ և կարող է մասնակցել տղամարդկային որոշումների կայացմանը: Սկեսուրի կարգավիճակ ունեցող կինը սկսում է պաշտպանել տղամարդու իշխանությունը և հարսին թույլ չտալ, որ վերջինս խախտի ընտանիքում առկա այդ աստիճանակարգությունը: Սկեսուրի կարգավիճակ ունեցող կինը սկսում է պահել իրենց ընտանիքի այն մոդելը, որը տղամարդակենտրոն է, և որտեղ պետք է իշխի տղամարդը»,- փաստում է   հետազոտությունը… Եվ  մեր բակի ընտանիքները, ինչպես նաև մեզ շրջապատող ընտանիքների զգալի մասը ապացուցում է այդ ճշմարտությունը…..

 

Լիա Խոջոյան

 

 

Դիտումների քանակը` 2793

Գլխավոր էջ