«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

1915թ. Էրզրում քաղաքում թուրքերի կողմից ոչնչացված Գրիգորյանների գերդաստանի մասին պատմող «Մեծ մամիս հուշերը» գիրքը  օրերս  ներկայացվեց հանրությանը  հեղինակի՝  Հերիքնազ Կարապետյանի կողմից, ով  գրքի գլխավոր կերպարի ծոռնուհին է:

 

«Դեռ մանկության տարիներից, ես այս հիշողությունները լսել եմ մեծ մամիցս, իսկ հետագայում արդեն տատիկիցս, եւ այնքան խորը տպավորություն են թողել ինձ վրա, որ ես 12 տարեկանում որոշեցի մանրակրկիտ ձեւով գրի առնել: Գրքում պատմվում է մի հասարակ գերդաստանի՝ Գրիգորյանների մասին, թե ինչպես է մի ամբողջ գերդաստան ոչնչացվել թուրքերի կողմից Էրզրում քաղաքում: Այդ ոճրագործությունից փրկվում է միայն մեծ մամս եւ տատիկս, որն այդ ժամանակ 6 տարեկան էր»,- ասաց գրքի հեղինակը՝ նշելով, որ մանրամասնորեն ներկայացվել է թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվող վայրագությունները, նաեւ՝ գաղթի ճանապարհը, որը բռնել էր նաեւ նրա մեծ տատը:

 

Հերիքնազ Կարապետյանի խոսքով՝ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հասարակ ընտանիքների պատմությունները:

 

«Այս օրերին, երբ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է վարում, ես որոշեցի հենց այս պահին «Մեծ մամիս հուշերը» գիրքը ներկայացնել հասարակության դատին եւ այդ պատմությամբ ուզեցի կոչ անել այն բոլոր հայերին, ովքեր վերապրել են նմանատիպ պատմություններ, թող խոսեն, բարձրաձայնեն ի լուր աշխարհի, որպեսզի կարողանանք ապացուցել, որ իսկապես հայերի ցեղասպանություն տեղի ունեցել է»,- ասաց գրքի հեղինակը՝ ավելացնելով, որ գրքում ներկայացված են նաեւ պատմական փաստեր:

 

Նշենք, որ «Մեծ մամիս հուշերը» գիրքը լույս է տեսել 300 օրինակով: Գիրքը թարգմանվել է նաեւ ռուսերեն եւ անգլերեն,  սակայն դեռեւս աջակցություն չունենալու պատճառով, հրատարակվել է միայն հայերեն տարբերակը:

 

Աղբյուրը՝ NEWS.am

Դիտումների քանակը` 4872

Գլխավոր էջ