Մելանյա Եփրեմյան. Վարդենիսում «հեղափոխություն» արած կինը
Մասնագիտությամբ մանկավարժ Մելանյա Եփրեմյանն ապրում է Վարդենիս քաղաքում: Երկար տարիներ աշխատել է կրթության ոլորտում, իսկ 2003թ.-ին հիմնադրել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների «Աստղավարդ» հասարակական կազմակերպությունը: Դրա շրջանակներում Վարդենիսում ստեղծվել է «Մանկան զարգացման կենտրոնը», որտեղ այս տարիներին ոչ միայն անվճար վերականգնողական բուժում ստանալու, այլև իրենց ժամանցը կազմակերպելու հնարավորություն են ստացել Վարդենիս քաղաքի ու հարակից համայնքների երեխաները:
Իմ ընտանիքի վրա զգացի, թե ինչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաները` հատկապես մարզերում
Մելանյա Եփրեմյանը 15 տարիների ընթացքում աշխատել է Վարդենիսի բժշկական քոլեջում՝ որպես փոխտնօրեն: 2003 թ.-ին ծնվել են նրա երկվորյակ թոռները: «Ծնվելուց մի քանի ամիս անց պարզվեց, որ երեխաներն ունեն մանկան ուղեղային կաթված, ինչը հանգեցնելու է հենաշարժողական ֆունկցիայի խանգարման: Սկսվեցին անընդհատ այցելությունները հիվանդանոցներ, վերականգնողական կենտրոններ: Տղաներին երկարատև բուժում էր սպասվում»,- հիշում է Մելանյա Եփրեմյանը:
Տարվա մեջ 4 անգամ` մեկ ամիս տևողությամբ, ընտանիքի անդամները երեխաների հետ պետք է տեղափոխվեին Երևան` վերականգնողական բուժում ստանալու: «Այդ ամիսներին մենք հյուծվում էինք թե´ հոգեպես ու ֆիզիկապես, թե´ ֆինանսապես` տրանսպորտ, բուժման վճար, վարձով բնակարան… Երեխաներն էլ էին շատ տանջվում, քիչ-քիչ մեծանում էին ու հասկանում, որ նորից եկել են մի օտար տեղ` սա իրենց տունը չէ, իրենց բակը չէ»,- պատմում է Մելանյա Եփրեմյանը:
Նրա թոռներին առաջին անգամ վիրահատեցին 6 տարեկանում, հետո կրկնում վիրահատությունը 12 տարեկանում: «Այդ խնդրի դեպքում բուժումն անընդհատ է` մարզիկների նման, եթե մի վարժությունն անընդհատ չանես` ձեռքբերումներդ կկորցնես: Ես իմ ընտանիքի վրա զգացի, թե ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները` հատկապես մարզերում: Քանի որ մասնագիտության ու աշխատանքի բերումով շատ մարդկանց էի ճանաչում, գիտեի` Վարդենիսում շատ կան նման խնդիրներ ունեցող երեխաներ ու այս հարցում, կարծես, խավար լիներ: Հաճախ իմանում էի, որ Երևան տանելու, վերականգնողական բուժումն այնտեղ ստանալու հնարավորություն չունեցող ընտանիքները հենաշարժողական խնդիր ունեցող երեխայի ոտքին, ասենք, բուրդ էին կապում, ճարպ էին դնում, փորձում էին բուժել ժողովրդական տարբերակներով, ինչը, հաճախ, ավելի էր վատացնում վիճակը: Այդ ամենի շուրջ շատ էի մտածում ու որոշեցի` պետք է վերականգնողական կենտրոն ստեղծել հենց Վարդենիսում»,- պատմում է տիկին Մելանյան:
Խնդիր ունեցող երեխաների մասին, ցավոք, նախընտրում են լռել
2004 թ.-ին Վարդենիսի քաղաքապետարանը Մելանյա Եփրեմյանի հասարակական կազմակերպությանը հատկացրեց տարածք, որպեսզի այնտեղ հնարավոր լինի վերականգնողական կենտրոն հիմնել: «Տարածքը վերանորոգեցինք դրամաշնորհների, նվիրատվությունների միջոցով, հարմարեցրեցինք այն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ու որոշեցինք կոչել «Մանկան զարգացման կենտրոն»: Այդ անվանումն ընտրեցինք, քանի որ մարզերում դեռ շատ մարդիկ ու ընտանիքներ բարդույթավորված են ու, ցավոք, խնդիր ունեցող երեխաների մասին, հիմնականում, նախընտրում են լռել: Մենք, իհարկե, մեծ շարժ ենք արել այս ուղղությամբ, շատ բան հաղթահարել ենք, բայց կենտրոնը կոչեցինք «Մանկան զարգացման կենտրոն», որովհետև ցանկանում էինք, որ այստեղ հաճախեն ոչ միայն երեխաները, որոնք որոշակի խնդիր ունեն, այլև մյուսները»,- պատմում է Մելանյա Եփրեմյանը:
Նա հիշում է` սկզբում շատ բարդ էր ընտանիքներին բացատրել, որ կենտրոն հաճախելը դրական կազդի իրենց երեխաների վրա: «Բոլորի տուն անձամբ այցելել եմ. մեկը կոպտել է, մյուսը տարիքս, հեղինակությունս հարգելով` չի կոպտել, բայց էլի թերահավատորեն է մոտեցել, մյուսին համոզել եմ, մյուսի հետ լացել ու ուրախացել: Ես իմ բնավորությամբ այսպիսին եմ` կամ չեմ անում ինչ-որ բան, կամ, եթե սկսել եմ, պիտի անեմ մինչև վերջ ու լիարժեք: Գիտեի` հիմա չեն հասկանում, բայց հետո իրենց երեխաների վրա կզգան դրական առաջընթացը: Արդյունքում՝ մոտ երեսուն ծնող հավաքվեց, որ կողմ էին ու աջակցում էին կենտրոնը հիմնելու գաղափարին»,- ասում է տիկին Մելանյան:
Կենտրոնում երեխաները գիտակցում են` անկախ ֆիզիկական հատկանիշներից, իրենք բոլորը հավասար են
Մելանյա Եփրեմյանը հիշում է` ի սկզբանե չի ցանկացել, որ կենտրոնը հիվանդանոցի վերածվի: Նա ընդգծում է` «Մանկան զարգացման կենտրոն»-ում ոչ թե բուժվում են, այլ զարգանում` ամեն երեխա՝ իրեն անհրաժեշտ ուղղությամբ. մեկը ֆիզիոթերապիա է ստանում, մյուսը` ձեռագործություն սովորում, երրորդն էլ` լոգոպեդի հետ աշխատում:
«Ես համոզված եմ` նման կենտրոնները պետք է ներառական լինեն, այդ բառի ամենաճիշտ իմաստով: Մեզ մոտ հավասարաչափ գալիս են և որոշակի խնդիրներ ունեցող երեխաներ, և պարզապես տարածաշրջանի երեխաները: Բոլորը միասին ինչ-որ գործունեություն են անում: Ունենում ենք ցերեկային ճամբարներ, որտեղ երեխաները միասին հերթապահություն են կատարում, ասենք` ճաշարանում: Եթե երեխաներից մեկին անհարմար է, օրինակ, ափսեները շարել, ապա նրան հանձնարարում ենք որևէ այլ գործողություն անել: Երեխաներից ամեն մեկն էլ շատ բան է կարող, եթե իրեն ճիշտ հանձնարարություն տաս կամ ճիշտ ձևով խաղում ընդգրկես: Ոչ ոք առանց գործ չի մնում ու այդ պատճառով բոլոր երեխաներն իրենց գնահատված ու կարևոր են զգում,- ասում է տիկին Մելանյան ու ավելացնում,- Պիտի տեսնեք երեխաների հրճվանքն, ովքեր ունեն հենաշարժողական խնդիր, բայց մյուս երեխաներին հավասար սպորտային մրցման են մասնակցում»:
Բացի այդ, ըստ նրա, սա ճիշտ է դաստիարակում բոլոր երեխաներին: Նրանք հասկանում են` ոչ մեկը մյուսից ոչնչով առավել կամ պակաս չէ: «Երեխան տեսնում ու ինքնուրույն հասկանում է, որ անվասայլակին նստած երեխան նույն ինքն է: Իրենք էլ են օրինակները սկսում բերել` «վա՜յ, ես ցածրահասակ եմ, նա` բարձրահասակ, մեկիս ականջները մեծ են, մյուսինը` փոքր» ու իրենք գիտակցում են, որ նույնն են` ֆիզիկական հատկանիշները կապ չունեն: Այս մտածողությամբ երեխաներն ամեն մեկը գնում է իր համայնքի դպրոցը, իր դասարանը` տարածելով այն: Կարծես, փոքրիկ հեղափոխություն արվի մարդկանց մտածողությունում»,- ասում է տիկին Մելանյան:
Նրա խոսքով` կենտրոնի հիմնումից հետո շատ բան է փոխվել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներում. «Ցավով եմ ասում, բայց նախկինում այդ ընտանիքները կամաչեին, օրինակ, անվասայլակով աղջիկ երեխային նույնիսկ դուրս հանել, իսկ հիմա միասին գալիս են Վարդենիս, մասնակցում միջոցառումների, բեմ բարձրանում: Ես այդ ընտանիքներին միշտ ասում եմ` մի կոմպլեքսավորեք ձեր երեխային: Այո, միգուցե նա անվասայլակի վրա է ու չի կարողանում, օրինակ, վազել, բայց հիանալի նկարում է, երգում, գորգ գործում` մի կոտրեք նրան: Այս երեխաների համար հատկապես կարևոր է ընտանիքի աջակցությունը` ճիշտ աջակցությունը»,- ասում է տիկին Մելանյան ու պարզաբանում.
«Ճիշտ, որովհետև չափից դուրս գուրգուրանքն էլ է վնասում այս դեպքում: Հատկապես, եթե մեկից ավելի երեխաներ ունեք, երբեք պետք չէ հատուկ վերաբերվել խնդիրներ ունեցող երեխային: Պետք չէ մյուս երեխաներին ասել, որ ամեն ինչում զիջեն նրան կամ չափից շատ ուշադիր լինեն: Նրանք բոլոր երեխաների նման երեխաներ են, եթե սխալ բան են անում` զայրացեք նրանց վրա հավասարաչափ, ինչպես կանեիք մյուս երեխայի դեպքում: Սա է ներառումը հասարակություն: Երեխան իրեն առանձնացված չի զգա, եթե իրեն հատուկ վատ կամ հատուկ լավ չվերաբերվեն»:
Մելան տատիկի կենտրոնը մագնիս է, ով գալիս է` էլ չի ուզում գնալ
Կենտրոնի հիմնումից հետո Մելանյա Եփրեմյանին Վարդենիսի տարածաշրջանում արդեն ոչ թե որպես երկար տարիների մանկավարժ ընկեր Եփրեմյան են ճանաչում, այլ երեխաների Մելան տատիկ:
«Իմ ընտանիքում եղած օրինակը ստիպեց ինձ, որ հասկանամ խնդիրն ու փորձեմ մյուսներին էլ օգնել: Հիմա երեխաների մեջ ինձ համար որևէ տարբերություն չկա, բոլորի համար ես Մելան տատիկն եմ: Ֆիզիկապես հոգնում եմ, բայց աննկարագրելի դրական էներգիա եմ ստանում, երբ ինձ զանգահարում են որևէ ընտանիքից ու ասում` գիտեք, երեխան արդեն սկսել է ինքնուրույն գդալը բռնել»,- պատմում է տիկին Մելանյան:
Ինչ վերաբերում է կենտրոնում աշխատող ֆիզիոթերապևտներին, ձեռագործ խմբակների վարիչներին ու մյուսներին` բոլորն աշխատում են կամավորության սկզբունքով և վարձատրվում են միայն, եթե կենտրոնին որևէ դրամաշնորհ է տրամադրվում:
Վարդենիսի «Մանկան զարգացման կենտրոնը» չունի նաև պետական աջակցություն. «Այս ամենից անկախ, մեր կենտրոնը որևէ օր չի փակել իր դռները: Հիմա ունենք նաև կար ու ձևի և գորգագործության խմբակներ, ցանկանում ենք երեխաներին հետագա կյանքի համար որոշակի հմտություներ սովորեցնել: Բացի այդ գորգագործությունը շատ հարմար է մատների մոտորիկան զարգացնելու համար: Այս ամենում ընդգրկում ենք նաև երեխաների ծնողներին: Այս տարածաշրջանում բարձր է աղքատության ցուցանիշը, երեխաների ծնողներին էլ ենք կարել, գործել սովորեցնում, որպեսզի քանի դեռ երեխային բերել են կենտրոն, իրենք էլ որևէ գործ անելու հնարավորություն ունենան: Երբեմն նրանց կարվածքները կամ գործածները կարողանում ենք վաճառել, իսկ եթե դա էլ չէ, ապա գոնե սովորեցնում ենք, որպեսզի այդ հմտությւոններն իրենց ընտանիքի համար կիրառեն: Կենտրոնն այսօր ոնց որ մի մեղվի փեթակ լինի ու ով գալիս է ասում է` «Մելան տատիկը կենտրոնը` մագնիս, գալիս են ու չեն ուզում գնալ»,- ծիծաղում է Մելանյա Եփրեմյանը:
Ստեղծման օրվանից Վարդենիսի «Մանկան զարգացման կենտրոն» այցելել է տարածաշրջանի ավելի քան 450 երեխա: Ինչ վերաբերում է տիկին Մելանյայի թոռներին, տղաները շարունակում են վերականգնողական բուժումը, ծրագրավորում են սովորում ու պատրաստվում մասնագիտական կրթություն ստանալ: Նրանցից մեկը ցանկանում է ֆուտբոլային մեկնաբան դառնալ, մյուսը` լրագրող:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 5682