Ինչպես է լուսաբանվում կանանց նկատմամբ բռնության թեման հայաստանյան մեդիայում. հետազոտություն
2019-2020 թվականներին հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներն ակտիվորեն լուսաբանել են կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնությանն առնչվող խնդիրները, հրապարակումների մեծ մասը, սակայն, եղել են ոչ թե հեղինակային, այլ իրադարձային նյութեր։ Այս և մի շարք այլ եզրահանգումներ տեղ են գտել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի իրականացրած՝ «Կանանց նկատմամբ բռնության լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին» մեդիա հետազոտությունում։
Հետազտության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներում կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման միտումները, վեր հանել դրանց հետ կապված էթիկական և այլ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնել խորհուրդներ լրագրողներին ու լրատվամիջոցներին և առաջարկություններ բոլոր շահագրգիռ կողմերին։
Նշենք, որ «Կինը և հասարակությունը» տեղեկատվական-վերլուծական պորտալը՝ WomenNet.am-ն ուսումնասիրվել է հետազոտության ընտրանքից դուրս՝ հետազոտողների ներկայացմամբ, այն առանձնացվել է որպես կանանց իրավունքների լուսաբանմանն ուղղված հայաստանյան միակ պրոֆեսիոնալ լրատվամիջոց։ «Շուրջ 15 տարի լրատվամիջոցն անդրադառնում է կանանց իրավունքներին, քաղաքական և տնտեսական մասնակցությանը, կանանց հզորացմանը, սեքսիզմին, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնությանը և հարակից այլ թեմաների։ WomenNet.am-ը միակ լրատվամիջոցն է, որն ունի առանձին խորագիր՝ «Դադարեցնե՛նք կանանց նկատմամբ բռնությունը»։ Խորագրի հրամայական շեշտադրումից արդեն իսկ հասկանալի է դառնում, որ այս լրատվամիջոցն ունի հստակ դիրքորոշում կանանց նկատմամբ բռնության անհանդուրժելիության վերաբերյալ և արտահայտում է այն»,- նշել են հետազոտության հեղինակներ Արման Ղարիբյանը և Զարուհի Հովհաննիսյանը։
Նրանք փաստել են, որ հայաստանյան մեդիա դաշտում կան պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք կարողանում են զգայուն թեմաներ լուսաբանել։ Սակայն կան և լրատվամիջոցներ, որոնց էջերում հրապարակվում է կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության վերաբերյալ լրագրողական էթիկայի առումով խնդրահարույց, միակողմանի, մանիպուլյատիվ և կեղծ տեղեկատվություն։
Վերլուծությունն իրականացվել է հետևյալ մեթոդաբանությամբ․ ոլորտին առնչվող գրականությունը համադրվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի իրականացրած մեդիա մշտադիտարկման արդյունքների հետ։ Մշտադիտարկումն իրականացվել է Rumors Monitoring հարթակի օգնությամբ․ բանալի բառերի որոնման շնորհիվ առանձնացվել են հայաստանյան ԶԼՄ-ներում 2019 և 2020 թվականներին հրապարակված կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմային առնչվող բոլոր նյութերը, ապա առանձնացվել են դրանցից չկրկնվող հրապարակումները, որոնք էլ ուսումնասիրվել են։ Նշենք, որ հետազոտողները սահամանփակվել են այն նյութերով, որոնք հայտնաբերվել են որոնողական գործիքի միջոցով։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է հայաստանյան 300 լրատվամիջոցում հրապարակված 739 նյութ։
Հետազոտության քանակական վերլուծությունը ներկայացված է ինֆոգրաֆիկաներով․
Հետազոտության որակական վերլուծությունն իրականացվելիս քննության առարկա են դարձել հետևյալ հացրերը․
- ի՞նչ առիթով է պատրաստվել հրապարակումը,
- արդյո՞ք լրատվամիջոցը նույնությամբ վերարտադրել է մեկ այլ աղբյուրի տրամադրած տեղեկատվությունը, թե՞ կատարել է նաև հեղինակային աշխատանք,
- արդյո՞ք լրատվամիջոցը/լրագրողը սեփական նախաձեռնությամբ է անդրադարձել խնդրին, թե՞ նյութը պատրաստել է որևէ տեղեկատվական առիթով,
- ի՞նչ աղբյուրներից է օգտվել, արդյո՞ք սահմանափակվել է լոկ տվյալ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով, թե՞ փորձել է առավել հանգամանալից անդրադառնալ խնդրին,
- արդյո՞ք դրսևորել է բռնության զոհի արժանապատվության նկատմամբ հարգանք,
- արդյո՞ք հանրայնացրել է բռնության զոհի, բռնարարի անձնական տվյալները, եթե այո, ապա ի՞նչ պարագայում և ինչպե՞ս
- արդյո՞ք նյութում ներառել է բռնության կանխարգելման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչների կարծիքը,
- արդյո՞ք բռնության դեպքերը լուսաբանել է որպես զգայացունց պատմություն, թե՞ առաջնորդվել է «մի՛ վնասիր» սկզբունքով և դիտարկել է կանանց նկատմամբ բռնությունը որպես մարդու իրավունքների խախտում,
- ի՞նչ բառապաշար է գործածել, ինչպիսի՞ տեսանյութեր, լուսանկարներ է տեղադրել նյութում,
- արդյո՞ք լրատվամիջոցը սեփական ռեսուրսներով է պատրաստել նյութը, թե՞ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Հետազոտողներն արձանագրել են, որ լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ արձագանքողի դերում․ թեմային մեծամասամբ անդրադառնում են որևէ տեղեկատվական առիթի դեպքում, հատկապես եթե տեղի է ունեցել ցնցող սպանություն, բռնաբարություն, որը հանրային քննարկումների առիթ է դարձել։ Այլ կերպ ասած՝ լուսաբանումների մեծ մասն ուղղված է լոկ բավարարելու հանրային հետաքրքրասիրությունը, որը զանգվածային լրատվական միջոցների գործառույթներից ընդամենը մեկն է և բնավ ոչ ամենակարևորը։ Իսկ սեփական նախաձեռնությամբ, առանց տեղեկատվական առիթի պատրաստված նյութերը փոքրամասնություն են կազմում։ Այդպիսի նյութերի զգալի մասը պատրաստվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Այսինքն՝ եթե անգամ տվյալ լրատվամիջոցը մտահոգված է կանանց նկատմամբ բռնության խնդրով, այնուամենայնիվ, այն առավել արդյունավետ գործում է, երբ առկա են հավելյալ ֆինանսական ռեսուրսներ այդ թեման հանգամանալից և հետևողական լուսաբանելու համար։ Դրամաշնորհային ծրագրի բացակայության պարագայում կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեման դուրս է մնում հիմնահոս լրատվամիջոցների առաջնահերթությունների ցանկից։
Համաձայն հետազոտության եզրակացության՝ կանանց նկատմամբ ընտանեկան և առավել հաճախ սեռական բռնության թեմայի վերաբերյալ հրապարակված լրագրողական նյութերը հիմնականում զուրկ են փորձագիտական գնահատականից, չկան հղումներ՝ մասնագետներին կամ հետազոտական որևէ աղբյուրի, միջազգային կամ տեղական վիճակագրությանը։ Ավելին, նյութերից շատերում կանանց նկատմամբ բռնությունը չի դիտարկվում մարդու իրավունքների խախտման, խտրականության լույսի ներքո, իսկ կանանց դեմ ուղղված հանցագործությունների լուսաբանումը հիմնականում սահմանափակվում է տվյալ դեպքի մանրամասների ներկայացմամբ՝ առանց երևույթն անվանելու ընտանեկան բռնություն կամ կնասպանություն։
Այսպիսով՝ թեև վերջին տարիներին կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեման արդիական է դարձել հայաստանյան ԶԼՄ-ների համար և փոքրաթիվ ԶԼՄ-ներ և լրագրողներ ցանկանում և կարողանում են խնդրին անդրադառնալ պրոֆեսիոնալ ու գենդերազգայուն մոտեցմամբ, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ թեմայի լուսաբանումը շարունակում է մնալ ոչ հետևողական և հատվածական։ Իսկ քաղաքական դրդապատճառներով թեմայի վերաբերյալ մանիպուլյացիաներն ու կեղծ տեղեկատվության ակտիվ շրջանառությունը, հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների թիրախավորումը խոչընդոտում է թեմայի վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկմանն ու գիտակցության բարձրացմանը։ Այս ամենի հետևանքով կանանց նկատմամբ բռնության թեման մարդու իրավունքների խախտման տեսանկյունից մնում է թերի լուսաբանված։
Իրավիճակի բարելավման նպատակով Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան առաջարկություններ է ներկայացրել բոլոր շահագրգիռ կողմերին, իսկ լրագրողների և լրատվամիջոցների համար ստեղծել է փոքրիկ ձեռնարկ, որում ներառված են խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեման լուսաբանելու վերաբերյալ։
Հետազոտությանը կարող եք ծանոթանալ այս հղումով, իսկ լրագրողների համար նախատեսված ձեռնարկին՝ այս։
Դիտումների քանակը` 952