Մայա Սանդուն՝ Մոլդովայի պատմության մեջ առաջին կին նախագահը
«Պարկեշտ մարդկանց ժամանակը», – այս կարգախոսով Հարվարդի 48-ամյա շրջանավարտ Մայա Սանդուն ջախջախիչ հաղթանակ տարավ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ դառնալով Մոլդովայի վեցերորդ նախագահը:
«Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 57.75%-ը, գործող նախագահ Իգոր Դոդոնի օգտին՝ 42.25%-ը։ Նախագահ ընտրվելու համար բավարար է ստանալ ընտրողների ձայների կեսը։ Գործող նախագահը, որ պաշտոնավարում էր 2016-ի դեկտեմբերից, ընդունել է իր պարտությունը, շնորհավորել Սանդուին։ Ի դեպ, Մոլդովայի պատմության մեջ նա առաջին կին նախագահն է։
Ստացած ձայների քանակով Մայա Սանդուն նոր ռեկորդ է սահմանել։ Բացարձակ թվերով նրան ընտրել է 943 հազար 486 մարդ։ Նախկին ռեկորդը պատկանում էր Մոլդովայի երկրորդ նախագահ Պյոտր Լուչինսկուն (1997-2001 թվականներ), որին 1996 թվականին ընտրել է 919 հազար 800 մարդ։
Սանդուն իր հաղթանակի մասին հայտարարել է, երբ ամփոփված էին ընտրաթերթիկների 97.9 տոկոսը, իսկ ինքը 54.95 տոկոսով առաջատար էր։ Նա նշել է, որ հպարտ է իր թիմով ու բոլոր երիտասարդներով, որոնք մասնակցել են քվեարկությանը։ Սանդուն նշել է, որ իր առաջնահերթ խնդիրը լինելու է Մոլդովայի հասարակության միասնության հարցը։
«Առաջին հերթին մենք պետք է միավորենք այս ընտրությունների արդյունքում տարանջատված հասարակությանը։ Պետք է միավորել երկիրը, որպեսզի կառուցենք տնտեսությունն ու մեր ժողովրդին արտասահմանից տուն վերադարձնենք»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում նա չէր կարողացել ստանալ անհրաժեշտ 50 տոկոս +1 ձայներ։ Նրա օգտին քվեարկել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36.16 տոկոսը, Դոդոնի օգտին՝ 32.61 տոկոսը։
Ո՞վ է Սանդուն
Մայա Սանդուն ծնվել է 1972 թվականի մայիսի 24-ին Մոլդովայի Ռիսիպեն գյուղում։ 1989-1994 թվականներին սովորել է Մոլդովայի տնտեսական կրթության ակադեմիայում, 1995-1998 թվականներին՝ սովորել է Մոլդովայի նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2010-ին ավարտել է Հարվարդի ինստիտուտը։ Տիրապետում է անգլերենին, ռումիներենին, ռուսերենին ու իսպաներենին։ Ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Ըստ Վիքիպեդիայի տվյալների, ապրում է մայրաքաղաք Քիշնևում, 74 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանում։ Վարում է 2007 թվակաի արտադրության Toyota RAV4 մանիշի ավտոմեքենա։
Սանդուն երկար տարիներ քաղաքականություն մեջ է։ 2019 թվականի հունիսի 8-ից նոյեմբերի 19-ը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, մինչ այդ 2012-2015 թվականներին եղել է Լուսավորության նախարարը։ 2010-2012 թվականներին աշխատել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խորհրդական:
Նա որպես կենտրոնամետ ըդդիմադիր ուժերի միասնական թեկնածու մասնակցել է նաև 2016-ին կայացած նախագահական ընտրություններին։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած ընտրությունների առաջին փուլում նա ստացավ քվեների 38.71 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած երկրորդ փուլում ստացավ ձայների 47.89 տոկոսը՝ զիջելով Իգոր Դոդոնին, ով ստացել էր ձայների 52.11 տոկոսը։
Սանդուի ծրագրերի մասին
Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո «Դոլչե Վելլե»-ին տված հարցազրույցում Մայա Սանդուն նշել է՝ ցանկանում է Մոլդովան դուրս բերել աղքատության ճիրաններից, ինչպես նաև հոգ տանել, որ իշխանություններն ուշադրություն դարձնեն քաղաքացիների կարիքներին։
Նա նաև արհեստական է որակել մոլդովական հասարակությունը եվրոպամետների ու ռուսամետների բաժանումը, այն օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Նա նշել է՝ մտադիր է հավասարկաշռված ու պրագմատիկ երկխոսություն վարել բոլոր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի հետ՝ ելնելով Մոլդովայի ազգային շահերից։
«Ես ուզում եմ, որ Մոլդովայի բոլոր քաղաքացիները լավ ապրեն՝ անկախ այն բանից, թե որ լեզվով են խոսում, անլախ նրանց էթնիկական պատկանելիությունից։ Ես պետք է աշխատեմ այն ուղղությամբ, որ մեր երկրում ցանկացած մարդ վստահությամբ նայի ապագային, չմտահոգվի իր և իր ընտանիքի համար»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Մերձդնեստրի խնդրի կարգավորման իր տեսլականին, ապա կին քաղաքական գործիչը նույն հարցազրույցում նշել է՝ նախկին իշխանությունը խնդրի կարգավորման վերաբերյալ ռազմավարական մոտեցում չի ունեցել։
«Իրավիճակը փոխելու առաջին կարևոր քայլը գազային ու էներգետիկ ստբերային բիզնեսի, ինչպես նաև Մերձդնեստրի մաքսանենգների կանգնեցումն է, դրանց շնորհիվ Մոլդովայի կոռումպացված պաշտոնյաները ստանում են անօրինական եկամուտներ»,-ասել է նա։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1312