Զանգվածային բռնաբարություններ Իրաքում

 «Այս պատերազմն անմարդկային է ամեն առումով` գլխատումներ, զանգվածային գնդակահարություններ եւ վտարումներ… Եվ այժմ մենք ստանում ենք լուրեր զանգվածային բռնաբարությունների մասին»: Շվեդական «Kvinna till Kvinna» ֆոնդի թղթակից Ալա Ռիանին Իրաքի Քուրդստան նահանգի մայրաքաղաք Էրբիլից հաղորդում է եզդիների եւ քրիստոնյաների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին: 

 

«Քրդական ուժերը հուսահատորեն կռվում են իրենց անվտանգությունն ապահովելու համար: Երեկ ես ամբողջ օրը հեռախոսով խոսում էի կանանց իրավունքներով զբաղվող ակտիվիստների հետ, նրանք իրենց խորը մտահոգությունն էին հայտնում ընթացող պատերազմի վերաբերյալ: Դողացող ձայնով նրանք իրենց վախն էին արտահայտում, պատմում էին, թե ինչպես են «Իսլամական պետություն» խմբավորման ուժերը ներխուժում իրենց քաղաքներ»:

«Warvin» կազմակերպության ակտիվիստը թղթակցին պատմել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Շինգալ քաղաք ներխուժելուց հետո 200.000 եզդիների ստիպել է բարձրանալ լեռները, որտեղ նրանք պահվում են մեկ շաբաթից ավելի: Ավելի քան 100 երեխա եւ չափահաս մարդ արդեն մահացել է ջրի եւ սննդի պակասից: Չի դադարում փախստականների հոսքը դեպի Քուրդիստան: Ընդհանուր առմամբ 5 միլիոն բնակչություն ունեցող Քուրդիստանը մոտ 1.5 միլիոն փախստական է ընդունել, որոշ քաղաքներում փախստականների թիվը գերազանցում է տեղի բնակչության թվին:

«Kvinna till Kvinna» ֆոնդի թղթակից Ալա Ռիանին բազմաթիվ պատմություններ է լսել կանանց բռնաբարությունների եւ առեւանգումների մասին: «Գեղեցիկ երիտասարդ կանանց ստրկացնում են: Կրկին կանայք օգտագործվում են որպես գործիք եւ նրանց մարմինները բարոյազրկում է թշնամին: Կան համարձակ կանայք, որոնք վկայություն են տալիս իրենց հետ տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները բռնաբարում են նրանց եւ ազատ արձակում, որպեսզի նրանք մյուսներին պատմեմ, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել: Այսպիսով նրանք փորձում են վախեցնել մյուս կանանց, ում դեռեւս հաջողվել է խուսափել բռնությունից»:

 

Թղթակիցը պատմում է կանանց եւ երեխաների զանգվածային գնդակահարությունների, կենդանի հուղարկավորումների: «Վերջին շաբաթում միայն Մոսուլ քաղաքում 500 եզդի կին է առեւանգվել: Նրանց մի մասը վաճառվել են որպես ստրուկներ: Ոչ միայն Իրաքում, Սիրայում եւս «Իսլամական պետությունը» իրագործում է պատերազմական հանցագործություններ` խախտելով միջազգային կոնվենցիաները:

Միջին Արեւելքում կինը ընտանիքի եւ հասարակության խորհրդանիշն է: Բռնաբարել, խոշտանգել եւ ստորացնել նրան նշանակում է նույնն անել նրա ընտանիքի եւ համայնքի հետ»:

 

Ալա Ռիանին ահազանգում է` փախստականներին պետք է փրկել: Նրանք ջրի,սննդի, դեղերի եւ ապաստարանների կարիք ունեն: Հոգեբանական օգնությունը եւս պակաս կարեւոր չէ: Միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը ծայրահեղ անհրաժեշտ է:

 

***

Ինչպես հաղորդում է քրդական Rudaw գործակալությունը  բռնաբարություններ են տեղի ունենում ամեն օր եւ ամենուր՝ մոտակա թփուտներում, տներում եւ բեռնատարներում: Քուրդ եւ եզդի աղջիկները՝ չդիմանալով հոգեկան ապրումներին, մասսայաբար ինքնասպանություն են գործում:  Օրերս հայտնի է դարձել մի պատմություն, երբ ահաբեկիչները 3 աղջկա են գերեվարել եւ ենթարկել բռնությունների: Վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող ճամբար, որտեղ պատսպարվում են եզդի փախստականները, նրանք ինքնասպանություն են գործել:

 


Ինչպես պատմել է տուժածներից մեկի մայրը, աղջիկները չեն կարողացել տանել անպատվությունը եւ հավատակիցներից խնդրել են սպանել իրենց, սակայն որեւէ մեկը ցանկություն չի հայտնել, եւ աղջիկները կյանքին ինքնակամ հրաժեշտ են տվել՝ նետվելով ժայռից:

 

***

Bրիտանական Daily Mail հանդեսը  հաղորդում է,  w8 այս պահին «Իսլամական պետության»  ծայրահեղականների մոտ են գտնվում գերեվարված ավելի քան 1500 կին եւ աղջիկ:

 

Ահաբեկիչները շատերին ստիպողաբար նաեւ «ժամանակավոր կնության» են վերցնում: Հաղորդվում է, որ Սինջար քաղաքը գրավելուց հետո, ահաբեկիչները սպանել են պատանիներին եւ տղամարդկանց, իսկ երիտասարդ կանանց եւ աղջիկներին տարել են իրենց հետ: Շատ ծերեր ու երեխաներ մահացել են՝ մնալով առանց սննդի եւ ջրի:

 

Կան տեղեկություններ, որ 2 շաբաթվա ընթացքում ահաբեկիչները Իրաքի հյուսիսում առեւանգել են ավելի քան 3000 աղջկա, իսկ տղամարդկանց, ովքեր հրաժարվել են իսլամ ընդունել, սպանել են:

 

***

 

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Դոնաթելլա Ռովերան պատմում է, որ ահաբեկիչները չեն խնայում անգամ երեխաներին ու ծերերին, գերեվարում են ամբողջ ընտանիքների:

 

 

Ավաններից մեկի եզդի բնակիչը պատմում է, որ զինյալները տարել են իր 2 հարազատներին՝ Լեյլա եւ Վադհան Խալաֆներին: «Իհարկե, մենք փորձում էինք պաշտպանել մեր ավանը, սակայն չկարողացանք: Նրանք լավ զինված են, իսկ մենք միայն Կալաշնիկով ինքնաձիգեր ունեինք: Ահաբեկիչները սպանեցին 300 տղամարդու եւ գերեվարեցին կանանց: Այժմ միայն Աստված կարող է նրանց փրկել»,- պատմել է եզդի ականատեսը:

 

Զինյալները առանձնացնում են տղամարդկանց եւ կանանց՝ 12-ից փոքր տարիք ունեցող երեխաների հետ: Պատանիներին եւ տղամարդկանց մասսայաբար գնդակահարում են, իսկ այդ պատմությունները հանրությանը հասցնում են հիմնականում պատահաբար ողջ մնացածները:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն»  խմբավորումը  հայտարարել է Իրաքի եւ Սիրիայի տարածքում «Իսլամական խալիֆաթ» ստեղծելու մտադրության մասին: Այժմ ահաբեկիչները հարձակում են գործում Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների ուղղությամբ: Նրանք ոչնչացնում են բոլորին, ովքեր հրաժարվում են լքել սեփական տունն ու կրոնափոխ լինել:

 

Պատրաստեց` Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 4870

Գլխավոր էջ