«Մնացել ենք  տարեցներով,  բա  գյուղում երեխեքի  աղմուկ-աղաղակ  որ չլինի, էլ ինչ գյուղ…»

Սյունիքի  մարզի Անտառաշատ գյուղի  իր բակում հանդիպեցի 88-ամյա Մարուսյա  տատին, ով բնության  հետ  կռիվ  տալով  կարկտահարությունից տուժած  խնձորենիների տակ  թափված մանր խնձորները  հավաքում էր մեծ թասերի մեջ, որ  հետո  օղի  քաշի որդու  հետ: Ինձ  տեսնելիս կորացած  մեջքն ուղղեց ու հրավիրեց նստելու: Զարմացավ, երբ  իմացավ, որ աշխարհից  կտրված ու մոռացված Անտառաշատ  գյուղում  լրագրող է  եկել:

 

Անտառաշատ  գյուղը Կապան քաղաքից  25 կմ  հեռու է, ու Մարուսյա տատն ուրախ էր, որ  որդին՝ 65- ամյա Յուրան Կապանից եկել է իր հետ ապրելու: «Երկու աղջիկ  մեկ տղա ունեմ, աղջիկներս  ամուսանացել են,  մեկը գյուղում է,  մյուսը՝ Կապանում: Որդիս   ամուսնացավ ու  գնաց Մեղրի,  հետո  բաժանվեց, ապրում ու աշխատում էր Մեղրիում,  հետո  գնաց  Կապան,  հազար էի ասում, թող, արի գյուղ,  ախր մենակ եմ  մնացել չորս  պատի  մեջ, քո  կարոտն եմ  քաշում: Վերջը եկավ, հիմա սիրտս  հանգիստ է, միասին ապրում ենք,  գիտեմ, որ  էլ  տղամարդու  ծանր  գործը չեմ անի, ուժս  հատել ա»,-պատմում է Մարուսյան  տատը:

 

Մարուսյա  Թումանյանը  ծնվել  մեծացել է Անտառաշատում: Ծնողները 17  տարեկանում ամուսնացրել են: Երեք  տարի անց սկեսույրը  մահանում է, Մարուսյայի խնամքին թողնելով իր երեք  զավակներին: Դեռ  մայր  չդարձած Մարուսյան  հարկադրված էր  խնամել փոքրիկ տագրոջն ու տալերին: Սկեսրայրին 1947 թվականին  ձերբակալում  և աքսորում են  Ստալինի  հասցեին ասված  «մի  պստիկ»   խոսքի  համար: Երկու տարի անց հերթով  ծնվում են  Մարուսյայի  երեխաները՝  երկու  աղջիկ,  մեկ տղա, ու քանի որ  տան մյուս երեխաները  նրան տոտա էին կոչում,  իր զավակներն էլ  նրանց պես  մորը  տոտա են անվանում առ այսօր. «Աչք են բացել թե  չէ,  դա են  լսել»,-ժպտալով ասում է Մարուսյան  տատը:

 

Սիրո  մասին  խոսելիս թոշնած դեմքը թեթևակի  վարդագունում է. «Ամուսնուս  հետ սիրելով եմ ամուսնացել, ուզում էր փախցնել, չհամաձայնվեցի,  իր  քրոջ  ընկերուհին էի,  ամեն  օր  հետևիցս  ընկած էր,  հետո, որ  համաձայվեցի,  մի  լավ  հարսանիք  արեց: Ամուսանցել եմ,  մի  օթախ ա  եղել,  հետո  ամուսնուս  հետ  տարիներ  շարունակ  տուն ենք  կատուցել, սենյակների թիվն ավելացրել»: Երբևէ  չի տրտնջացել, որ կյանքն իրեն դժվարություններով  լի  բախտ էր  նախատեսել: Վեց  երեխաների  խնամքն ու դաստիարակությունը  համատեղում էր աշխատանքի  հետ,  24  տարի  աշխատել է ջրմուղում, այնուհետև խանութում: Նեղ  տարիներ էին, կյանքը դժվար էր: «Ոչ սովետի  վախտ էր  մի  բան, ոչ հիմա,  լավ  բան  չեմ  տեսել, բայց էսօր հույսով եմ, որ  կյանքը պիտի լավանա, ես  ջհանդամը,  չտեսնեմ ոչինչ,  իմ երեխեքն ու թոռները  թող  տեսնեն…»,- ասում է  Մարուսյա  տատը:

 

Օրը  բացվելու պես  մանրիկ քայլերով մտնում է  հողամաս, հայացքով  վայելում  կարկտից  փրկված լոլիկի,  վարունգի ու լոբու  հատուկենտ թփերը,  դողդոջոտն ձեռերով  հեռացնում ավելորդ  խոտերը,  բայց ծնկների ցավից երկար  չի  կարողնում  մնալ,  վերադառնում,  նստում է ամուսնու  սարքած թախտին,  շունչ առնելու: Որդին  բարկանում է, արգելում մտնել  հողամաս,  բայց սիրտը չի  համբերում,  պարապությունից  վատ  բան  չկա,  մի  բանով  պիտի զբաղվի ՞,  թե  ոչ:

 

Վերջին  կարկտահարությունից ու սելավից տանիքն ամբողջովին  վնասվել է,  վարկ են  վերցրել  նորոգման  համար, իր ու տղայի թոշակը  միասին  կազմում է 90 հազար դրամ,  մեծ մասը  գնում է  վարկի մարմանը,  մի  մասը՝  կոմունալ  վճարումներին, մի  կերպ ապրում են: «Մեր  մեջքը  կարկուտն ա  կոտրում,  սեպտեմբերից  վառարանը վառում ենք, ամեն  ծխին 8 կուբամետր վառելիք են  տալիս,  7 ամիս  ձմեռ ա,  էտ վառելիքն  ի՞նչ կանի մեզ,  չեն էլ թողնում  անտառից  փայտ  բերենք, թափոնն էլ վերջացել ա,  չգիտեմ,  ինչ ենք անելու»: Գյուղի  մասին  պատմելիս Մարուսյա տատը  ցավով է  նշում, որ  եթե  գյուղը  դպրոց ու  մանկապատեզ  չունենա,  էլ  ի ՞նչ  գյուղ: Երեխա  չկա,  եղածը երեք աշակերտ ա,  նրանք էլ  գնում են 3 կմ  հեռավորության  վրա  գտնվող  Օխտար գյուղի դպրոցը:

 

Մարուսյան ցավով է  խոսում  դատարկվող  գյուղի մասին: 140  բնակիչ ունեցող  գյուղում  ձմռանը 15 տան կտուրից է  ծուխ ելնում, մյուսները  հեռացել են Գորիս, Մեղրի, Կապան  կամ Երևան,  ոմանք էլ  ընտանիքներով  մեկնել են Ռուսաստան: Սակայն  ամռանը  մի քանի ընտանիք գալիս են  գյուղ որպես  դաչնիկ: «Բա  գյուղում երեխեքի  աղմուկ-աղաղակ  որ չլինի, էլ ինչ գյուղ,  մնացել ենք  տարեցներով, ամռանն էլի  մեկմեկու երես  տեսնում ենք,  զրուցում,  անցյալը հիշում,  ձյունը որ դրեց, էլ  մարդու երես  չենք  տեսնում» ,-ասում է  Մարուսյան  տատն ու  տխրում,   գարնանն իմանում են, որ  տարեցների  նոսր շարքը  մեկով էլ է  պակասել:

 

Գյուղում  մնացած  հարս ու աղջիկների մասին  սիրով է  խոսում,  լավն են, բայց «Էն ժամանակվա հարսերն ուրիշ էին, հարսն  իրավունք  ունե՞ր սկեսրայրի  դեմ  խոսեր, սկեսուրին  հակաճառեր: Էսօր  բոլորը  ձայները մեկ արած  չեն ուզում  տարեցների  հետ ապրել, ուզում են առանձնանալ, բայց  մեծերից  օգուտից  բացի  վնաս  չկա: Չեն ուզում  հասկանալ,  ախր,  վաղն էլ  իրենք են  սկեսուր դառնալու»,-ասում է  տատն ու հիշում  անցած  ժամանակները, երբ տուն  մտած  հյուրին  սկեսուրն  ինչպես էր  հյուրասիրում,  ամեն  ինչ  տեղը  տեղին,  ու անպայման  թեյի  հետ միասին, այն  ժամանակ  սուրճն  ընդունված չէր: Նա  դա էր տեսել ու  սովորել էր հյուրասիրել  ինչպես  հարկն է:

 

Այսօր  հոդատապը  նեղում է  Մարուսյա  տատին,  գյուղում  բժիշկ  չկա,  Կապան  գնալու հնարավորություն` նույնպես: «Դե,  տարիքս առել եմ,  ոտքս էլ  կցավի,  մեջքս էլ,  հոգիս էլ»:

 

Հրաժեշտից առաջ Մարուսյա  տատը «ջահելներին» առողջություն  մաղթեց, սեր ու միություն, աշխատանք ու բարի  բախտ,  «Ի՞նչ ասեմ,  մեզ էլ՝  վարկերից պրծնենք, եթե իմ երեխեքը  լավ ապրեն , իմ  խիղճն էլ հանգիստ կլինի ու  հարյուր  տարի  կապրեմ»:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1075

Գլխավոր էջ